Ուխտի տապանակը փղշտացիների մոտ
1․ Եվ փղշտացիները Աստծու տապանակը վերցրին և այն Աբենեզերից տարան Ազովտոս։
2․ Փղշտացիները Աստծու տապանակը վերցրին և տարան Դագոնի տուն ու դրեցին Դագոնի մոտ։
3․ Հետևյալ օրը՝ առավոտ կանուխ, ազովտացիները վեր կացան և տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջև երեսի վրա ընկել է գետնին. և նրանք բարձրացրին Դագոնն ու դրեցին իր տեղը։
4․ Իսկ հետևյալ օրը՝ առավոտ կանուխ, վեր կացան և տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջև երեսի վրա դարձյալ ընկած է գետնին, և Դագոնի գլուխն ու ձեռքերի երկու թաթերը կոտրտված, ընկած են սեմի վրա, միայն Դագոնի մարմինն էր մնացել։
5․ [Այդ պատճառով էլ Դագոնի քրմերը և Դագոնի տուն բոլոր մտնողները մինչև այսօր Ազովտոսում չեն կոխում Դագոնի տան շեմը]։
6․ Եվ Տիրոջ ձեռքը ծանրացավ ազովտացիների վրա, և կործանեց նրանց և Ազովտոսում ու նրա սահմաններում նրանց հարվածեց թանչքի ուռուցքներով։
7․ Եվ երբ Ազովտոսի բնակիչները տեսան, որ այդպես է, ասացին. «Թող Իսրայելի Աստծու տապանակը չմնա մեզ մոտ, որովհետև նրա ձեռքը ծանրացավ մեզ վրա և մեր աստված Դագոնի վրա»։
8․ Մարդ ուղարկեցին և փղշտացիների բոլոր նախարարներին ժողովեցին իրենց մոտ ու ասացին. «Ի՞նչ անենք Իսրայելի Աստծու տապանակը». և ասացին. «Թող Իսրայելի Աստծու տապանակը փոխադրեն Գեթ». և Իսրայելի Աստծու տապանակը փոխադրեցին Գեթ։
9․ Եվ այն փոխադրելուց հետո Տիրոջ ձեռքը քաղաքի դեմ եղավ և մեծ խռովություն պատճառեց. նա հարվածեց քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչև մեծը, և նրանց վրա երևացին թանչքի ուռուցքներ երևացին։
10․ Այն ժամանակ Աստծու տապանակը Ակկարոն ուղարկեցին. և հենց որ Աստծու տապանակը Ակկարոն մտավ, ակկարոնացիներն աղաղակելով ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը մեզ մոտ բերին, որ մեզ և մեր ժողովրդին մեռցնեն»։
11․ Մարդ ուղարկեցին, ժողովեցին փղշտացիների բոլոր նախարարներին և ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը ե՛տ ուղարկեք, թող վերադառնա իր տեղը, որ մեզ և մեր ժողովրդին չմեռցնի». քանզի մահառիթ մի սոսկում կար քաղաքում, և Աստծու ձեռքը խիստ ծանրացել էր այնտեղ։
12․ Եվ մարդիկ, որ մեռած չէին, պատուհասվեցին թանչքի ուռուցքներով, և քաղաքի աղաղակը դեպի վեր՝ երկինք ելավ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: