Գիրք` 8. Պօղոս Առաքեալի երկրորդ թուղթը կորնթացիներին

Ներածութիւն

   
   Այս երկրորդ թղթում ի յայտ են գալիս շատ աւելի լարուած յարաբերութիւններ Պօղոս առաքեալի եւ Կորնթոսի քրիստոնեաների միջեւ: Նրանցից ոմանք լրջօրէն վիրաւորել էին նրան եւ նոյնիսկ կասկածի տակ էին առնում նրա առաքեալ լինելու օրինաւորութիւնն ու հեղինակութիւնը: Պօղոսը ուժգնօրէն հակադրւում էր նրանց, սակայն չհրաժարուելով իր սէրն արտայայտել կորնթացիների նկատմամբ եւ իր անկեղծ ցանկութիւնը՝ հաշտուելու նրանց հետ: Նա իր ուրախութիւնն էր յայտնում ամէն անգամ, երբ լաւագոյն լուրերն էր ստանում Կորնթոսից:
   Յիշատակելուց յետոյ այն լուրջ վտանգները, որ անձնապէս ստիպուած է եղել դիմագրաւել Եփեսոսում, նա յիշեցնում է նաեւ այն դժուարութիւնները, որոնց հանդիպել է կորնթացիների հետ իր յարաբերութիւնների ընթացքում՝ ընդգծելով Յիսուս Քրիստոսի առաքեալի պարտականութեան կարեւորութիւնը: Այսպիսով նա բացատրում է, թէ ինչու ինքը ստիպուած է եղել խստութիւն ցուցաբերել իր նախորդ թղթում եւ իր ուրախութիւնն է արտայայտում, որ այդ խստութիւնը տուել է դրական արդիւնք:
   Ցուդայի երկրի քրիստոնեաների համար կատարուող մի նուիրատուության առիթով նա կորնթացիներին կոչ է անում լինել առատաձեռն, որովհետեւ, ասում է նա, «դուք գիտէք շնորհները մեր Տեր Յիսուս Քրիստոսի. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացաւ, որպեսզի դուք նրա աղքատութեամբ հարստանաք»:
   Թղթի շարունակութեան մէջ զգացւում է շարադրանքի շեշտի յստակ փոփոխութիւն. Պօղոսը խստօրէն դատապարտում է նրանց, ովքեր մեղադրում են իրեն, որ ճշմարիտ առաքեալ չէ: Թուղթն աւարտւում է եղբայրական, բայց համառօտ մի եզրակացութեամբ:
   Այս թղթի անձնական եւ երբեմն էլ կրքոտ ու խիստ շեշտը մէզ չպէտք է յանգեցնի սխալ եզրակացութեան․ Պօղոս առաքեալը չի ձգտում պաշտպանել իր սեփական անձը եւ ոչ էլ անձնական մի տեսակէտ, որին կարող էր առանձնապէս կապուած լինել: Եթե նա այդքան վճռականօրէն պայքարում էր ճանաչել տալու առաքեալի իր հեղինակութիւնը, ապա դա նրա համար է, որ Աւետարանն ամբողջապէս ընդունուի, եւ Քրիստոսը իրապէս ճանաչուի որպէս Տեր: