Գիրք` 14. Բ Մնացորդաց

Գլուխ 3

   
1․ Սողոմոնը Երուսաղէմում, Ամորհացիների լերան վրայ, ուր Տէրը երեւացել էր նրա հօրը՝ Դաւթին, սկսեց կառուցել Տիրոջ տունը այն տեղում, որ Դաւիթը պատրաստել էր Օռնա Յեբուսացու կալում:
2․ Նա կառուցումն սկսեց իր թագաւորութեան չորրորդ տարուայ երկրորդ ամսին:
3․ Այսպիսով Սողոմոնն սկսեց շինել Աստծու տունը: Դրա նախկին երկարութիւնը վաթսուն կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ քսան կանգուն:
4․ Տան ճակատի արտաքին գաւթի նախկին երկարութիւնն ու լայնութիւնը քսանական կանգուն էին, բարձրութիւնը՝ հարիւր քսան կանգուն: Նա այն ներսից պատեց մաքուր ոսկով:
5․ Մեծ դահլիճը նա երեսապատեց մայրի փայտով ու պատեց մաքուր ոսկով, վրան քանդակեց արմաւենիներ ու շղթայաձեւ զարդեր:
6․ Շքեղութեան համար տունը զարդարեց թանկարժէք քարերով ու Սեփարուիմից աւար բերուած մաքուր ոսկով.
7․ տունը, պատերը, դրանդիկները, դռներն ու ձեղունը պատեց ոսկով, իսկ պատերին քանդակեց քերովբէներ:
8․ Շինեց նաեւ Սրբութիւնների սրբութեան դահլիճը, որի երկարութիւնը ճակատի կողմից քսան կանգուն էր, լայնութիւնն էլ՝ քսան կանգուն: Նա սրահը պատեց մաքուր ոսկով եւ քերովբէներով՝ ծախսելով վեց հարիւր տաղանդ 442 ոսկի:
9․ Ամէն մի մեխի կշիռը յիսուն սիկղ 443 ոսկի էր: Վերնատունը նոյնպէս պատեց ոսկով:
10․ Սրբութիւնների սրբութեան դահլիճում երկու քերովբէներ պատրաստեց եւ դրանք պատեց ոսկով:
11․ Քերովբէների թեւերի երկարութիւնը քսան կանգուն էր. ամէն մի թեւը՝ հինգ կանգուն, կպած սրահի պատին, եւ միւս թեւը եւս՝ հինգ կանգուն, կպած միւս քերովբէի թեւին:
12․ Միւս քերովբէի թեւը նոյնպէս հինգ կանգուն էր, կպած սրահի պատին, եւ միւս թեւը եւս՝ հինգ կանգուն, կպած միւս քերովբէի թեւին:
13․ Երկու քերովբէների թեւերը տարածուած վիճակում քսան կանգուն էին: Նրանք կանգնած էին իրենց ոտքերի վրայ, իսկ նրանց դէմքերը նայում էին սրահի կողմը:
14․ Նա վարագոյրները պատրաստեց կապուտակ, ծիրանի, կարմիր կտորներից ու բեհեզից, որոնց վրայ քերովբէներ էին հիւսուած:
   
ՊՂՆՁԷ ԵՐԿՈՒ ՍԻՒՆԵՐԸ

(Գ Թագ. 7.15-22)
   

15․ Տան առաջ երկու սիւներ կանգնեցրեց երեսունհինգ կանգուն բարձրութեամբ եւ նրանց վրայ՝ խոյակներ, որոնք հինգ կանգուն էին:
16․ Նա սրբարանում եղած շղթայաձեւ զարդերի նման զարդեր պատրաստեց ու դրեց սիւների գլուխներին: Նռան հարիւր ծաղկաբողբոջներ սարքեց ու դրեց շղթայաձեւ զարդերի վրայ:
17․ Տաճարի առաջ սիւներ կանգնեցրեց. մէկը՝ աջից, միւսը՝ ձախից: Աջ կողմինը կոչեց Ուղղութիւն, իսկ ձախ կողմինը՝ Զօրութիւն: