ՅԵՍՈՒՆ ԱՐԵՒԵԼՔԻ ՑԵՂԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՏՈՒՆ
1․ Այն ժամանակ Յեսուն կանչեց Ռուբէնի եւ Գադի որդիներին եւ Մանասէի կէս ցեղին
2․ ու նրանց ասաց. «Դուք ինքներդ անսացիք այն ամենին, ինչ որ հրամայել էր ձեզ Տիրոջ ծառայ Մովսէսը, եւ լսեցիք իմ խօսքը ամէն ինչում, որ պատուիրեցի ձեզ.
3․ այսքան օրեր չլքեցիք ձեր եղբայրներին. դեռ աւելին, մինչեւ այսօր պահեցիք ձեր Տէր Աստծու պատուիրանները:
4․ Հիմա մեր Տէր Աստուածը տեղաւորեց հանգստացրեց ձեր եղբայրներին, ինչպէս որ նրանց ասել էր, ուստի ե՛տ դարձէք, գնացէ՛ք ձեր տներն ու ձեր կալուածքի երկիրը, որ ձեզ տուել է Տիրոջ ծառայ Մովսէսը Յորդանան գետի այն կողմում:
5․ Միայն թէ շատ զգո՛յշ եղէք, որ կատարէք այն պատուիրաններն ու օրէնքը, որ պատուիրել է մեզ Տիրոջ ծառայ Մովսէսը. որ դուք սիրէք մեր Տէր Աստծուն, ընթանաք նրա բոլոր ճանապարհներով, պահէք նրա պատուիրանները, յարէք նրան եւ պաշտէք նրան ձեր ամբողջ սրտով եւ ձեր ամբողջ հոգով»:
6․ Եւ Յեսուն օրհնեց նրանց ու արձակեց, եւ նրանք գնացին իրենց տները:
7․ Մանասէի կէս ցեղին Մովսէսը կալուածք էր տուել Բասանաստանում, իսկ միւս կէսին Յեսուն նրանց եղբայրների հետ կալուածք տուեց ծովեզերքին: Երբ Յեսուն նրանց արձակեց իրենց տները, օրհնեց նրանց,
8․ խօսեց նրանց հետ եւ ասաց. «Շատ հարստութեամբ գնացէ՛ք ձեր տները. չափազանց շատ անասուն, արծաթ, ոսկի, պղինձ, երկաթ եւ խիստ շատ զգեստներ, որոնք աւար են առնուած թշնամուց, բաժանեցէ՛ք ձեր եղբայրների միջեւ»:
9․ Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը Քանանացիների երկրում գտնուող Սելովում բաժանուեցին իսրայէլացիներից, որպէսզի գնան Գաղաադի երկիրը՝ իրենց կալուածքը հանդիսացող երկիրը, որ ժառանգել էին Մովսէսի միջոցով տրուած Տիրոջ հրամանով:
ՅՈՐԴԱՆԱՆ ԳԵՏԻ ԵԶԵՐՔԻՆ ԿԱՌՈՒՑՈՒԱԾ ԶՈՀԱՍԵՂԱՆԸ
10․ Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը եկան Յորդանան գետի Գալիլոթ վայրի սահմանները, որ Քանանացիների երկրում է, եւ Յորդանան գետի եզերքին զոհասեղան շինեցին, վեհատեսիլ մի զոհասեղան:
11․ Իսրայէլացիները լսեցին եւ ասացին. «Ահա Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը զոհասեղան են շինել Քանանացիների երկրի սահմաններում, Յորդանան գետի Գալիլոթ վայրում, իսրայէլացիներից այն կողմ»:
12․ Երբ իսրայէլացիներն այս լսեցին, հաւաքուեցին Սելովում, որ ելնեն պատերազմելու նրանց դէմ:
13․ Իսրայէլացիները Ռուբէնի որդիների, Գադի որդիների եւ Մանասէի կէս ցեղի մօտ՝ Գաղաադ ուղարկեցին Ահարոն քահանայի որդու՝ Եղիազարի որդի Փենէէսին
14․ եւ նրա հետ իշխաններից տասը մարդ՝ Իսրայէլի բոլոր ցեղերի նահապետներից մի-մի իշխան: Նահապետների տների այդ իշխաններն Իսրայէլի հազարապետներ էին:
15․ Նրանք եկան Գաղաադ, Ռուբէնի որդիների, Գադի որդիների եւ Մանասէի կէս ցեղի մօտ, խօսեցին նրանց հետ ու ասացին.
16․ «Տիրոջ ամբողջ ժողովուրդն այսպէս է ասում. «Այդ ի՞նչ յանցանք գործեցիք Իսրայէլի Տէր Աստծու դէմ՝ խոտորուելով Տիրոջից, ձեզ համար զոհասեղան շինելով եւ մեր Տէր Աստծու դէմ ապստամբելով:
17․ Մի՞թէ քիչ է մեզ համար Փեգորի մեղքը, որից մինչեւ հիմա չենք մաքրուել, եւ որի համար Տիրոջ ժողովրդի վրայ հարուածներ եկան.
18․ եւ դուք էլ այսօր խոտորուեցիք Տիրոջից: Եթէ դուք այսօր ապստամբէք Տիրոջ դէմ, վաղը բարկութիւն կը թափուի ամբողջ Իսրայէլի վրայ:
19․ Եթէ ձեր կալուածքի երկիրը փոքր է ձեզ համար, անցէ՛ք Տիրոջ կալուածքի երկիրը, որտեղ կանգնած է Տիրոջ խորանը, եւ մեր մէջ կալուածք վերցրէ՛ք, բայց մի՛ ապստամբէք Տիրոջ դէմ եւ մեր դէմ էլ մի՛ ապստամբէք՝ մեր Տէր Աստծու զոհասեղանից զատ ձեզ համար զոհասեղան շինելով:
20․ Չէ՞ որ Զարայի շառաւիղ Աքարը յանցանք գործեց նզովուած իրերից վերցնելով, իսկ բարկութիւնը Իսրայէլի ամբողջ ժողովրդի վրայ թափուեց. նա միայնակ էր, բայց մի՞թէ միայն ինքը մեռաւ իր մեղքերի համար»:
21․ Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը պատասխան տուին եւ խօսելով հազարապետների հետ՝ ասացին.
22․ «Աստուած Տէր Աստուած է եւ Բարձրեալն Աստուած, Աստուած ինքը գիտէ, եւ Իսրայէլն ինքն էլ թող իմանայ. եթէ ապստամբելով յանցանք գործեցինք Տիրոջ դէմ, թող չփրկի մեզ այսօր:
23․ Եթէ մեզ համար զոհասեղան շինեցինք, որ ապստամբենք Տիրոջ դէմ, նրա վրայ ողջակէզ մատուցենք, կամ փրկութեան զոհ անենք, Տէրն ինքը թող վրէժխնդիր լինի:
24․ Մենք երկիւղի պատճառով արեցինք այս՝ ասելով, թէ գուցէ ձեր որդիները խօսեն մեր որդիների հետ եւ ասեն, թէ՝ «Ռուբէնի՛ որդիներ եւ Գադի՛ որդիներ, ի՞նչ գործ ունէք դուք Իսրայէլի Տէր Աստծու հետ,
25․ Տէրը մեր եւ ձեր միջեւ Յորդանան գետը սահման դրեց, եւ դուք Տիրոջից բաժին չունէք”: Եւ ձեր որդիները մեր որդիներին կը խրտնեցնեն, որ չպաշտեն Տիրոջը:
26․ Ուստի ասացինք, այսպէս անենք. շինենք այս զոհասեղանը ոչ թէ ողջակէզների եւ զոհերի համար,
27․ այլ որպէսզի սա վկայութիւն լինի մեր եւ ձեր միջեւ, մեզանից յետոյ նաեւ՝ մեր որդիների միջեւ, որ մեր ընծաներով, մեր ողջակէզներով եւ մեր փրկութեան զոհերով Տիրոջը պաշտամունք մատուցենք, որ վաղը ձեր որդիները չասեն մեր որդիներին, թէ՝ «Դուք բաժին չունէք Տիրոջից»:
28․ Մենք ասացինք. «Եթէ վաղը մեզ կամ մեր սերունդներին այսպէս ասելու լինեն, մեր սերունդները կ՚ասեն, թէ՝ «Տեսէ՛ք Տիրոջ զոհասեղանի օրինակով պատրաստուած զոհասեղանը, որ մեր հայրերը շինեցին ոչ թէ ողջակէզների եւ զոհերի համար, այլ որպէս վկայութիւն մեր եւ ձեր միջեւ եւ մեր որդիների միջեւ»:
29․ Քա՛ւ լիցի, որ մենք այսօր ապստամբենք մեր Տիրոջ դէմ եւ զոհի, ողջակէզի կամ փրկութեան զոհի համար զոհասեղան շինենք, բացի մեր Տէր Աստծու զոհասեղանից, որ նրա խորանի առաջ է»»:
30․ Երբ Փենէէս քահանան, ժողովրդի բոլոր իշխանները եւ Իսրայէլի հազարապետները, որ նրա հետ էին, լսեցին այս խօսքերը, որ ասացին Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը, դա նրանց հաճելի թուաց:
31․ Տիրոջ քահանայ Եղիազարի որդի Փենէէսը ասաց Ռուբէնի որդիներին, Գադի որդիներին եւ Մանասէի կէս ցեղին. «Այսօր իմացանք, որ Տէրը մեզ հետ է, որովհետեւ դուք Տիրոջ առաջ այս յանցանքը չգործեցիք եւ իսրայէլացիներին ազատեցիք Տիրոջ ձեռքից»:
32․ Եւ Եղիազարի որդի Փենէէս քահանան եւ տոհմերի իշխանները վերադարձան Ռուբէնի որդիների, Գադի որդիների եւ Մանասէի կէս ցեղի մօտից, Գաղաադ երկրից Քանանացիների երկիրը, իսրայէլացիների մօտ եւ նրանց պատգամ բերին:
33․ Այս բանը հաճելի թուաց իսրայէլացիներին, որոնք օրհնեցին իսրայէլացիների Աստծուն, խօսեցին իսրայէլացիների հետ ու ասացին, որ այլեւս պատերազմի դուրս չեն գայ նրանց դէմ՝ կործանելու համար Ռուբէնի որդիների, Գադի որդիների եւ Մանասէի կէս ցեղի երկիրը, ուր նրանք բնակւում էին:
34․ Յեսուն անուն դրեց Ռուբէնի ցեղի, Գադի ցեղի եւ Մանասէի կէս ցեղի զոհասեղանին եւ ասաց, որ դա վկայութիւն է նրանց մէջ, թէ Տէրը նրանց Աստուածն է:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: