Գիրք` 15. Պօղոս Առաքեալի առաջին թուղթը Տիմոթէոսին

Ներածութիւն

   
   Տիմոթէոսի մայրը քրիստոնէութիւնն ընդունած մի հրէուհի էր, իսկ հայրը՝ յոյն: Պօղոս առաքեալը առաջին անգամ նրան հանդիպել էր Փոքր Ասիայի Լիւստրա քաղաքում առաքելական իր երկրորդ ճանապարհորդութեան ժամանակ: Հանդիպումից յետոյ Տիմոթէոսը դառնում է առաքեալի ամենամօտիկ գործակիցներից մէկը, ուղեկցում է նրա առաքելական բազմաթիւ ուղեւորութիւնների ժամանակ եւ զանազան առիթներով յանձնարարութիւններ ստանում նրանից՝ պատասխանատու ձեռնարկումներ կատարելու այնպիսի համայնքներում, որոնց վիճակը մտահոգութիւն էր պատճառում: Դրա համար է, որ նրա անունը յաճախ է յիշատակւում «Գործք Առաքելոց»-ում կամ Պօղոսի թղթերում: Տիմոթէոսին ուղղուած երկու թղթերը եւ Տիտոսին ուղղուած թուղթը աւանդաբար կոչւում են «Հովուական թղթեր», որովհետեւ դրանցում ցուցումներ են տրուած «հովիւներին» կամ Եկեղեցու պատասխանատուներին:
    Տիմոթէոսին ուղղուած առաջին թուղթը շօշափում է երեք գլխաւոր կէտեր.
   Ամենից առաջ յանձնարարում է Եկեղեցում զգուշանալ կեղծ վարդապետութիւններից եւ հրէական ու հեթանոսական խառնուրդ այն գաղափարներից, որ ոմանք աշխատում են տարածել քրիստոնեաների մէջ: Այդ կեղծ վարդապետութիւնները յենւում են այն հաւատալիքի վրայ, որ նիւթական աշխարհը վատ է, եւ մարդ կարող է փրկութեան հասնել միայն գաղտնի մի ճանաչողութեամբ, որը վերապահուած է խորհրդագէտ մարդկանց: Բացի դրանից, այդ կեղծ վարդապետութիւնները յանձնարարում են հեռու մնալ որոշ կերակուրներից եւ հրաժարուել ամուսնութիւնից:
   Այնուհետեւ թղթում տրուած են որոշ հրահանգներ, որոնք վերաբերում են պաշտամունքին, Եկեղեցու կազմակերպմանը եւ նրա գլխաւոր պատասխանատուների վարուեցողութեանը:
   Վերջում մի շարք խորհուրդներ են ուղղուած Տիմոթէոսին, թէ նա ինչ ձեւով պէտք է կատարի իր պաշտօնը եւ ինչպէս պետք է զբաղուի հաւատացեալների տարբեր խմբերով, որպէսզի լինի «Յիսուս Քրիստոսի բարի պաշտօնեայ»:
   Պօղոսը այս թղթում Եկեղեցուց եւ նրա ղեկավարներից չի պահանջում կոյր հնազանդութիւն, այլ՝ այնպիսի մի յանձնառութիւն, որ արմատաւորուած լինի Քրիստոսի անձի փառաբանութեան եւ երկրպագութեան մէջ: