Գիրք` 9. Ա Թագավորներ

Գլուխ 7

1․ Եվ Կարիաթարիմի մարդիկ գնացին ու Տիրոջ տապանակը վեր բարձրացրին և բերեցին Աբինադաբի տուն, որը բլրի վրա էր. և նրա որդուն՝ Եղիազարին, սրբագործեցին, որ պահպանի Տիրոջ տապանակը։
2․ Եվ տապանակը Կարիաթարիմ բերած օրից հետո շատ օրեր անցան՝ քսան տարի, և Իսրայելի ամբողջ տունը հառաչեց Տիրոջ հետևից։
   
Սամուելը կառավարում է Իսրայելը
   
3․ Այդ ժամանակ Սամուելը խոսեց Իսրայելի ամբողջ տան հետ և ասաց. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա հեռացրե՛ք օտար աստվածներին և Աստարովթին և ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, պաշտե՛ք միայն նրան, և նա ձեզ կազատի փղշտացիների ձեռքից»։
4․ Եվ Իսրայելի որդիները հեռացրին Բահաղիմին ու Աստարովթին և միայն Տիրոջը ծառայեցին։
5․ Եվ Սամուելն ասաց. «Ամբողջ Իսրայելը հավաքե՛ք Մասփայում, որպեսզի ձեզ համար աղոթեմ Տիրոջը»։
6․ Եվ նրանք հավաքվեցին Մասփայում և ջուր հանեցին ու թափեցին Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և այդտեղ ասացին. «Մեղք գործեցինք Տիրոջ դեմ»։ Եվ Մասփայում Սամուելը Իսրայելի որդիների առաջնորդ եղավ։
7․ Եվ երբ փղշտացիները լսեցին, թե Իսրայելի որդիները հավաքվել են Մասփայում, փղշտացիների նախարարները ելան Իսրայելի դեմ. երբ Իսրայելի որդիները լսեցին, վախեցան փղշտացիներից։
8․ Եվ Իսրայելի որդիներն ասացին Սամուելին. «Մեզ համար անդադար աղաղակի՛ր մեր Տեր Աստծուն, որ մեզ ազատի փղշտացիների ձեռքից»։
9․ Եվ Սամուելը կաթնակեր մի գառնուկ վերցրեց և այն ամբողջովին ողջակեզ մատուցեց Տիրոջը. և Սամուելը Տիրոջն աղաղակեց Իսրայելի համար, և Տերը պատասխանեց նրան։
10․ Եվ մինչ Սամուելը մատուցում էր ողջակեզը, փղշտացիները մոտեցան, որ պատերազմեն Իսրայելի դեմ։ Եվ Տերը բարձր ձայնով նույն օրը որոտաց փղշտացիների վրա, խուճապի մատնեց նրանց, և նրանք Իսրայելի առաջ պարտվեցին։
11․ Եվ Իսրայելի մարդիկ դուրս եկան Մասփայից և հալածեցին փղշտացիներին ու նրանց ջարդեցին մինչև Բեթքովրի տակ։
12․ Եվ Սամուելը մի քար վերցրեց ու կանգնեցրեց Մասփայի և Սենի միջև և նրա անունը դրեց Աբենեզեր՝ ասելով. «Տերը մինչև այս տեղը օգնեց մեզ»։
13․ Փղշտացիները մնացին գլխիկոր և այլևս չհարձակվեցին Իսրայելի սահմանի վրա, և Սամուելի բոլոր օրերին Տիրոջ ձեռքը փղշտացիների վրա էր։
14․ Եվ այն քաղաքները, որ փղշտացիները վերցրել էին Ակկարոնից մինչև Գեթ, նրանք վերադարձրին Իսրայելին, և Իսրայելը նրանց սահմաններն ազատեց փղշտացիների ձեռքից, և խաղաղություն էր տիրում Իսրայելի ու ամորհացիների միջև։
15․ Եվ Սամուելը Իսրայելի դատավորն էր իր կյանքի բոլոր օրերին։
16․ Նա ամեն տարի գնում էր Բեթել, Գաղգաղա և Մասփա, շրջագայում էր բոլոր այդ տեղերում և դատում էր Իսրայելին։
17․ Եվ վերադառնում էր Ռամա, որովհետև իր տունն այնտեղ էր, և այնտեղ դատում էր Իսրայելին. այնտեղ էլ զոհասեղան շինեց Տիրոջ համար։