Յովհաննէս առաքեալը՝ Աստուածաշնչի վերջին գրքի հեղինակը, այստեղ ներկայացնում է մի շարք եղելութիւններ, որոնք յայտնուել են իրեն Յիսուս Քրիստոսի միջոցով: Նա պատմում է, թե ինչ է տեսել ինքը, երբ «Հոգին եղել է իր մէջ»: Իր այս գիրքը գրելիս նա աքսորուած է եղել Փոքր Ասիայի արեւելեան կողմում գտնուող Պատմոս փոքրիկ կղզում: Նա այնտեղ աքսորուել էր այն պատճառով, որ Աւետարանն էր քարոզել այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ Հռոմի կայսրը հալածելիս է եղել քրիստոնեաներին: Գիրքը գրուել է Փոքր Ասիայի եօթը Եկեղեցիների համար, որոնք հաստատուած էին այն շրջանում, որ գտնւում է այժմեան Զմիւռնիա նաւահանգիստը:
Քրիստոնեաները հալածւում էին այն պատճառով, որ ճանաչում էին միայն մէկ Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսին: Ահա այդ տագնապալի ժամանակաշրջանում է, որ Յովհաննէսը նրանց համար գրում է այս գիրքը, որպէսզի ամրացնի նրանց մէջ հաւատը եւ յոյսը: Գիրքը բաղկացած է մեծ մասամբ տեսիլքներից եւ յայտնութիւններից, որոնք արտայայտուած են խորհրդանշանական եւ պատկերաւոր լեզւով, որը Հին Կտակարանին վարժուած հաւատացեալները կարող էին աւելի հեշտութեամբ հասկանալ, մինչ ուրիշների համար այն կը մնար խորհրդաւոր մի բան: Յովհաննէսի նկարագրած տեսիլքները այլազան են, բոլորն էլ պտտւում են միեւնոյն թեմայի շուրջը: Նրանց մանրամասնութիւնների մեկնութիւնները տարբերւում են իրարից ըստ մեկնիչների, սակայն գրքի հիմնական հաստատումը յստակ է․ ի հակադրութիւն չարի ուժերի ժամանակաւոր յաղթանակի, ամբողջական եւ վեջնական յաղթանակը, Աստծու համար եւ իւրայինների համար, տանելու է Յիսուս Քրիստոս՝ մեր միակ Տէրը եւ Փրկիչը:
Գրքի սկզբում Յովհաննեսն իրեն ներկայացնում է որպէս յարուցեալ Հիսուս Քրիստոսի պատգամաբերը:
Իր պատգամի առաջին մասում նա յիշատակում է, թէ ինչպիսի հանգամանքներում է տեղի ունեցել իր առաջին տեսիլքը, որի ընթացքում Յիսուս նրան յանձնարարում է նամակներ գրել Փոքր Ասիայի եօթը Եկեղեցիներին: Այնուհետեւ Յովհաննէսն իրեն տեսնում է երկինք փոխադրուած, որտեղ նրա աչքին երեւում են յաջորդական տեսիլքներ․ երկնային արքունիքը եւ արքունական անձնակազմը, որ երկրպագում էր Աստծուն եւ Յիսուս Քրիստոսին, գիրքը եւ նրա եօթը կնիքները, եօթը փողերը, վիշապը եւ երկու գազանները, գառը եւ 144․000 փրկեալները, դատաստանի ժամը ազդարարող հրեշտակները, Աստծու ցասման եօթը սկաւառակները, Բաբելոնի անկումը, գազանի, կեղծ մարգարէի եւ սատանայի պարտութիւնը, նոր երկինքը, նոր երկիրը եւ նոր Երուսաղէմը: Գիրքն աւարտւում է հանդիսաւոր մի ազդարարութեամբ եւ հարութեալ Քրիստոսի հետեւեալ խոստումով. «Գալիս եմ շուտով»:
Այսօրուայ ընթերցողները աւելի լաւ կը հասկանան այս գրքի բովանդակութիւնը, եթէ չփորձեն նրա մէջ փնտռել չարագուշակ մի ապագայի մանրամասնութիւնները։ Հեղինակի մտադրութիւնը հաւատացեալներին վախեցնել չէ բնաւ, այլ նրանց քաջութիւն ներշնչել դժուարին ժամանակներում: Յայտնութեան գրքի տեսիլքները սահմանուած են հաւատացեալներին ըմբռնել տալու Քրիստոսի գործի եւ նրա յարութեան բոլոր հետեւանքները՝ նրան հետեւող մարդկանց ներկայի եւ ապագայի համար:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: