Գիրք` 9. Պօղոս Առաքեալի թուղթը Գաղատացիներին

Ներածութիւն

   
   Քրիստոսից առաջ երրորդ դարում Գալիական կելտերը առաջացել էին մինչեւ Փոքր Ասիա եւ հաստատուել այնտեղ: Նրանց յետնորդները՝ գաղատացիները, զբաղեցնում էին այժմեան Անկարա քաղաքի մօտ գտնուող շրջանը: Նրանցից ոմանց Պօղոս առաքեալը դարձրեց դեպի Քրիստոսի Աւետարանը իր առաքելական երկրորդ եւ երրորդ ճանապարհորդութիւնների ժամանակ:
   Սակայն Պօղոսից յետոյ այդ շրջանները այցելեցին այլ մարդիկ: Սրանք ուսուցանում էին, որ ծագումով ոչ հրեայ քրիստոնեաները պէտք է ենթարկուեն հրեական օրենքին եւ մասնաւորապէս պէտք է թլպատուեն: Պօղոսի համար այս պահանջը հակառակ էր Յիսուս Քրիստոսի ճշմարիտ Աւետարանին. դա գաղատացի քրիստոնեաներին դնում էր հոգեւոր ստրկութեան վիճակում: Երբ նա իմացաւ (հաւանաբար Եփեսոսում), որ նրանք պատրաստ էին, որպէս պատգամ, ընդունելու իր հակառակորդների պահանջը, նրանց գրեց այս կրքոտ թուղթը:
    Իր եղբայրներին վերադարձնելու համար դէպի միակ «Բարի լուրը», Պօղոսն այս թղթում նախ խօսում է իր անձնական փորձառությունների մասին, յիշատակում է իր դարձը դէպի քրիստոնէութիւն, Երուսաղէմի Եկեղեցու ղեկավարների համաձայնութիւնն այն մասին, որ ծագումով ոչ հրեայ քրիստոնեաները չպէտք է ենթարկուեն հրեական օրէնքին. իր տարակարծութիւնը Պետրոս առաքեալի հետ այդ որոշման գործադրութեան վերաբերեալ: Թղթի այս մասում Պօղոսը պաշտպանում է առաքեալի իր հեղինակութիւնը՝ նշելով, որ աւետարանելու պարտականութիւնը իրեն վստահուել է Տիրոջից:
   Այնուհետեւ, յենուելով Հին Կտակարանի վրայ, նա բացատրում է, որ հրէական օրէնքներին ենթարկուելով չէ, որ մարդ հասնում է փրկութեան, այլ միայն հաւատալով Յիսուս Քրիստոսին։
   Թղթի վերջում Պօղոսը կոչ է անուն գաղատացիներին, որ ապրեն ազատ՝ Սուրբ Հոգու առաջնորդութեան ներքոյ, որովհետեւ Հոգին մարդու մէջ առաջ է բերում ամէն տեսակ նոր տրամադրութիւններ, առաջին հերթին, սէր:
   Իւրաքանչիւր Եկեղեցի, իւրաքանչիւր քրիստոնեայ պարտաւոր է լսել այդ կոչը եւ պատասխանել դրան ի խորոց սրտի՝ազատագրուելու համար ամէն ստրկութիւնից: