Գիրք` 12. Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ

Գլուխ 2

Եղիան երկինք է համբարձվում
   
1. Եվ երբ Տերը Եղիային մրրիկով երկինք էր բարձրացնելու, այդ ժամանակ Եղիան և Եղիսեն գնացին Գաղգաղայից։
2. Եվ Եղիան ասաց Եղիսեին. «Դու այստե՛ղ մնա, որովհետև Տերն ինձ ուղարկում է մինչև Բեթել». և Եղիսեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ գնացին Բեթել։
3. Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեի մոտ և նրան ասացին. «Գիտե՞ս արդյոք, որ այսօր Տերը քո տիրոջը վեր է առնելու քո գլխից»։ Եվ նա ասաց. «Ես էլ գիտեմ, լռեցե՛ք»։
4. Եղիան ասաց նրան. «Այստե՛ղ մնա, Եղիսե՛, որովհետև Տերն ինձ ուղարկում է Երիքով»։ Եվ նա ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ գնացին Երիքով։
5. Երիքովում գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեին և ասացին նրան. «Գիտե՞ս արդյոք, որ այսօր Տերը քո տիրոջը վեր է առնելու քո գլխից»։ Նա ասաց. «Ես էլ գիտեմ, լռեցե՛ք»։
6. Եղիան ասաց նրան. «Այստե՛ղ մնա, որովհետև Տերն ինձ ուղարկում է Հորդանան»։ Նա ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի է քո հոգին, ես քեզ չեմ լքելու»։ Եվ երկուսն էլ գնացին։
7. Եվ մարգարեների որդիներից հիսուն մարդ գնացին և հեռվում կանգնեցին նրանց դիմաց, իսկ նրանք երկուսն էլ կանգնել էին Հորդանանի մոտ։
8. Եղիան վերցրեց իր վերարկուն, ծալեց և զարկեց ջրին. ջուրը բաժանվեց այս կողմ ու այն կողմ, և երկուսն էլ անցան ցամաքով։
9. Եվ երբ նրանք անցնում էին, Եղիան ասաց Եղիսեին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ համար, քանի դեռ քեզնից վեր չեմ առնվել»։ Եղիսեն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վրա»։
10. Եվ նա ասաց. «Դժվար բան խնդրեցիր. եթե քեզնից վեր առնվելիս դու ինձ տեսնես, քեզ այդպես կլինի, բայց եթե ոչ, չի լինի»։
11. Մինչ նրանք գնում էին և գնալով խոսում, ահա հրեղեն մի կառք և հրեղեն ձիեր բաժանեցին նրանց երկուսին. և Եղիան մրրիկով վեր ելավ երկինք։
12. Իսկ Եղիսեն նայում էր և կանչում. «Հա՛յր իմ, հա՛յր իմ, Իսրայելի կառքերը և նրա ձիավորները». և այլևս չտեսավ նրան, բռնեց իր հանդերձներից, պատռեց դրանք և երկու կտոր արեց։
13. Ապա վերցրեց Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից, ետ դարձավ ու կանգնեց Հորդանանի ափին։
14. Եվ վերցրեց Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից, զարկեց ջրին և ասաց. «Որտե՞ղ է Եղիայի Տեր Աստվածը՝ նա ինքը». զարկեց ջրին, և ջրերը բաժանվեցին այս կողմ ու այն կողմ, և Եղիսեն անցավ։
15. Մարգարեների խումբը, որոնք դիմացը՝ Երիքովում էին, տեսան նրան և ասացին. «Եղիայի ոգին հանգչել է Եղիսեի վրա»։ Եվ եկան նրան դիմավորելու և մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ։
16. Եվ ասացին նրան. «Ահա քո ծառաների հետ հիսուն զորավոր մարդիկ կան, թող գնան և որոնեն քո տիրոջը. գուցե Տիրոջ Հոգին նրան վեր է առել և գցել մի սարի վրա կամ հովիտներից մեկի մեջ»։ Եվ նա ասաց՝ մի՛ ուղարկեք։
17. Բայց նրանք ստիպեցին նրան, մինչև որ ամաչեց և ասաց՝ ուղարկե՛ք։ Եվ նրանք հիսուն մարդ ուղարկեցին, և նրանք որոնեցին երեք օր, բայց չգտան նրան։
18. Եվ վերադարձան նրա մոտ. նա նստած էր Երիքովում. նրանց ասաց. «Ես ձեզ չասացի՞, թե՝ մի՛ գնացեք»։
   
Եղիսեի հրաշքները
   
19. Եվ այդ քաղաքի մարդիկ ասացին Եղիսեին. «Ահա այս քաղաքի դիրքը լավ է, ինչպես որ տեսնում է իմ տերը, բայց ջուրը վատ է, իսկ հողը՝ անպտուղ»։
20. Եվ նա ասաց. «Ինձ մի նոր կո՛ւժ բերեք և մեջը ա՛ղ դրեք»։ Եվ կուժը բերեցին նրա մոտ։
21. Եվ նա գնաց ջրերի աղբյուրի մոտ, աղ գցեց այնտեղ և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես բժշկեցի այս ջրերը, այսուհետև այստեղից այլևս մահ և անպտղություն չի լինի”»։
22. Եվ այդ ջրերը բժշկվեցին մինչև այսօր՝ Եղիսեի ասած խոսքի համաձայն։
23. Եվ նա այնտեղից գնաց Բեթել. և երբ ճանապարհով ելնում էր դեպի վեր, քաղաքից փոքրիկ տղաներ դուրս եկան և ծաղրելով ասում էին նրան. «Վե՛ր եկ, կնդակ, վե՛ր եկ, կնդակ»։
24. Եվ նա ետ դարձավ, նրանց տեսավ և Տիրոջ անունով անիծեց նրանց. անտառից երկու արջ դուրս եկան և նրանցից քառասուներկու երեխա պատառոտեցին։
25. Այնտեղից գնաց Կարմեղոս սարը, այնտեղից էլ ետ եկավ Սամարիա։