Գիրք` 14. Բ Մնացորդաց

Գլուխ 27

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՎԱԹԱՄ ԹԱԳԱՒՈՐԸ
(Դ Թագ. 15.32-38)
   

1․ Քսանհինգ տարեկան էր Յովաթամը, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնվեց տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Յերուա էր. սա Սադոկի դուստրն էր:
2․ Յովաթամն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, արեց այն բոլորը, ինչ իր հայր Օզիասն էր արել: Նա, սակայն, Տիրոջ տաճարը չմտաւ: Իսկ ժողովուրդը դեռ շարունակում էր մեղքեր գործել:
3․ Նա շինեց Տիրոջ տան Վերին դուռը եւ Օփեղի պարսպի վրայ շատ բաներ կառուցեց:
4․ Յուդայի երկրի լեռներում ու անտառներում նա կառուցեց քաղաքներ, բնակավայրեր եւ աշտարակներ:
5․ Նա կռուեց ամոնացիների արքայի դէմ եւ յաղթեց նրան. ամոնացիները նրան տարեկան հարիւր տաղանդ արծաթ էին տալիս, տասը հազար քոռ 455ցորեն ու տասը հազար քոռ գարի: Այս ամէնը Ամոնի արքան բերում էր ամէն տարի՝ թէ՛ առաջին, թէ՛ երկրորդ, թէ՛ երրորդ տարում:
6․ Յովաթամը զօրացաւ, որովհետեւ նա ուղիղ էր ընթանում Տիրոջ առաջ նրա ճանապարհներով:
7․ Յովաթամի մնացեալ գործերը, նրա պատերազմներն ու մարտերը ահա գրի են առնուած Յուդայի երկրի եւ Իսրայէլի թագաւորների գրքում:
8․ Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնվեց տարի թագաւորեց Երուսաղէմում:
9․ Յովաթամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում: Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Աքազը: