Հեսուն Սյուքեմում խոսում է ժողովրդի հետ
1․ Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սյուքեմում և կանչեց Իսրայելի ծերերին, իշխաններին, դատավորներին ու գլխավորներին, և նրանք կանգնեցին Աստծու առաջ։
2․ Եվ Հեսուն ասաց ամբողջ ժողովրդին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Հնում ձեր նախահայրերը՝ Աբրահամի հայրը և Նաքորի հայրը՝ Թարան, բնակվում էին Գետի այն կողմում և օտար աստվածների էին պաշտում։
3․ Ես վերցրի ձեր հայր Աբրահամին Եփրատ գետի այն կողմից, շրջել տվեցի նրան Քանանի ամբողջ երկրում, բազմացրի նրա սերունդը, նրան տվեցի Իսահակին,
4․ Իսահակին տվեցի Հակոբին ու Եսավին և Եսավին տվեցի Սեիր լեռը որպես ժառանգություն, բայց Հակոբն ու նրա որդիները իջան Եգիպտոս։
5․ Ես ուղարկեցի Մովսեսին ու Ահարոնին և հարվածեցի Եգիպտոսին (ինչպես որ նրա մեջ կատարեցի), հետո ձեզ հանեցի։
6․ Ես Եգիպտոսից հանեցի ձեր հայրերին, և դուք եկաք մինչև ծովը. եգիպտացիները կառքերով և ձիավորներով ընկան ձեր հայրերի հետևից մինչև Կարմիր ծովը։
7․ Նրանք աղաղակեցին Տիրոջը, և նա խավար դրեց ձեր ու եգիպտացիների միջև, ծովը նրանց վրա բերեց ու ծածկեց նրանց։ Ձեր աչքերը տեսան, ինչ որ արեցի Եգիպտոսում։ Ապա երկար ժամանակ դուք բնակվեցիք անապատում։
8․ Ես ձեզ բերեցի Հորդանան գետի այն կողմում բնակվող ամորհացիների երկիրը, և նրանք պատերազմեցին ձեր դեմ. ես նրանց ձեր ձեռքը մատնեցի, նրանց բնաջնջեցի ձեր առաջ, և դուք ժառանգեցիք նրանց երկիրը։
9․ Մովաբի թագավոր Սեպփորի որդի Բաղակը վեր կացավ և պատերազմեց Իսրայելի դեմ։ Նա մարդ ուղարկեց Բեորի որդի Բաաղամին կանչելու, որպեսզի նզովի ձեզ։
10․ Բայց ես չուզեցի լսել Բաաղամին. նա ձեզ օրհնեց, և ես ձեզ ազատեցի նրա ձեռքից։
11․ Հորդանան գետն անցնելով՝ եկաք Երիքով, և Երիքովի բնակիչները՝ ամորհացիները, փերեզացիները, քանանացիները, քետացիները, գերգեսացիները, խևացիներն ու հեբուսացիները, պատերազմեցին ձեր դեմ, և ես նրանց ձեր ձեռքը մատնեցի։
12․ Ձեր առաջից իշամեղուներ ուղարկեցի, որոնք նրանց, այսինքն՝ ամորհացիների երկու թագավորներին, քշեցին ձեր առջևից. ո՛չ քո սրով և ո՛չ էլ քո աղեղով։
13․ Ես ձեզ տվեցի մի երկիր, որտեղ դուք չեք աշխատել, քաղաքներ, որ դուք չեք կառուցել, բայց բնակվում եք դրանց մեջ և ուտում եք այն այգիներից ու ձիթենիներից, որ դուք չեք տնկել”։
14Այժմ վախեցե՛ք Տիրոջից և հավատարմությամբ ու ճշմարտությամբ ծառայե՛ք նրան. դե՛ն գցեք այն աստվածները, որոնց ձեր հայրերը ծառայում էին Գետի այն կողմում ու Եգիպտոսում, և պաշտե՛ք Տիրոջը։
15․ Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրե՛ք այսօր, թե ո՛ւմ եք ծառայելու՝ Եփրատ գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածների՞ն, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»։
16․ Ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Քա՛վ լիցի, որ մենք թողնենք Տիրոջը և ուրիշ աստվածների պաշտենք,
17․ որովհետև Տերն է մեր Աստվածը, նա՛ հանեց մեզ և մեր հայրերին Եգիպտոսի երկրից՝ ծառայության տնից, նա՛ գործեց մեր աչքերի առաջ այս մեծ նշանները և պահպանեց մեզ մեր գնացած ամբողջ ճանապարհին ու բոլոր ազգերի մեջ, որոնց միջով մենք անցանք։
18․ Տերը մեր առջևից քշեց բոլոր ազգերին և այս երկրում բնակվող ամորհացիներին. ուրեմն մենք էլ Տիրոջն ենք պաշտելու, որովհետև նա է մեր Աստվածը»։
19․ Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք չեք կարող Տիրոջը պաշտել, որովհետև նա սուրբ Աստված է. նա նախանձոտ Աստված է, չի ների ձեր հանցանքներն ու մեղքերը։
20․ Երբ դուք Տիրոջը թողնեք և օտար աստվածների պաշտեք, այն ժամանակ նա ետ կդառնա և ձեզ բարիք անելուց հետո, ձեզ չարչարելով, բնաջինջ կանի»։
21․ Եվ ժողովուրդը Հեսուին ասաց. «Ո՛չ, մենք Տիրոջն ենք պաշտելու»։
22․ Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք ձեր վկաներն եք, որ դուք Տիրոջն ընտրեցիք նրան պաշտելու համար»։ Եվ նրանք ասացին. «Վկա ենք»։
23․ «Ուրեմն հիմա դե՛ն գցեք ձեր մեջ եղած օտար աստվածները և ձեր սիրտն Իսրայելի Տեր Աստծո՛ւն դարձրեք»։
24․ Եվ ժողովուրդը Հեսուին ասաց. «Մենք մեր Տեր Աստծո՛ւն պիտի պաշտենք և նրա խո՛սքը պիտի լսենք»։
25․ Նույն օրը Հեսուն ժողովրդի հետ ուխտ արեց և Սյուքեմում կանոն ու հրաման հաստատեց նրա համար։
26․ Հեսուն այդ խոսքերը գրեց Աստծու օրենքի գրքում. և մի մեծ քար առավ ու այն կանգնեցրեց Տիրոջ սրբարանի մոտ գտնվող բևեկնի ծառի տակ։
27․ Եվ Հեսուն ամբողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը մեզ վկա լինի, որովհետև սա լսեց Տիրոջ մեզ ասած բոլոր խոսքերը. ուրեմն սա վկա լինի ձեզ համար, որ չլինի թե ուրանաք ձեր Աստծուն»։
28․ Ապա Հեսուն արձակեց ժողովրդին՝ ամեն մարդու դեպի իր ժառանգությունը։
Հեսուի և Եղիազարի մահը
29․ Այս բաներից հետո մեռավ Տիրոջ ծառա Նավեի որդի Հեսուն՝ հարյուր տասը տարեկան լինելով։
30․ Նրան թաղեցին իր ժառանգության սահմանի մեջ՝ Գաաս լեռան հյուսիսային կողմում գտնվող Եփրեմի լեռան վրա, Թամնաթ-Սարայում։
31․ Իսրայելը պաշտեց Տիրոջը Հեսուի բոլոր օրերին և այն ծերերի բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Հեսուից հետո և որոնք գիտեին Իսրայելի համար
Տիրոջ արած բոլոր գործերը։
32․ Հովսեփի ոսկորները, որ Իսրայելի որդիները հանել էին Եգիպտոսից, թաղեցին Սյուքեմում՝ ագարակի այն մասում, որ Հակոբը գնել էր Սյուքեմի հոր՝ Եմորի որդիներից հարյուր կեսիթայով, և դա Հովսեփի որդիների ժառանգությունը եղավ։
33․ Մեռավ նաև Ահարոնի որդի Եղիազարը. նրան թաղեցին այն բլրի վրա, որը տրվել էր նրա որդի Փենեհեսին Եփրեմի լեռան վրա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: