Գիրք` 14. Բ Մնացորդաց

Գլուխ 12

ԵԳԻՊՏՈՍԻ ՍԱՒՍԱԿԻՄ ԱՐՔԱՅԻ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՎՐԱՅ
(Գ Թագ. 14.25-28)
   

1․ Երբ Ռոբովամի թագաւորութիւնը հաստատուն դարձաւ ու հզօրացաւ, նա, նրա հետ նաեւ բոլոր իսրայէլացիները, անտեսեց Տիրոջ պատուիրանները:
2․ Եւ քանի որ նրանք մեղանչել էին Տիրոջ դէմ, Ռոբովամի թագաւորութեան հինգերորդ տարում Եգիպտոսի արքայ Սաւսակիմը յարձակուեց Երուսաղէմի վրայ
3․ հազար երկու հարիւր մարտակառքերով ու վաթսուն հազար հեծեալներով: Անթիւ էր Եգիպտոսից նրա հետ եկած բազմութիւնը՝ լիբէացիներ, տրոգլոդացիներ, եթովպացիներ,
4․ որոնք տիրեցին Յուդայի երկրի ամրակուռ քաղաքներին: Եւ Սաւսակիմը եկաւ Երուսաղէմ:
5․ Սամէաս մարգարէն եկաւ Ռոբովամի եւ Յուդայի երկրների իշխանների մօտ, որոնք Սաւսակիմի ահից հաւաքուել էին Երուսաղէմում, եւ ասաց նրանց. «Այսպէս է ասում Տէրը. «Դուք ինձ լքեցիք, ուրեմն ես էլ ձեզ մատնելու եմ Սաւսակիմի ձեռքը»»:
6․ Իսրայէլի իշխաններն ու արքան ամաչեցին եւ ասացին. «Արդար է Տէրը»:
7․ Երբ Տէրը տեսաւ, որ զղջացին, ապա Տէրն ասաց Սամէասին. «Նրանք զղջացին, ուրեմն ես նրանց չեմ կործանի, կարճ ժամանակով նրանց հանգիստ կը թողնեմ եւ իմ զայրոյթը Երուսաղէմի վրայ չեմ թափի:
8․ Այսպիսով նրանք իմ ծառայութեան տակ կը մտնեն եւ կ՚իմանան, թէ ո՞րն է ինձ ծառայելու եւ երկրային թագաւորութիւններին ծառայելու տարբերութիւնը»:
9․ Եգիպտոսի արքայ Սաւսակիմը եկաւ ու գրաւեց Տիրոջ տան գանձերը եւ տարաւ արքայի տան բոլոր գանձերը: Նա գրաւեց նաեւ Սողոմոնի պատրաստած ոսկէ վահանները:
10․ Ռոբովամը դրանց փոխարէն պղնձէ վահաններ պատրաստեց եւ դրանք յանձնեց արքունի դռների պահապանների պետերին 450:
11․ Երբ արքան մտնում էր Տիրոջ տունը, մտնում էին նաեւ պահապաններն ու սուրհանդակները, եւ պահապանները դրանք վերցնում տանում էին սուրհանդակների ներկայութեամբ:
12․ Երբ Ռոբովամը զղջաց, Տիրոջ բարկութիւնը նրանից վերացաւ, եւ նա իսպառ չկործանուեց, քանզի Յուդայի երկրում բարի գործեր էլ կային կատարուած:
   
ՌՈԲՈՎԱՄԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ
   
13․ Ռոբովամը հզօրացաւ Երուսաղէմում ու թագաւորեց: Ռոբովամը քառասունմէկ տարեկան էր, երբ գահ բարձրացաւ: Նա տասնեօթը տարի թագաւորեց Երուսաղէմում, այն քաղաքում, որ Տէրն ընտրել էր Իսրայէլի բոլոր ցեղերի միջից, որպէսզի իր անունը դնի դրա վրայ: Ռոբովամի ամոնացի մօր անունը Նոոմա էր: 
14․ Նա չարիք գործեց, որովհետեւ նրա սիրտը հակուած չէր Տիրոջ կողմը:
15․ Ռոբովամի առաջին ու վերջին խօսքերը եւ գործերը չէ՞ որ գրուած են Սամէաս մարգարէի ու Ադդով տեսանողի գրքերում: Յարատեւ պատերազմ էր մղւում Ռոբովամի ու Յերոբովամի միջեւ:
16․ Ռոբովամը մեռաւ ու թաղուեց իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում: Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աբիասը: