ԴԵՄԵՏՐԻՈՍ Բ-Ի ՄԱՀԸ
1. Հարիւր եօթանասուներկու թուականին Դեմետրիոս արքան զօրք հաւաքեց եւ գնաց մարերի ու պարթեւների մօտ, որպէսզի նրանցից օգնութիւն խնդրի, գայ եւ պատերազմի Տրիփոնի դէմ:
2. Երբ պարսից ու պարթեւաց արքայ Արշակը լսեց, թէ Դեմետրիոսը եկել-մտել է իր երկրի սահմանները, ուղարկեց իր իշխաններից մէկին, որ գնայ ու ձերբակալի նրան:
3. Սա գնաց, հարուածեց, կոտորեց Դեմետրիոսի զօրքը, ձերբակալեց նրան ու նրան բերեց Արշակի մօտ: Վերջինս հրամայեց ոստիկաններին կապկպել նրան եւ բանտ դնել:
4. Շմաւոնի բոլոր օրերին երկիրը խաղաղ կեանք ունեցաւ. նա ազգի համար շատ բարեգործութիւններ կատարեց 503:
7. Նա տիրեց գաւառների, բազմաթիւ գերիներ վերցրեց, տիրեց Գազարայի, Բեթսորի կողմերի բերդերին:
8. Մարդիկ հանգիստ իրենց հողն էին մշակում, երկիրը տալիս էր իր պտուղները, մրգատու ծառերը առատ բերք էին տալիս:
9. Ծերերը նստում էին հրապարակներում, բարի գործեր անելու մասին իրար հետ խորհրդակցում, երիտասարդները զինուորական շքեղ զգեստներ էին հագնում:
10. Նրանք քաղաքն ապահովում էին պարէնով ու իրենց նախապատրաստում յուսալի սպառազինութեամբ: Նրանց փառքի համբաւը հասաւ մինչեւ երկրի չորս կողմերը:
11. Իսրայէլը խաղաղ էր ապրում, ցնծում մեծ ուրախութեամբ:
12. Ամէն մէկը նստում էր իր այգում, իր թզենու տակ, եւ ոչ ոք նրանց չէր վախեցնում:
13. Այդ ժամանակներում աշխարհի երեսից վերացան իրենց դէմ կռուողները, խորտակուեցին թագաւորները:
14. Նա ոտքի կանգնեցրեց, լիացրեց ժողովրդի խեղճ մարդկանց, Օրէնքի նկատմամբ մարդկանց դարձրեց նախանձախնդիր, երկրի երեսից բնաջնջեց բոլոր չար ու անօրէն մարդկանց:
15. Նա փառաւոր դարձրեց սրբարանը, շատացրեց նրա սպասքն ու անօթները:
ՍՊԱՐՏԱՑԻՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ ՇՄԱՒՈՆԻՆ
16. Երբ հռոմէացիների քաղաքից մինչեւ սպարտացիների կողմերը լսեցին, որ մեռել է Յովնաթանը, խիստ տրտմեցին,
17. բայց երբ նաեւ լսեցին, թէ նրա փոխարէն իր եղբայր Շմաւոնն է դարձել քահանայապետ եւ տիրել այդտեղ գտնուող գաւառներին ու քաղաքներին,
18. բանագնացներ ուղարկեցին, պղնձէ տախտակների վրայ հրովարտակ գրեցին, որպէսզի նորոգեն եղբայրներ Յուդայի ու Յովնաթանի հետ հաստատած հին բարեկամութեան ուխտը:
19. Դա բերեցին ու կարդացին Երուսաղէմի ժողովրդի առաջ: Այս է սպարտացիների ուղարկած հրովարտակի պատճէնը.
