Մատթէոսի նման Ղուկասը եւս իր աւետարանը ներկայացնում է ըստ այն ընդհանուր ծրագրի, որ կազմել էր Մարկոսը իր աւետարանի համար: Այսպէս՝
-Յովհաննէս Մկրտչի միջնորդութիւնը որպէս նախակարապետ Յիսուսի. սրան յաջորդում է Յիսուսի մկրտութիւնն ու փորձութիւնը:
-Յիսուսի հանրային գործունէութիւնը Գալիլիայում, որտեղ նա քարոզում է եւ բժշկում հիւանդներին:
-Յիսուսի ճանապարհորդութիւնը Գալիլիայից Երուսաղէմ: Սակայն Ղուկասն այստեղ բազմաթիւ լրացումներ է անում Մարկոսի պատմութեան վրայ, ինչպէս, օրինակ, բարի սամարացու, անմիտ մեծահարուստի, անառակ որդու առակները եւ այլն, ինչպէս նաեւ մի շարք պատմութիւններ, ինչպիսին է Յիսուսի այցելութիւնը Մարթային եւ Մարիամին:
-Յիսուսի գործունէութիւնը Երուսաղէմում, որը վերջանում է նրա չարչարանքով ու մահով:
-Գրքի աւարտական մասում մասնաւորապէս շարադրուած է, թէ ինչպէս յարուցեալ Յիսուս Էմմաւուսում երեւում է իր աշակերտներին, նախքան իր համբարձումը:
Սակայն, ի տարբերութիւն Մարկոսի, մի կարճ նախաբանից յետոյ Ղուկասն իր գիրքն սկսում է Յիսուսի եւ Յովհաննէս Մկրտչի ծննդին նուիրուած մի նախաշաւիղով: Այս մասում են զետեղուած Յիսուսի ծննդեան աւետման, Յովհաննէս Մկրտչի ծննդի, Յիսուսի ծննդի եւ հովիւների այցի պատմութիւններ, ինչպէս նաեւ Մարիամի, Զաքարիայի, Սիմէոն ծերունու օրհներգութիւնները: Նախաշաւիղում Ղուկասն արդէն արտայայտում է այն, ինչ էական մասն է կազմում իր վկայութեան, այն է՝ Յիսուսի աստուածային ծագումն ու նրա իսրայէլական խոր արմատները եւ այն մեծ անկիւնադարձը, որ նրա գալուստն է ներկայացնում ամբողջ մարդկութեան համար: Ղուկասն այստեղ ցոյց է տալիս նաեւ այն առանձնահատուկ սէրը, որ Աստուած տածում է փոքրերի, խոնարհների, անտեսուծների, կանանց, աղքատների, օտարների նկատմամբ:
Չորս աւետարանների մէջ Ղուկասի աւետարանը ամենից աւելի յունական դրոշմ ունի: Նկատի ունենալով այն ընթերցողների շրջանակը, որոնք բաւարար չափով տեղեակ չեն իսրայէլական առանձնայատուկ աւանդույթներին, նա աշխատում է, որ իր խօսքը լինի յստակ, եւ ձգտում է բացատրել այն ամէնը, ինչ կարող է տարօրինակ թուալ նրանց: Այսօրուայ մարդու համար Ղուկասի աւետարանը, անտարակոյս, ամենից աւելի մատչելի աւետարանն է:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: