ՀՈՂՈՓԵՌՆԷՍԸ ԺՈՂՈՎ Է ԳՈՒՄԱՐՈՒՄ
1. Ասորեստանի զօրքերի զօրապետ Հողոփեռնէսին պատմեցին, թէ իսրայէլացիները պատերազմի են նախապատրաստւում, փակել են լեռնանցքները, պարսպապատել բարձր լեռների գագաթները, ծածուկ որոգայթներ լարել դաշտերում:
2. Հողոփեռնէսը խիստ զայրացաւ, կանչեց Մովաբի բոլոր իշխաններին, Ամոնի զօրապետներին, ծովեզերքի բոլոր նախարարներին եւ ասաց նրանց.
3. «Դուք, ո՛վ քանանացիներ, յայտնեցէ՛ք ինձ, ո՞վ է այդ ժողովուրդը, որ բնակւում է լեռնակողմում, ի՞նչ քաղաքներ են, ուր բնակւում են նրանք, կամ ինչքա՞ն է նրանց զօրքերի բազմութիւնը, ի՞նչ է նրանց ուժը կամ զօրութիւնը, կամ ո՞վ է նրանց թագաւորը եւ նրանց զօրքերի առաջնորդը,
4. եւ ինչո՞ւ նրանք փոխեցին իրենց միտքը, որպէսզի ինձ չդիմաւորեն, այլ գոռոզացան Արեւմուտքի բոլոր բնակիչներից աւելի»:
5. Եւ ահա բոլոր ամոնացիների առաջնորդ Աքիորը ասաց նրանց. «Թող տէրը լսի իր ծառայի խօսքերը. ես քեզ կը պատմեմ ճշմարտութիւնն այդ ժողովրդի մասին, որ բնակւում է այդ լեռնակողմում եւ մօտիկ է քեզ. ոչ մի սուտ խօսք դուրս չի գայ քո ծառայի բերանից:
6. Այս ժողովուրդը քաղդէացիների ազգից է
7. եւ առաջինը պանդխտեց Միջագետքից, որովհետեւ քաղդէացիների երկրում չկամեցաւ պաշտել իր հայրերի աստուածներին. նրանք դուրս եկան իրենց հայրենի երկրից
8. եւ երկրպագեցին երկնքի Աստծուն, որին ճանաչում էին իբրեւ ճշմարիտ Աստծու: Նրանք դուրս գալով՝ գնացին Միջագետք եւ այնտեղ պանդխտեցին բազում օրեր: Իրենց Աստուածն ասաց նրանց, որ դուրս գան պանդխտութիւնից եւ հաստատուեն Քանանի երկրում: Նրանք բնակուեցին այնտեղ, հարստացան ոսկով, արծաթով եւ բազում անասուններով:
9. Նրանք իջան Եգիպտոս, որովհետեւ քանանացիների երկրում սով եղաւ: Այնտեղ պանդխտեցին այնքան ժամանակ, քանի դեռ կարող էին սնուել, այնտեղ խիստ բազմացան, եւ թիւ չկար նրանց ազգին:
10. Նրանց վրայ յարձակուեց եգիպտացիների արքան, նրանց գցեց ծառայութեան տակ՝ չարչարելով եւ հարկադրելով նրանց աղիւսներ պատրաստել:
11. Նրանք կանչեցին իրենց Աստծուն, եւ Աստուած հարուածեց Եգիպտացիների երկիրը անբուժելի աղէտներով: Եգիպտացիները նրանց հալածեցին իրենց երկրից:
12. Աստուած ցամաքեցրեց Կարմիր ծովը նրանց առջեւ
13. եւ նրանց բերեց դէպի Սինայի ճանապարհը, դէպի Կադէս-Բառնա. սրանք անապատի բոլոր բնակիչներին տեղահանեցին,
14. բնակեցրին ամորհացիների երկրում եւ իրենց զօրութեամբ կոտորեցին բոլոր եսեբոնացիներին: Անցան Յորդանան գետը ու ժառանգեցին ամբողջ երկիրը,
20. իրենցից քշեցին հեռացրին քանանացիներին, փերեզացիներին, յեբուսացիներին, սիւքեմացիներին, բոլոր գերգեսացիներին եւ երկար օրեր բնակուեցին այդ երկրում:
21. Քանի դեռ նրանք իրենց Աստծու առջեւ չէին մեղանչել, նրանց հետ էր բարիքը, որովհետեւ Աստուած, որ ատում է անիրաւութիւնը, նրանց հետ էր:
22. Եւ երբ իրենք հեռացան Աստծու պատուիրած ճանապարհից, կոտորուեցին բազմաթիւ պատերազմների մէջ եւ գերուեցին օտար երկիր, որ իրենցը չէր: Իրենց Աստծու տաճարը կործանուեց ու իրենց քաղաքները մատնուեցին իրենց թշնամիների ձեռքը:
23. Այժմ նրանք դարձի են եկել դէպի իրենց Տէր Աստուածը: Հաւաքուեցին այն վայրերից, ուր ցրուած էին իրենց գերութեան մէջ, գրաւեցին Երուսաղէմը, որտեղ սրբարանն էր գտնւում. նրանք ապրեցին լեռնակողմում, որովհետեւ այն անբնակ էր:
24. Եւ արդ, տէ՛ր, եթէ այժմ նրանց ժողովրդի մէջ մոլորութիւն կայ, եւ նրանք մեղանչում են իրենց Աստծու դէմ, ակնկալելով սպասենք դրան, որովհետեւ սա գայթակղութիւն է նրանց համար. մենք յետոյ կը յարձակուենք նրանց վրայ եւ պատերազմ կը տանք նրանց դէմ:
25. Իսկ եթէ որեւէ անիրաւութիւն չունեն իրենց Աստծու հանդէպ՝ զանց առնենք նրանց, տէ՛ր, թերեւս իրենց Տէր Աստուածը պաշտպանի նրանց, եւ մենք ամօթով նախատինք կը կրենք ամբողջ երկրի առջեւ»:
26. Երբ Աքիորը դադարեց այս բաները խօսելուց, ամբողջ բանակը, որ վրանի շուրջն էր, տրտնջաց:
27. Եւ իշխանները, ծովեզերքի բնակիչները, մովաբացիները Հողոփեռնէսին ասացին, որ պատժի Աքիորին: «Մենք, - ասացին նրանք, - չենք վախենում իսրայէլացիներից, մի ժողովուրդ, որ պատերազմի ոչ մի կարողութիւն չունի:
28. Արդ, տէ՛ր Հողոփեռնէս, մենք կ՚ելնենք նրանց դէմ, եւ նրանք քո բոլոր զօրքերին կերակուր կը դառնան»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: