Գիրք` 14. Բ Մնացորդաց

Գլուխ 10

ԺՈՂՈՎ ՍԻՒՔԷՄՈՒՄ
(Ա Թագ. 12.1-15)
   
1․ Ռոբովամը եկաւ Սիւքէմ, որովհետեւ բոլոր իսրայէլացիները եկել էին Սիւքէմ նրան թագաւոր դարձնելու:
2․ Երբ Նաբատի որդի Յերոբովամը, որը Սողոմոն արքայի երեսից Եգիպտոս էր փախել ու բնակուել Եգիպտոսում, լսեց այս բանը, վերադարձաւ Եգիպտոսից: Մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան:
3․ Յերոբովամը եւ Իսրայէլի բոլոր ժողովականները եկան Ռոբովամ արքայի մօտ եւ ասացին.
4․ «Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը: Արդ, թեթեւացրո՛ւ հօրդ նշանակած տաժանակիր աշխատանքն ու մեր վրայ դրուած ծանր լուծը, որ քեզ ծառայենք»:
5․ Նա նրանց ասաց. «Գնացէ՛ք եւ երեք օրից եկէ՛ք ինձ մօտ»: Ժողովուրդը գնաց:
6․ Ռոբովամ արքան հաւաքեց ծերերին, որոնք իր հօր՝ Սողոմոնի կենդանութեան օրօք կանգնում էին նրա առաջ, եւ ասաց. «Ի՞նչ էք կարծում, ի՞նչ խորհուրդ էք տալիս, որ պատասխանեմ այս ժողովրդին»:
7․ Նրանք ասացին նրան. «Եթէ այսօր այդ ժողովրդի նկատմամբ բարեացակամ լինես, հաճելի լինես եւ լաւ խօսքեր ասես նրանց, քեզ միշտ ծառայ կը լինեն»:
8․ Նա, սակայն, անտեսեց այն խորհուրդը, որ ծերերը տուել էին իրեն, եւ հարց տուեց իր հետ մեծացած տարեկից ընկերներին, որոնք իր առջեւ էին կանգնում:
9․ Նա ասաց նրանց. «Ի՞նչ էք կարծում, ի՞նչ պատասխան տամ այս ժողովրդին, որ ինձ հետ խօսեց՝ ասելով. «Թեթեւացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել էր մեր վրայ»»:
10․ Նրա տարեկից ընկերները նրան ասացին. «Այսպէս կը խօսես այն ժողովրդի հետ, որ քեզ ասել է, թէ՝ «Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու այն թեթեւացրո՛ւ մեր վրայից»:
11․ Նրանց այսպէս կ՚ասես. «Իմ ճկոյթն աւելի հաստ է, քան հօրս մէջքը: Արդ, եթէ իմ հայրը ձեզ խրատել է ծանր լծով, ապա ես կ՚աւելացնեմ ձեր լուծը: Եթէ իմ հայրը խրատել է ձեզ գաւազաններով, ապա ես ձեզ կը խրատեմ կարիճներով»»:
12․ Յերոբովամը եւ ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մօտ, ինչպէս որ ասել էր արքան. «Ինձ մօտ կը վերադառնաք երրորդ օրը»:
13․ Արքան խստութեամբ պատասխանեց՝ անտեսելով ծերերի խորհուրդը,
14․ եւ նրանց հետ խօսեց ըստ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, ես աւելացնելու եմ այն: Իմ հայրը գաւազաններով էր ձեզ խրատել, ես ձեզ խրատելու եմ կարիճներով»:
15․ Արքան չլսեց ժողովրդին, որովհետեւ կործանումն Աստծուց էր սահմանուած, որպէսզի Տէրը հաստատի սիլոնացի Աքիայի բերանով իր ասած խօսքերը Նաբատի որդի Յերոբովամի եւ ամբողջ Իսրայէլի մասին. եւ արքան չլսեց նրանց:
   
ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ ԲԱԺԱՆՈՒԱԾ. ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՌՈԲՈՎԱՄ ԱՐՔԱՆ
(Ա Թագ. 12.16-25)
   
16․ Ժողովուրդը պատասխանեց արքային՝ ասելով. «Ի՞նչ գործ ունենք Դաւթի հետ, կամ կիսելու ի՞նչ ժառանգութիւն՝ Յեսսէի որդու հետ: Գնա՛ քո վրանները, ո՜վ Իսրայէլ, եւ քո տա՛ն մասին հոգա, ո՜վ Դաւիթ»:
17․ Եւ բոլոր իսրայէլացիները գնացին իրենց բնակավայրերը, իսկ Յուդայի երկրի քաղաքներում ապրող միւս իսրայէլացիները Ռոբովամին դարձրին իրենց թագաւոր:
18․ Ռոբովամ արքան հարկերի վերակացու Ադոնիրամին ուղարկեց իսրայէլացիների մօտ, բայց սրանք նրան քարկոծեցին, ու նա մեռաւ: Ռոբովամ արքան հազիւ կարողացաւ իր մարտակառքը բարձրանալ ու փախչել Երուսաղէմ:
19․ Եւ իսրայէլացիները երես դարձրին Դաւթի տնից, ու այդպէս է մինչեւ այսօր: