Գիրք` 33. Ամոս

Ներածութիւն

   
   Շուրջ 760 թուականին (ն․ Ք․) Ամոսը Թեկուա կոչուած իր հայրենի գիւղից (Յուդայի թագաւորութիւն) գալիս է Բեթէլ, որը Իսրայէլի թագաւորութեան գլխաւոր սրբավայրն է։ Նրա գալուստն իսկոյն որոտի նման պայթում է Բեթէլի խաղաղ երկնակամարում։
   Մինչ Իսրայէլի թագաւորութիւնը Յերոբովամ Բ-ի իշխանութեան օրօք (787-747), օգտուելով հարեւան Ասորեստանի իր դէմ ուղղուած ռազմական գործողութիւնների դադարեցումից, խաղաղ եւ բարգաւաճ մի շրջան էր ապրում, Ամոսը յանկարծ յայտնում է Աստծու ընտրեալ ժողովրդի վախճանը։ Թագաւորութեան մէջ կրօնի որեւէ հալածանք կամ արգելք չկար․ ինչո՞ւ, հետեւաբար, այս անսպասելի յայտարարութիւնը։
   Իւրաքանչիւր մարդ, ինչպէս եւ ժողովուրդ, պիտի կարողանայ ապրել այլ մարդկանց կամ ժողովուրդների մէջ։ Դրա համար Աստուած հաստատել էր իրաւունք։ Արդ, այդ իրաւունքը տեւապես ոտնահարւում էր ուժեղների կողմից։ Աստուած, հետեւաբար, հանդէս է գալիս որպէս թոյլերի իրաւունքի խստապահանջ պաշտպան։
   Ամոսը պատմում է, թէ ինչու ինքը դարձել է աստուածային այդպիսի արմատական մի պատգամի տարածիչը։ Նրա այդ առաքելութիւնն էլ պատճառ է դառնում, որ նա իսկոյն վտարուի Իսրայէլից։
   Ամոսի գրքի 7-9 գլուխները բացայայտում են նրա պատգամի աղբիւրները․ դրանք այն հինգ տեսիլքներն են, որոնք հանդիսանում են Աստծու յետագայ միջամտութեան խորհրդանշանները։
   Ամոսի գիրքը մտածել է տալիս մեզ, թէ ինչպիսի յեղաշրջող ազդեցութիւն ունի Աստծու պատգամը մեր աշխարհում։ Իսկ հայրենիքից վտարուած մարգարէի կերպարն էլ թոյլ է տալիս խորհել այն ճակատագրի մասին, որ պիտի վերապահուէր Քրիստոսին, որը նոյնպէս հանդիսացաւ պատգամաբերը մի մեծ յեղաշրջման։ Այդ յեղաշրջումը, ճիշտ է, բռնութեամբ կատարուած մի յեղաշրջում չէր, բայց որքա՜ն աւելի արմատական էր, քան այն յեղաշրջումը, որ յայտնուել էր Ամոսի կողմից։