Գիրք` 9. Ա Թագավորներ

Գլուխ 31

Սավուղի և իր որդիների մահը
   
1․ Եվ փղշտացիները պատերազմում էին Իսրայելի դեմ, և իսրայելացի մարդիկ փախան փղշտացիների առաջ և սպանված ընկան Գեղբուե սարի վրա։
2․ Փղշտացիները հասան Սավուղին ու նրա որդիներին. և փղշտացիները սպանեցին Սավուղի որդիներին՝ Հովնաթանին, Աբինադաբին և Մեղքիսավեին։
3․ Եվ պատերազմը սաստկացավ Սավուղի դեմ, և աղեղնավորները գտան նրան, և աղեղնավորներից ծանր վիրավորվեց։
4․ Եվ Սավուղն ասաց իր կապարճակրին. «Սուրդ հանի՛ր և ինձ խոցի՛ր նրանով, միգուցե այդ անթլփատները գան, խոցեն ինձ և ինձ ծաղրեն»։ Բայց նրա կապարճակիրը չուզեց, որովհետև շատ վախեցավ։ Եվ Սավուղը վերցրեց սուրն ու ընկավ նրա վրա։
5․ Եվ երբ նրա կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ ընկավ իր սրի վրա և մեռավ նրա հետ։
6․ Եվ նույն օրը այսպես մեռան Սավուղն ու նրա երեք որդիները, նրա կապարճակիրը և նրա բոլոր մարդիկ միասին։
7․ Եվ Իսրայելի մարդիկ, որ հովտի այն կողմում էին և Հորդանանի այն կողմում էին, երբ տեսան, թե իսրայելացիները փախան, և թե Սավուղն ու նրա որդիները մեռան, այն ժամանակ թողեցին քաղաքներն ու փախան, և փղշտացիները եկան ու բնակվեցին դրանց մեջ։
8․ Եվ հետևյալ օրը, երբ փղշտացիները եկան սպանվածներին կողոպտելու, գտան Սավուղին և նրա երեք որդիներին՝ ընկած Գեղբուե սարի վրա։
9․ Նրա գլուխը կտրեցին, զենքերը հանեցին. և մարդիկ ուղարկեցին փղշտացիների երկրի չորս կողմը, որ ավետիս տան իրենց կռատներին ու ժողովրդին։ 10․ Նրա զենքերը դրեցին Աստարովթի տանը և նրա մարմինը կախեցին Բեթսանի պարսպից։
11․ Եվ երբ Գաղաադի Հաբիսի բնակիչները լսեցին, թե ինչ էին արել փղշտացիները Սավուղին,
12․ բոլոր քաջ մարդիկ վեր կացան և ամբողջ գիշեր գնացին և Բեթսանի պարսպից վերցրին Սավուղի մարմինն ու նրա որդիների մարմինները, եկան Հաբիս և դրանք այրեցին այնտեղ։
13․ Եվ վերցրին նրանց ոսկորներն ու դրանք թաղեցին Հաբիսում՝ ծառի տակ, և յոթ օր ծոմ պահեցին։