Գիրք` 21. Ա Մակաբայեցիներ

Գլուխ 15

ԱՆՏԻՈՔՈՍ Է-Ի ԹՈՒՂԹԸ ՇՄԱՒՈՆԻՆ
   

1․ Դեմետրիոս արքայի որդի Անտիոքոսը կղզիներից հրովարտակներ ուղարկեց քահանայապետ Շմաւոնին, Հրէաստանի կուսակալին ու նրա ամբողջ ազգին:
2․ Հրովարտակներն ունէին այսպիսի բովանդակութիւն. «Անտիոքոս արքայից ողջո՜յն մեծ քահանայապետ Շմաւոնին եւ հրեայ ազգի կուսակալին:
3․ Քանի որ մի քանի անօրէններ եկան ու խլեցին իմ հայրերի թագաւորութիւնը, ուստի ուզում եմ նոյն թագաւորութիւնը վերականգնել եւ հաստատել ինչպէս առաջ: Արդ, ես մեծ զօրք եմ հաւաքել, ռազմանաւեր պատրաստել,
4․ որպէսզի ելնեմ ու իմ հայրերի վրէժը լուծեմ այն ազգերից, որոնք մեր երկրին վնաս պատճառեցին, աւերեցին մեր մեծամեծ քաղաքները:
5․ Արդ, ես վերահաստատում եմ նախկին թագաւորների այն բոլոր պայմանագրերը, որոնցով վերացւում էին ամէն տեսակի հասոյթի հարկերը:
6․ Միաժամանակ հրաման ենք տալիս, որ դու իրաւունք ունես քո երկրում առանձին դրամ հատելու:
7․ Երուսաղէմն ու սրբավայրերը ամէն ինչից թող ազատ լինեն, քո պատրաստած զէնքն ու զրահը, քո ամրացրած բերդերը թող պատկանեն քեզ:
8․ Արքունի բոլոր պարտքերը, նաեւ հարկերն ու տուրքերը, որ դուք տալիս էք, այսուհետեւ յաւիտեան թող պատկանեն քեզ:
9․ Երբ վերականգնենք մեր տէրութիւնը, մեծ փառքով կը պատուենք քեզ, քո ազգն ու քո տաճարը, որպէսզի քո փառքը յայտնի լինի ամբողջ երկրում»:
   
ԴՈՐԱՅԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ
   

10․ Հարիւր եօթանասունչորս թուականին Անտիոքոսն եկաւ հասաւ իր հայրերի երկիրը: Նրա մօտ հաւաքուեցին բոլոր զօրքերը, իսկ Տրիփոնի մօտ մնացին սակաւաթիւ մարդիկ:
11․ Անտիոքոսը նրան հալածեց, նրան քշեց ծովեզրեայ Դորա բնակավայրը:
12․ Երբ բոլոր զինուորները տեսան նրա գլխին եկած չարիքները, լքեցին նրան:
13․ Անտիոքոսն եկաւ տասներկու հազար 504 հետեւակ զինուորներով եւ ութ հազար սպառազէն հեծեալներով, բանակ դրեց Դորայի շուրջը:
14․ Նա նաւերով փակեց ծովի կողմը եւ քաղաքը շրջափակեց ծովի ու ցամաքի կողմից: Ոչ ոքի չէին թողնում ելնել կամ մտնել:
   
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄԸ
   

15․ Նումենիոսն ու նրա ուղեկիցները եկան, Հռոմ քաղաքից երկրի թագաւորներին հրովարտակներ բերեցին, ուր գրուած էր հետեւեալը.
16․ «Հռոմէացիների հիւպատոս Լեւկիոսից ողջո՜յն Պտղոմէոս արքային:
17․ Հրէաստանից աւագներ եկան մեզ մօտ, որպէսզի նորոգեն նախկին բարեկամութիւնը, նիզակակցութիւնն ու օգնութիւնը: Նրանց մեզ մօտ էին ուղարկել քահանայապետ Շմաւոնն ու հրեաների բանակը:
18․ Նրանք մեզ բերեցին հինգ հազար քանքարի ոսկեայ վահան:
19․ Դրա համար հաճելի է մեզ գրել ձեր երկրի թագաւորներին եւ բոլոր ազգերին, որ ոչ ոք չար բան չխորհի նրանց նկատմամբ, պատերազմ չմղի նրանց քաղաքների ու երկրի դէմ, որպէսզի նրանք մեր թշնամիներին բարեկամ չլինեն:
20․ Մեզ համար հաճելի եղաւ նրանցից ընդունել վահանը:
21․ Արդ, եթէ իրենց երկրից փախած անօրէն մարդիկ կան, յանձնեցէ՛ք քահանայապետ Շմաւոնին, որպէսզի նրանք կարողանան իրենց օրէնքի համաձայն դատել նրանց»:
22․ Որպէսզի դա հաճելի լինի սպարտացիներին, նոյնը գրեց Դեմետրիոս արքային, Աթալային, Արիարէթին, Արշակին,
23․ ուղարկեց բոլոր գաւառները՝ Դելոս, Մինդոն, Սիկիոնա, Կարիդա, Սամոն, Պամփիլա, Լիդիա, Ալիկառնաս, Ռոդոն, Փասելիդա, Սիդէն, Արադոն, Գորտինա, Կնիդոս, Կիպրոս եւ Կիւրէն:
24․ Հրովարտակների պատճէնը ուղարկեցին քահանայապետ Շմաւոնին:
   
ԱՆՏԻՈՔՈՍԸ ՉԵՂԵԱԼ Է ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԻՐ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
   

25․ Անտիոքոս արքան եկաւ եւ պաշարեց Դորան: Վաղ առաւօտեան այնտեղ մօտեցրեց մարտական մեքենաներ ու սկսեց յարձակումը: Նա ներսում արգելափակուած, պաշարուած պահեց Տրիփոնին: Ոչ ոք չէր կարողանում ներսից դուրս գալ, եւ ոչ ոք չէր կարողանում ներս մտնել:
26․ Շմաւոնը նրան օգնելու համար ուղարկեց երկու հազար սպառազէն ընտիր ռազմիկներ, մեծարժէք նուէրներ՝ ոսկի եւ արծաթ,
27․ բայց սա դրժեց նրա հետ կնքած իր ուխտը եւ օտարացաւ նրանից:
28․ Նա իր բարեկամներից մէկին՝ Աթենոբիոսին ուղարկեց նրա հետ բանակցելու համար եւ ասաց. «Դուք գրաւել ու տիրացել էք իմ թագաւորութեան քաղաքներին՝ յոպպէացիների եւ գազարացիների քաղաքներին ու Երուսաղէմի միջնաբերդին:
29․ Դուք աւերել էք դրանց սահմանները, մեծ հարուածներ հասցրել երկրին, շատ գաւառներ գրաւել, բազմաթիւ գաւառներ անջատել իմ տէրութիւնից:
30․ Արդ, վերադարձրէ՛ք քաղաքները, գաւառներն ու շրջանները, դրանցից գանձուող հարկերը, ինչպէս նաեւ Հրէաստանից դուրս գտնուող այն վայրերը, որ նախկինում բռնութեամբ նուաճել էք մեզանից,
31․ ապա թէ ոչ, դրանց փոխարէն տուէ՛ք հինգ հարիւր քանքար արծաթ, ինչպէս նաեւ քաղաքների մինչեւ այսօր չվճարած հարկերն ու ձեր պատճառած աւերի վարձը՝ եւս հինգ հարիւր քանքար: Այլապէս կը գանք ու կը պատերազմենք, կը հարուածենք երկիրը եւ կը կոտորենք»:
32․ Երբ արքայի բարեկամ Աթենոբիոսը եկաւ Երուսաղէմ, տեսաւ Շմաւոնի փառքը, ոսկէ ու արծաթէ սպասքը, մեծաթիւ զօրքի պատրաստի հանդերձանքը, ոտքի կանգնեց նրա առաջ եւ յարգանքով հաղորդեց թագաւորի պատգամը:
33․ Շմաւոնը պատասխանեց նրան ու ասաց. «Օտար երկիր չենք մտել, ոչ էլ որեւէ մէկի բաժնին բռնութեամբ, յանիրաւի ձեռք ենք մեկնել: Անօրէն թշնամիների ձեռքից իզուր տեղը վտարանդի դարձած մեր հայրերի ժառանգութիւնն է,
34․ որ քաջութեամբ, ժամանակի ընթացքում յետ ենք վերցրել:
35․ Ինչ վերաբերում է յոպպէացիների ու գազարացիների քաղաքներին, որ դուք պահանջում էք, ապա դրանք մեծ վնասներ են հասցրել մեր աշխարհին, ուստի մենք էլ վրէժ ենք լուծել նրանցից: Դրա համար մենք կը վճարենք հարիւր քանքար»:
Բայց Աթենոբիոսը պատասխան չտուեց,
36․ զայրացած վերադարձաւ թագաւորի մօտ, նրան հաղորդեց Շմաւոնի վայելած փառքն ու իր տեսած շքեղութիւնը: Թագաւորը խիստ բարկացաւ:
   
ԿԵՆԴԵԲՈՍԸ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ Է ՀՐԷԱՍՏԱՆ
   

37․ Տրիփոնը փախաւ Օրթոսիա:
28․ Թագաւորը ծովեզրեայ շրջանների վրայ սպարապետ նշանակեց Կենդեբոսին, նրան յանձնեց մեծաթիւ հեծեալ եւ հետեւակ զօրքեր:
39․ Պատուիրեց նրան, որ բանակ դնի Հրէաստանի դէմ-յանդիման եւ բերդեր շինելով իսրայէլացիների բանակի դէմ՝ պատերազմելու համար պատրաստութիւն տեսնի: Թագաւորն ի՛նքը հետապնդեց Տրիփոնին:
40․ Կենդեբոսը եկաւ հասաւ Յամնիայի կողմերը, սկսեց հրահրել զօրքերին, որ մտնեն Հրէաստան, գերեն ու սպանեն:
41․ Նա կառուցեց Կեդրոնը եւ այնտեղ շատ հեծելազօր հաւաքեց, որ ներխուժեն Հրէաստան, շրջափակեն նրանց ճանապարհները, ինչպէս թագաւորն էր հրամայել: