Գիրք` 48. Եզեկիէլ

Ներածութիւն

   
   Եզեկիէլը Երուսաղէմի տաճարի քահանաներից մէկն էր, որը 597 թուականին (ն․ Ք․) Նաբուքոդոնոսոր թագաւորի կողմից Երուսաղէմի առաջին գրաւումից յետոյ Բաբելոն աքսորուած իսրայէլացիներից էր։ Դրանից մօտ չորս տարի յետոյ Աստուած նրան կանչում է, որպէսզի դառնայ իր մարգարէն։ Աքսորավայրից Եզեկիէլը նախազգուշացումներ է անում ինչպէս Բաբելոն գերի տարուած հրեաներին, այնպէս էլ Երուսաղէմում մնացածներին։ Երուսաղէմի գրաւումից եւ տաճարի կործանումից յետոյ, 587 թուականին (ն․ Ք․), նա այդ նախազգուշացումներին աւելացնում է մխիթարական եւ յուսադրիչ խօսքեր։
   Եզեկիէլի գիրքը բաղկացած է չորս մեծ մասերից։
   Առաջին մասում տեղ են գտել իսրայէլացիներին ուղղուած մի շարք մեղադրանքներ եւ սպառնալիքներ, նախքան Երուսաղէմի երկրորդ պաշարումը (գլ․ 1-20)։
   Երկրորդ մասում Եզեկիէլը յայտնում է, որ Աստծու դատաստանը պիտի գործադրուի նմանապէս օտար ժողովուրդների վրայ, որոնք խաբել եւ ճնշել են իսրայէլացիներին (գլ․ 25-32)։
   Երրորդ մասը, որը բաղկացած է Երուսաղէմի անկումից յետոյ արտասանուած խօսքերից, բացառապէս մխիթարանքի եւ սրտապնդման մի պատգամ է ուղղուած Իսրայէլի ժողովրդին։
   Չորրորդ մասում տրուած է Երուսաղէմի ապագայ տաճարի նկարագրութիւնը, ըստ մարգարէի տեսիլքի։
   Որպէս քահանայ, Եզեկիէլը չափազանց մեծ կարեւորութիւն է տալիս տաճարին, սակայն միաժամանակ նա հաստատում է, որ Աստծու ներկայութիւնը կապուած չէ միայն Երուսաղէմի տաճարի սրբարանի հետ, այլ այն կարող է ներգործուն լինել նոյնիսկ Բաբելոնում։ Յայտարարելով, որ իւրաքանչիւր անհատ ինքն է լինելու պատասխանատու իր սեփական արարքների համար, նա հրաժարւում է իսրայէլական այն աւանդութիւնից, որը կապուած էր հաւաքական պատասխանատուութեան գաղափարի հետ։ Հետեւաբար նա վճռականօրեն կանգ է առնում անձնական կեանքի վերանորոգման գաղափարի վրայ, սակայն յայտնելով, որ իսրայէլացի ժողովուրդը, հաւաքաբար վերանորոգուած եւ յարութիւն առած, պիտի վերադառնայ իր նախնիների երկիրը։