Պետրոս առաքեալի առաջին թուղթը ուղղուած է Փոքր Ասիայի հիւսիսային եւ արեւելյան շրջաններում ցրուած քրիստոնեաներին: Այն համայնքները, որոնց մաս էին կազմում այդ քրիստոնեաները, հիմնուել էին Պօղոսի կամ նրա գործակիցների կողմից: Ամենայն հաւանականութեամբ հեղինակն այս թուղթը նրանց գրել է Հռոմից (նա այդ քաղաքն անուանում է Բաբելոն): Այն ակնարկութիւնները, որ նա անում է նրանց վիճակի մասին, ցոյց է տալիս, որ նրանք արհամարհւում եւ զանազան չարագործութիւնների մէջ մեղադրւում էին իրենց հեթանոս հարեւանների կողմից, որի պատճառով էլ մշտապէս գտնւում էին հալածանքի սպառնալիքի տակ: Ահա թէ ինչու առաքեալն իր թղթում աշխատում է վերականգնել նրանց քաջութիւնը՝ նրանց հայեացքը դարձնելով Յիսուս Քրիստոսի անձի վրայ, որի տառապանքներն էին այժմ բաժանում նրանք:
Փառաբանական մի աղօթքի մէջ, որը յաջորդում է ողջոյնի խօսքին, Պետրոսը յիշեցնում է իր ընթերցողներին, թէ ինչպէս Աստուած փրկեց եւ կենդանի յոյս տուեց նրանց Յիսուս Քրիստոսի մահուամբ ու յարութեամբ: Նա քաջալերում է նրանց, որ լինեն շրջահայեաց եւ ապրեն առաքինի կեանքով: Ներշնչուելով Քրիստոսի օրինակից, նրանք պէտք է իրենց հաւատարմութիւնն արտայայտեն նրա պատգամների նկատմամբ իրենց վարուեցողութեամբ եւ փորձութիւնների դիմաց իրենց վերաբերմունքով: Թղթում այնուհետեւ գործնական խորհուրդներ են տրւում՝ իրենց քաղաքացիական պարտականութիւնների, ծառայի եւ տիրոջ յարաբերութիւնների, ամուսինների փոխադարձ յարգանքի, համայնքի կեանքի եւ հեթանոսների հանդէպ որդեգրուելիք վարմունքի մասին:
Վերջում հեղինակը մի քանի յանձնարարութիւններ է տալիս նաեւ համայնքի մեծերին (կամ պատասխանատուներին), երիտասարդներին եւ բոլոր հաւատացեալներին ուղղեալ, որպէսզի բոլորն էլ հաստատ մնան տառապանքի մէջ՝ ապաւինելով Աստծու խոստումներին: Թուղթն աւարտւում է ողջոյնի մի քանի խօսքերով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: