Գիրք` 27. Հայտնությունը

Գլուխ 20

Հազարամյա թագավորությունը
   

1. Տեսա երկնքից իջնող մի հրեշտակի, որ անդունդի բանալին ուներ և մի մեծ շղթա իր ձեռքին։

2. Նա բռնեց վիշապին՝ այն առաջին օձին, որ դևն է և սատանան, և հազար տարով կապեց նրան։

3. Նրան գցեց անդունդը, փակեց ու վրան կնիք դրեց, որ այլևս ազգերին չմոլորեցնի, մինչև հազար տարին լրանա. դրանից հետո նա փոքր ժամանակով պետք է արձակվի։

4. Տեսա աթոռներ, որոնց վրա նստողներին դատելու իշխանություն տրվեց, տեսա նաև այն հոգիներին, որոնք գլխատվել էին Հիսուսի վկայության ու Աստծու խոսքի համար, և նրանց, որոնք չերկրպագեցին գազանին ու ոչ էլ նրա պատկերին և չընդունեցին նրա դրոշմը իրենց ճակատին, ոչ էլ իրենց ձեռքին։ Նրանք կենդանացան ու Քրիստոսի հետ հազար տարի թագավորեցին։

5. Իսկ մնացած մեռելները չկենդանացան, մինչև հազար տարին լրանա։ Սա է առաջին հարությունը։

6. Երանելի և սուրբ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ. նրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի։ Նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները պիտի լինեն և նրա հետ հազար տարի պիտի թագավորեն։

 
Սատանայի պարտությունը
   

7. Երբ հազար տարին լրանա, սատանան իր բանտից պիտի արձակվի

8. և պիտի դուրս գա, որ մոլորեցնի երկրի չորս անկյուններում գտնվող ազգերին, Գոգին ու Մագոգին։ Նա նրանց պատերազմի պիտի հավաքի, որոնց թիվը ծովի ավազի չափ է։

9. Եվ պիտի բարձրանան երկրի լայնությամբ և պիտի շրջապատեն սրբերի բանակն ու սիրելի քաղաքը։ Բայց երկնքից կրակ իջավ ու լափեց նրանց,

10. իսկ դևը՝ նրանց մոլորեցնողը, կրակի ու ծծմբի լիճը գցվեց, որտեղ էին գազանը և սուտ մարգարեն։ Եվ գիշերուզօր պիտի չարչարվեն հավիտյանս հավիտենից։

11. Տեսա մի սպիտակ մեծ գահ ու նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան, և նրանց համար տեղ չգտնվեց։

12. Եվ գահի առաջ կանգնած մեծ ու փոքր մեռելներ տեսա։ Գրքեր բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կենաց գիրքը։ Եվ մեռելները դատվեցին ըստ այդ գրքերում գրվածի՝ իրենց գործերի համաձայն։

13. Եվ ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց, մահն ու դժոխքը՝ իրենց միջի մեռելներին, և յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեց։

14. Մահն ու դժոխքը հրե լիճը գցվեցին. սա է երկրորդ մահը։

15. Եվ ով կենաց գրքի մեջ գրված չգտնվեց, նա հրե լիճը գցվեց։