20. «Սպարտացիների իշխաններն ու առաջնորդները մեծ քաղաքի բնակիչների հետ ողջունում են Շմաւոն մեծ քահանային, իսրայէլացիների ծերակոյտին ու քահանաներին, հրեաների բոլոր գնդերին՝ մեր եղբայրներին:
21. Ձեր ուղարկած բանագնացները պատմեցին մեզ ձեր փառքի ու պատուի մասին: Մենք ուրախ ենք նրանց գալստեան համար:
22. Մենք ձեր պատգամները գրեցինք մեր բանակի խորհուրդների մատեանում՝ ըստ այս օրինակի. «Անտիոքոսի որդի Նումենիոսն ու Յասոնի որդի Անտիպատրոսը՝ հրեաների պատգամաւորները, եկել են մեզ մօտ, որպէսզի նորոգեն մեր ազգի հետ բարեկամութիւնը:
23. Բոլոր սպարտացիների համար հաճելի էր մեծ պատուով ընդունել այդ մարդկանց եւ նրանց ասածների պատճէնը դնել սպարտացիների բանակի խորհուրդների մատեանի աչքի ընկնող մի տեղում եւ հրովարտակի պատասխանն ուղարկել Շմաւոն մեծ քահանային»»:
24. Այս դէպքերից յետոյ Շմաւոնը մեծ նուէրներով եւ հազար քանքարի ոսկեայ վահանով նորից պատգամաւորներ ուղարկեց Հռոմ, որ գնան, վերահաստատեն նախկին բարեկամութիւնն ու հովանաւորութիւնը:
ՇՄԱՒՈՆԸ ՀՐԷԱՍՏԱՆԻ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ԵՒ ԶՕՐԱՎԱՐ
25. Երբ հռոմէացիների բանակն այդ լսեց, զինուորներն սկսեցին խորհել ու ասացին. «Այժմ մենք ինչո՞վ կարող ենք հատուցել Շմաւոնի ու նրա որդիների երախտիքը,
26. որովհետեւ նա, նրա եղբայրներն ու նրա հօր տոհմը մեզ հետ բարեկամութիւն են հաստատել: Նա կոտորել է իր թշնամիներին, մեզ դարձրել իր բարեկամն ու օգնականը եւ ազատութիւն է տուել իր ժողովրդին»: Այս մասին նրանք գրեցին պղնձէ տախտակների վրայ, դրանք ամրացրին մի կոթողի եւ այն կանգնեցրին Սիոն լերան վրայ:
27. Այս է նրանց գրած նամակի պատճէնը. «Հարիւր եօթանասուն թուականին, ամսի տասնութին, Շմաւոնի քահանայապետութեան երրորդ տարում,
28. Սամարէքում հաւաքուած ժողովրդի առաջնորդ մեծ քահանաներին, ժողովրդին, ազգերի իշխաններին, բոլոր գաւառների ծերակոյտին. յայտնի է դարձել մեզ, թէ բազմաթիւ պատերազմներ են մղուել ձեր երկրում,
29. որ Յովարիմի որդիներից Մատաթիա քահանայապետի որդի Շմաւոնն իր եղբայրներով կեանքը վտանգի ենթարկելով՝ պատերազմներ է մղել: Նա դիմակայել է իր ազգի թշնամիներին, որ իրենց սրբութիւններն ու օրէնքները չպղծուեն: Նա մեծապէս փառաւորել է իր ազգը:
30. Յովնաթանը միաւորել է իր ազգը, դարձել քահանայապետ, մեռել ու գերեզման մտել:
31. Երբ թշնամին կամեցել է յարձակուել նրանց երկրի վրայ ու ձեռք մեկնել նրանց սրբութիւններին,
32. այդ ժամանակ վեր է կացել Շմաւոնը, յանուն իր ազգի պատերազմ մղել, իր մեծ հարստութիւնը ծախսել, որ իր ազգի համար կռուողներին սպառազինի, պարէն կուտակի ու զինուորներին թոշակ վճարի:
33. Նա ամրացրել է Հրէաստանի քաղաքները, նաեւ Բեթսորան, որ գտնւում է Հրէաստանի սահմաններում, ուր նախկինում պահում էր իրենց թշնամի զօրքերի զէնքն ու զրահը, այնտեղ կանգնեցրել է հրեայ պահապաններ,
34. ամրացրել ծովեզրին գտնուող յոպպէացիների քաղաքները եւ Ազոտի սահմանների մօտ գտնուող Գազարան: Նախկինում դա թշնամու ձեռքին է եղել: Նա այնտեղ հրեաներ է բնակեցրել: Ինչ որ հարկաւոր է եղել իրենց, նա արել է հաստատապէս:
35. Երբ ժողովուրդը տեսել է Շմաւոնի այս բոլոր գործերը, նաեւ այն փառքը, որ իր ազգի համար նա խորհում էր ստեղծել, նրան քահանայապետ եւ իշխան է կարգել, որովհետեւ այս ամէնը նա արել էր նրանց համար: Բացի այդ, նա իր ազգը ղեկավարել է արդարութեամբ ու հաւատով: Նա ձգտում էր ամէն կերպ բարձրացնել իր ժողովրդին:
36. Իր օրօք նրան յաջողուել է իր երկրից վերացնել հեթանոսներին ու նրանց, ովքեր Երուսաղէմի միջնաբերդում են եղել: Սրանք դուրս էին գալիս, գնում ու հիմնովին պղծում սրբարանի շրջակայքը, եւ սրբարանը դրանից մեծապէս տուժել է: Նա նրանց արգելափակել է ու բնաջնջել:
37. Երկրի ու քաղաքի ապահովութեան համար նա պահապաններ է նշանակել, ամրացրել ու բարձրացրել քաղաքի պարիսպները:
38. Դեմետրիոս արքան եւս հաստատել է նրա քահանայապետութիւնը:
39. Այս ամենի համար նա իր բոլոր բարեկամների հետ մեծ պատուի է արժանացրել նրան,
40. որովհետեւ լսել է, թէ հրեաները հռոմէացիներին բարեկամ, եղբայր, հովանաւոր ու նիզակակից են անուանել եւ Շմաւոնի պատգամաւորներին փառքով են ընդունել:
41. Հրեաներն իրենք ու քահանաները բարեհաճել ու յանձն են առել նրան ընտրել յաւիտենապէս քահանայապետ իշխան, մինչեւ որ գար հաւատարիմ մի մարգարէ,
42. որպէսզի նրան դարձնէր առաջնորդող զօրավար, եւ նա հոգ տանէր սրբութիւններին, գործավարներ կանգնեցնէր երկրի գործերի վրայ, գաւառների վրայ, զէնք ու զրահի վրայ, բերդերի վրայ:
43. Շմաւոնը պիտի հոգ տանէր սրբութիւններին, ամբողջ ժողովուրդը պիտի հնազանդուէր նրան, նրա անունով պիտի կնքուէին երկրի բոլոր պայմանագրերը: Նա իրաւունք պիտի ունենար ծիրանի զգեստներ հագնելու եւ ոսկով զարդարուելու:
44. Ժողովրդի կամ քահանաների միջից ոչ ոք իրաւունք չպիտի ունենար հակառակուելու նրա հրամաններին կամ առանց նրա թոյլտուութեան երկրում ժողովներ գումարելու, կամ ծիրանի զգեստներ հագնելու, կամ ոսկէ ճարմանդ կրելու:
45. Եթէ որեւէ մէկը զանց առնէր եւ կամ արհամարհէր սրանք, մահուան կը դատապարտուէր:
46. Ժողովրդին հաճելի թուաց ենթարկուել Շմաւոնի ասածին:
47. Շմաւոնը յանձն առաւ եւ հաճոյքով ընդունեց քահանայապետութիւնը, դարձաւ Հրէաստանի բանակի զօրավար եւ սպարապետ, առաջնորդեց բոլորին:
48. Պատուիրեցին պղնձէ տախտակների վրայ գրել այս հրովարտակը եւ հրամայեցին այն դնել բերդում, սրբարանի մէջ, նշանաւոր, աչքի ընկնող մի տեղ,
49. իսկ դրա պատճէնները դնել գանձարանում, որպէսզի Շմաւոնն ու նրա որդիները այն միշտ ունենան իրենց մօտ»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: