ԵՂԻԱՆ ԵՐԿԻՆՔ Է ՀԱՄԲԱՐՁՒՈՒՄ. ՆՐԱՆ ՅԱՋՈՐԴՈՒՄ Է ԵՂԻՍԷԷՆ
1. Երբ Տէրը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսէէն գնացին
Գաղգաղա 400:
2. Եղիան ասաց Եղիսէէին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրն ինձ Բեթէլ է ուղարկում»: Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»: Նրանք եկան Բեթէլ:
3. Բեթէլում գտնուող մարգարէների որդիները եկան Եղիսէէի մօտ եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ Տէրը այսօր առնել տանելու է քո մօտից քո տիրոջը»: Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացէք»:
4. Եղիան ասաց Եղիսէէին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրն ինձ Երիքով է ուղարկում»: Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»:
5. Նրանք եկան Երիքով: Երիքովում գտնուող մարգարէների որդիները մօտեցան Եղիսէէին եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ այսօր Տէրը քո տիրոջը առնել տանելու է քո մօտից»:
6. Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացէք»: Եղիան ասաց նրան. Դու այստե՛ղ նստիր, քանզի Տէրը ինձ Յորդանան գետի ափն է ուղարկում»: Եղիսէէն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»:
7. Եւ նրանք երկուսով գնացին: Մարգարէների որդիներից յիսուն հոգի գնաց ու կանգնեց հեռւում, Եղիայի ու Եղիսէէի դիմաց, իսկ սրանք երկուսով կանգնել էին Յորդանան գետի եզերքին:
8. Եղիան առաւ իր մորթէ վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին: Ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ նրանք երկուսով անցան ցամաքով:
9. Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսէէին. Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ Տէրն ինձ քո մօտից չի վերացրել»: Եղիսէէն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրայ լինի»:
10. Եղիան ասաց. «Դժուար բան խնդրեցիր, բայց եթէ քեզնից իմ երկինք բարձրանալու ժամանակ ինձ տեսնես, այդպէս թող լինի, ապա թէ ոչ՝ թող չլինի»:
11. Մինչ նրանք քայլում էին, մի հրեղէն կառք ու հրեղէն երիվարներ երեւացին, նրանց միմեանցից բաժանեցին, եւ Եղիան պտտահողմի մէջ դէպի երկինք վերացաւ:
12. Եղիսէէն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայէլի կառքը եւ նրա հեծեալը»: Եւ այլեւս չտեսաւ նրան: Եղիսէէն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կէս արեց:
13. Նա ձեռքն առաւ Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ: Եղիսէէն վերադարձաւ, գնաց կանգնեց Յորդանան գետի եզերքին,
14. վերցրեց Եղիայի մորթէ վերարկուն, որ գցել էր իր վրայ, խփեց ջրերին՝ ասելով. «Եղիայի Տէ՛ր Աստուած, ո՞ւր ես հիմա»: Նա խփեց ջրերին, ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ Եղիսէէն անցաւ:
15. Երբ Երիքովի մարգարէների որդիները դիմացից տեսան նրան, ասացին. «Եղիայի հոգին իջել է Եղիսէէի վրայ»: Նրանք եկան դիմաւորեցին, երկրպագեցին նրան
16. ու ասացին նրան. «Ահա մեզ՝ քո ծառաների հետ, յիսուն զօրեղ մարդիկ կան, թող գնան ու փնտռեն քո տիրոջը, գուցէ Տիրոջ հոգին նրան վերցնելով նետել է Յորդանան գետի եզերքը կամ մի լերան եւ կամ մի բլրի վրայ: Եղիսէէն ասաց. «Մի՛ ուղարկէք»:
17. Սակայն նրանք այնքան պնդեցին, որ նա ամաչեց ու ասաց. «Ուղարկեցէ՛ք»: Յիսուն հոգու ուղարկեցին, որոնք երեք օր փնտռեցին ու չգտան նրան:
18. Վերադարձան նրա մօտ, իսկ նա Երիքովում էր: Նա ասաց նրանց. «Չէ՞ որ ասացի՝ «Մի՛ գնացէք»»:
ԵՂԻՍԷԷԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԳՈՐԾԵՐԸ
19. Քաղաքի մարդիկ ասացին Եղիսէէին. «Մեր քաղաքում բնակուելը լաւ է, ինչպէս որ տեսնում ես, տէ՛ր իմ. բայց ջրերը վատ են, իսկ հողը՝ անբերրի»:
20. Եղիսէէն ասաց. «Ինձ մի նոր կո՛ւժ բերէք ու այդտե՛ղ դրէք 401»:
21. Բերեցին նրա ուզածը, Եղիսէէն գնաց ջրերի ակունքը եւ այնտեղ աղ գցելով՝ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. «Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ եւ անբերրիութիւն չառաջանան»»:
22. Եւ այդ ջրերը մաքուր դարձան, ու այդպէս է մինչեւ այսօր, ինչպէս որ ասել էր Եղիսէէն:
24. Նա այնտեղից բարձրացաւ Բեթէլ եւ մինչ իր ճանապարհն էր գնում, քաղաքից դուրս եկան փոքրիկ երեխաներ ու ծաղրելով նրան՝ ասում էին. «Բարձրացի՛ր, ճաղա՛տ, բարձրացի՛ր, ճաղա՛տ»:
25. Երբ նա յետ դարձաւ ու տեսաւ նրանց, Տիրոջ անունով անիծեց նրանց՝ նրանց անուանելով յանցանքի եւ ունայնութեան որդիներ: Եւ ահա անտառից երկու արջեր ելան ու այդ մանուկներից քառասուներկու հոգու պատառոտեցին:
26. Եղիսէէն այնտեղից գնաց Կարմելոս լեռը եւ ապա վերադարձաւ Սամարիա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: