ՇՄԱՒՈՆԸ ՅԱՋՈՐԴՈՒՄ Է ՅՈՎՆԱԹԱՆԻՆ
1․ Շմաւոնը լսեց, որ Տրիփոնը մեծ զօրք է հաւաքել Հրէաստանի վրայ յարձակուելու, բնակիչներին կոտորելու համար:
2․ Երբ տեսաւ, որ ժողովուրդը ահի եւ խուճապի մէջ է, ինքը վեր կացաւ եկաւ Երուսաղէմ, հաւաքեց ժողովրդին, խրախուսեց նրանց ու ասաց.
3․ «Դուք ինքներդ էլ գիտէք, թէ որքան գործ ենք արել ես, իմ եղբայրներն ու իմ հօր տունը: Քանի՜-քանի՜ մարտ ու պատերազմներ ենք մղել, որքա՜ն նեղութիւններ կրել յանուն մեր սրբարանի, մեր օրէնքների ու քաղաքի,
4․ որովհետեւ Իսրայէլի ու ձեր բոլորի համար զոհուեցին մեր բոլոր եղբայրները, եւ ես եմ մնացել միայն:
5․ Ոչ մի նեղութեան ժամանակ ես իմ անձը չեմ խնայի: Թէեւ ես աւելի քաջ չեմ, քան իմ եղբայրները,
6․ բայց մեր սրբարանի եւ օրէնքների, մեր կանանց ու որդիների վրէժը լուծելու համար աւելի կը զօրանամ: Բոլոր հեթանոսներն ահա հաւաքուել են, որ յարձակուեն, մեր յիշատակը ջնջեն երկրի երեսից»:
7․ Երբ նա խօսում էր, ժողովուրդը յուսադրւում, ոգեւորւում էր:
8․ Նրանք պատասխան տուեցին, սկսեցին խօսել բարձր ձայնով ու ասացին. «Դու ես մեր առաջնորդը Յուդայի ու քո եղբայր Յովնաթանի փոխարէն:
9․ Ղեկավարի՛ր մեր պատերազմը, ինչ որ ասես, մենք կը հնազանդուենք քեզ»:
10․ Նա հաւաքեց բոլոր ռազմիկներին, շտապ կառուցեց Երուսաղէմի պարիսպը,
11․ Աբիսողոմի որդի Յովնաթանին մեծ զօրքով ուղարկեց յոպպէացիների քաղաքը: Սա այնտեղից հանեց պահապաններին, ինքը մտաւ ու ամրացաւ այնտեղ եւ պահպանում էր այն:
ՅՈՎՆԱԹԱՆԻ ՎԱԽՃԱՆԸ
12․ Դրանից յետոյ Տրիփոնը մեծ զօրքով շարժուեց պտղոմէացիների քաղաքից, որ գայ Հրէաստան: Նա Յովնաթանին իր մօտ պահելու զգուշութեան համար ման էր ածում իր հետ:
13․ Շմաւոնը բանակ էր դրել Դիդայում, դաշտի դիմաց:
14․ Երբ Տրիփոնը տեղեկացաւ, որ Շմաւոնը նստել է իր եղբայր Յովնաթանի փոխարէն եւ պատրաստւում է պատերազմ տալու, բանագնացներ ընտրեց եւ ուղարկելով նրա մօտ՝ ասաց.
15․ «Յովնաթանն արքունիքում բանտարկուած է այն արծաթների համար, որ նա պարտք է:
16․ Արդ, բերե՛լ տուր հարիւր քանքար արծաթ, ինձ մօ՛տ բեր նրա որդիներից երկուսին, որ, երբ իրեն ազատ արձակենք, չապստամբի մեր դէմ»։
17․ Շմաւոնը հասկացաւ, որ խաբէութիւն կայ նրա խօսքերի մէջ, բայց տուեց, որ տանեն արծաթն ու պատանիներին, որպէսզի չլինի թէ թշնամութիւն ծագի ժողովրդի ու իր միջեւ,
18․ եւ չասեն, թէ՝ «Շմաւոնը խնայեց արծաթը եւ չտուեց պատանիներին, որ տանեն, դրա համար էլ մարդը կորաւ»:
19․ Նա տուեց, որ տանեն հարիւր քանքարն ու պատանիներին, բայց Տրիփոնը խաբեց եւ Յովնաթանին ազատ չարձակեց:
20․ Դրանից յետոյ Տրիփոնն եկաւ երկրի կողմերը, որ մտնի, կոտորի նրանց: Նա բռնեց Ադոր տանող ճանապարհը: Նա որտեղ էլ որ գնար, Շմաւոնն իր բանակով հետապնդում էր նրան:
21․ Երուսաղէմի միջնաբերդում գտնուողները Տրիփոնի մօտ բանագնացներ ուղարկեցին ու ստիպեցին, որ նա իրենց մօտ գայ անապատի միջով ու բերդի համար պաշար ուղարկի:
22․ Տրիփոնն իր գնդով պատրաստուեց գալ ու միջնաբերդ մտնել այդ գիշերն իսկ, բայց քանի որ սաստիկ ձիւն էր եկել, այդ պատճառով էլ չկարողացաւ մտնել, շարժուեց եկաւ Գաղաադի կողմերը:
23․ Երբ նա մօտեցաւ Բասկանային, այնտեղ սպանեց Յովնաթանին, որն այնտեղ էլ թաղուեց:
24․ Տրիփոնն այդտեղից վերադարձաւ ու եկաւ իր երկիրը:
25․ Շմաւոնը մարդ ուղարկեց, որ այնտեղից հանեն իր եղբայր Յովնաթանի ոսկորները: Նրա աճիւնը բերեցին եւ թաղեցին Մոդիիմում՝ իր հայրերի քաղաքում:
26․ Մեծ ողբով լաց եղան նրա վրայ բոլոր իսրայէլացիները եւ բազում օրեր սուգ պահեցին:
27․ Նա իր հօր ու եղբայրների գերեզմանի վրայ մահարձան բարձրացրեց, կոփածոյ քարերով պարիսպ քաշեց նրա շուրջը,
18․ իսկ պարսպի վրայ իրար դէմ-դիմաց բուրգեր կանգնեցրեց եւ կողք-կողքի երեք զարդանշաններ դրեց ի պատիւ իր հօր ու եղբայրների:
29․ Գերեզմանը վանդակապատ էր եւ ունէր բարձր սիւներ: Այդպէս նա յաւերժացրեց իր անունը: Նա վանդակի կողքերին նաւերի նմանութեամբ քանդակներ արեց, որպէսզի դրանք երեւան նրանց, ովքեր նաւերով անցնում են ծովով:
30․ Մոդիիմի շիրիմների վրայ կառուցուած այդ դամբարանը մնում է մինչեւ այսօր:
ԴԵՄԵՏՐԻՈՍԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԴԱՇԻՆՔԸ ՀՐԵԱՆԵՐԻ ՀԵՏ
31․ Տրիփոնը նենգ մտադրութեամբ վարուեց նաեւ պատանի Անտիոքոս արքայի հետ,
32․ սպանեց նրան ու թագաւորեց նրա փոխարէն: Իր գլխին դրեց ասիացիների թագը եւ մեծամեծ հարուածներ հասցրեց երկրին:
33․ Շմաւոնը Հրէաստանում բերդեր կառուցեց, պարիսպներ բարձրացրեց, աշտարակներ կանգնեցրեց, դարպասներով ու նիգերով ամրացրեց, բերդերը լցրեց պարէնով:
34․ Շմաւոնը հաւաքեց ընտիր մարդկանց, ուղարկեց Դեմետրիոսի մօտ, որ երկրին զիջումներ անի, որովհետեւ Տրիփոնի բոլոր գործերը յափշտակութիւններ էին եղել:
35․ Դեմետրիոս թագաւորը հետեւեալ բովանդակութեամբ պատասխան ուղարկեց նրան, գրեց այսպիսի հրովարտակներ.
36․ «Դեմետրիոս արքան ողջունում է Շմաւոն քահանայապետին՝ թագաւորների բարեկամին ու հրեայ ամբողջ ազգի ծերակոյտին:
37․ Ստացանք ոսկէ պսակն ու օրհնութիւնը, որ ուղարկել էք մեզ: Մենք պատրաստ ենք կայուն խաղաղութիւն հաստատել եւ գրել հարկահաւաք պաշտօնեաներին, որ զիջեն ձեր պարտքերը,
38․ եւ ինչ որ մի անգամ հաստատել ենք ձեզ հետ, հաստատ թող մնայ: Ձեր կառուցած բերդերը թող ձեզ պատկանեն:
39․ Մինչեւ այսօր կամայ թէ ակամայ ձեր կատարած մեղքերը ներում ենք: Վերացնում ենք պսակի հարկը եւ Երուսաղէմից ապրանք դուրս բերելու համար գանձուող մաքսը:
40․ Եթէ կայ պիտանի մէկը, որ արժանի է մեր ցանկի մէջ մտնելու, համարձակ թող ցուցակագրուի: Մեր ու ձեր միջեւ խաղաղութիւն թող հաստատուի»:
41․ Հարիւր եօթանասուն թուականին հեթանոսների լուծը վերացաւ իսրայէլեան ցեղի վրայից:
42․ Ժողովուրդն սկսեց ազգահամար կատարել եւ ցուցակագրել գոյքը՝ գրանցելով մատեաններում. Շմաւոն մեծ քահանայապետի եւ հրեայ ազգի առաջնորդ զօրավարի առաջին տարում»:
ՇՄԱՒՈՆԸ ԳՐԱՒՈՒՄ Է ԳԱԶԱՐԱՆ ԵՒ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԻՋՆԱԲԵՐԴԸ
43․ Այս օրերին նա յարձակուեց Գազարա քաղաքի վրայ, զօրքով պաշարեց այն, մարտական մեքենաներ կառուցեց, դրանք մօտեցրեց պարիսպներին ու կործանեց աշտարակներից մէկը:
44․ Մեքենաներից դուրս եկան զինուորներն ու յարձակուեցին քաղաքի վրայ: Մեծ խռովութիւն բարձրացաւ քաղաքում:
45․ Բոլոր քաղաքացիներն առհասարակ, կանանց ու երեխաների հետ, ճչալով, օձիքները պատառոտելով եւ աղաղակ բարձրացնելով դիմեցին Շմաւոնին.
46․ խնդրում էին խնայել իրենց, իրենց կատարած չարագործութիւնների համեմատ չդատել, այլ ողորմածութեամբ գթալ իրենց:
47․ Մեղմացաւ Շմաւոնը, դադարեցրեց պատերազմը եւ հրամայեց քաղաքից դուրս հանել նրանց: Տները մաքրեցին նրանց կուռքերի բոլոր պիղծ աղտեղութիւններից, որից յետոյ նա եկաւ, ներս մտաւ ցնծութեամբ ու օրհնութեամբ,
48․ այնտեղից մաքրեց բոլոր պղծութիւնները եւ այնտեղ բնակեցրեց Օրէնքին հետեւող մարդկանց: Նա դարձեալ ամրացրեց այն, այնտեղ շինեց բազմատեսակ ապարանքներ:
49․ Երուսաղէմի միջնաբերդում մնացածները դեռեւս պաշարուած, շուրջկալի մէջ էին. նրանք ո՛չ ելումուտ ունէին, ո՛չ առեւտուր էին կարողանում անել: Նրանք նեղւում, սովամահ էին լինում, եւ նրանցից շատերն էլ մեռան:
50․ Նրանք դիմեցին Շմաւոնին՝ խնդրելով հաշտութիւն: Նա խնայեց նրանց, բայց դուրս արեց նրանց այնտեղից, միջնաբերդը մաքրեց նրանց ամէն տեսակի պղծութիւններից
51․ եւ այնտեղ մտաւ հարիւր եօթանասունմէկ թուականի երկրորդ ամսի քսաներեքերորդ օրը: Նա օրհնութիւն ու գոհութիւն մատուցելով, արմաւենու ճիւղերով, ցնծութեամբ շեփոր ու սրինգ հնչեցնելով՝ մտաւ այնտեղ, որովհետեւ խորտակուել էր Իսրայէլի երկրի ահեղ թշնամին:
52․ Նա հրաման տուեց ամէն տարի տօնել այդ օրը ուրախութեամբ եւ ցնծութեամբ:
53․ Նա ամրացրեց միջնաբերդի մօտ գտնուող լեռը, որի վրայ էր տաճարը, եւ ինքն իր սեփական զօրագնդով ապրեց այնտեղ:
54․ Շմաւոնը տեսնելով, որ իր որդի Յովնաթանը չափահաս ու կատարեալ տղամարդ է դարձել, նրան նշանակեց բոլոր զօրքերի իշխան՝ առաջնորդ զօրավար, եւ նրան վերակացու կարգեց Գազարայի կողմերում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: