Վերջին պատուհասները
1. Երկնքում մի ուրիշ մեծ ու զարմանալի նշան տեսա. յոթ հրեշտակների, որոնք ունեին վերջին յոթ պատուհասները, որովհետև Աստծու բարկությունը նրանցով կատարվեց։
2. Տեսա նաև ապակե ծով՝ կրակի հետ խառնված, և նրանց, ովքեր հաղթեցին գազանին, նրա պատկերին ու նրա անվան թվին, որ կանգնած էին ապակե ծովի վրա և Աստծու քնարներն ունեին։
3. Եվ երգում էին Աստծու ծառա Մովսեսի երգն ու Գառան երգը՝ ասելով. «Մեծ ու զարմանալի են քո գործերը, Տե՛ր Աստված Ամենակալ (Սաղ. 86.10), արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, ո՛վ ազգերի Թագավոր։
4. Ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և քո անունը չի փառավորելու, որովհետև միայն դու ես սուրբ, որովհետև բոլոր ազգերը պիտի գան ու քո առաջ պիտի երկրպագություն անեն (Սաղ. 86.9), քանի որ քո դատաստանները հայտնի դարձան»։
5. Դրանից հետո տեսա, որ երկնքում բացվեց տաճարի վկայության խորանը։
6. Տաճարից ելնում էին յոթ հրեշտակները, որոնք ունեին յոթ պատուհասները։ Նրանք մաքուր և փայլուն կտավ էին հագել և կրծքին ոսկե գոտիներ կապել։
7. Այն չորս կենդանիներից մեկը յոթ հրեշտակներին յոթ ոսկե գավաթներ տվեց՝ հավիտյանս հավիտենից կենդանի Աստծու բարկությամբ լի։
8. Եվ տաճարը լցվեց Աստծու փառքի ու նրա զորության ծխով։ Եվ ոչ ոք չէր կարող տաճար մտնել, մինչև յոթ հրեշտակների յոթ պատուհասները չկատարվեին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: