ԴԵՄԵՏՐԻՈՍ ԱՌԱՋԻՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԹԱԳԱՒՈՐ
1. Հարիւր յիսունմէկ թուականին Սելեւկիոսի որդի Դեմետրիոսը ելաւ Հռոմ քաղաքից, սակաւաթիւ զինուորներով եկաւ ծովեզերեայ մի քաղաք եւ թագաւորեց այնտեղ:
2. Երբ Անտիոքոսը ցանկացաւ մտնել իր հայրենի թագաւորական տունը, նրան շրջապատեցին բազմաթիւ զինուորներ, ձերբակալեցին Լիւսիասին, իսկ Անտիոքոսին կալուկապ արած բերեցին Դեմետրիոսի մօտ:
3. Երբ Դեմետրիոսին յայտնեցին եղելութիւնը, նա հրաման տուեց եւ ասաց. «Թող իմ աչքը բնաւ չտեսնի նրանց երեսը»:
4. Նրանց վերցրին, զօրքից դուրս տարան ու սպանեցին: Թագաւորական գահին նստեց Դեմետրիոսը:
5. Նրա մօտ եկան իսրայէլացի անօրէն ու ամբարիշտ մարդիկ, որոնց պարագլուխը Յակիմոսն էր: Նա ինքը ձգտում էր քահանայութեան:
6. Սրանք ամբաստանեցին ժողովրդին ու ասացին. «Յուդան լլկեց, կործանեց մեզ՝ իր եղբայրներին ու քո բարեկամներին, մեզ հալածեց մեր իսկ երկրից:
7. Արդ, հաւատարիմ մարդի՛կ ուղարկիր, որ գան տեսնեն ազգի չարչարանքները եւ այն հարուածները, որ նա հասցրել է մեզ: Նա է ոչնչացրել արքունի երկիրը, վշտացրել նրա պաշտպաններին»:
ԲԱՔԻԴԷՍԸ ԵՒ ՅԱԿԻՄՈՍԸ ՀՐԷԱՍՏԱՆՈՒՄ
8. Կայսրն ընտրեց արքային սիրելի Բաքիդէսին, որը գետի միւս կողմի իշխանն էր, նրա թագաւորութեան հաւատարիմ իշխանը:
9. Սրան ու սրա հետ անօրէն Յակիմոսին ուղարկեցին, նրան յանձնեցին քահանայութիւնը եւ հրաման տուեցին, որ նա լուծի իսրայէլացիների վրէժը:
10. Բաքիդէսը շարժուեց գնաց եւ այդտեղից բանագնացներ ուղարկեց Յուդայի ու նրա եղբայրների մօտ, որ խորամանկ խօսքերով խաղաղութեան դաշինք կնքեն:
11. Սրանք չհաւատացին նրանց խօսքերին, որովհետեւ տեսան, որ բազմաթիւ զօրքերով են եկել:
12. Բաքիդէսի ու Յակիմոսի մօտ հաւաքուեց օրէնսգէտների այն խումբը, որ արդարութիւն էր պահանջում:
13. Իսրայէլացիներից նախ ասիդացիներն էին, որ խաղաղութիւն էին պահանջում,
14. որովհետեւ այսպէս էին մտածում. «Եթէ Ահարոնի զաւակներից մի քահանայ է եկել զօրքի հետ, ուրեմն մեզ վնաս չի պատճառի»:
15. Յակիմոսը խաղաղութեան խօսքեր ասաց նրանց, երդում տուեց նրանց, թէ՝ «Ո՛չ ձեզ վնաս կը պատճառեմ, ո՛չ ձեր բարեկամներին»:
16. Հաւատացին նրան, բայց նա վաթսուն մարդ վերցրեց նրանցից ու մի օրում սպանեց նրանց ըստ Գրքում գրուած այն խօսքի, թէ՝
17. «Քո սրբերի մարմինները նետեցին երկնքի թռչուններին, նրանց արիւնը հեղեցին Երուսաղէմի շուրջը, եւ ոչ ոք չկար, որ թաղէր նրանց»:
18. Ժողովուրդն ահ ու սարսափի մէջ ընկաւ, որովհետեւ մտածում էին, որ նրանք ո՛չ իրաւունք են ճանաչում, ո՛չ ճշմարտութիւն, քանի որ դրժեցին իրենց իսկ խոստումն ու երդումը:
19. Բաքիդէսը հեռացաւ Երուսաղէմից եւ եկաւ, բանակ դրեց Բերաեթում: Նա մարդ ուղարկեց եւ բռնել տուեց բազմաթիւ փախստականների եւ ժողովրդի միջից բազմաթիւ մարդկանց, հրամայեց փողոտել նրանց ու նետել ջրհորների մէջ:
20. Նա երկիրը յանձնեց Յակիմոսին, Յակիմոսի մօտ թողեց բազմաթիւ զինուորներ իբրեւ նրան օգնական եւ ինքը գնաց արքայի մօտ:
21. Յակիմոսը ջանք էր թափում, որպէսզի քահանայապետ դառնար:
22. Նրա մօտ հաւաքուեցին ժողովրդի բոլոր խառնակիչները, նուաճեցին Յուդայի երկիրը եւ Իսրայէլին մեծամեծ հարուածներ հասցրին:
23. Երբ Յուդան տեսաւ Յակիմոսի ու նրա հետ եղող իսրայէլացիների կատարած չարագործութիւնները,
24. չորս կողմից յարձակուեց Հրէաստանի սահմանների վրայ եւ վրէժ լուծեց այն մարդկանցից, որոնք ինքնակամ կերպով հեթանոսներին էին յարել: Դրանից յետոյ նրանք այլեւս Հրէաստան չէին գալիս:
25. Երբ Յակիմոսը տեսաւ, որ այս անգամ էլ հզօրացաւ Յուդան, եւ հասկացաւ, որ չի կարող նրան դիմադրել, նորից եկաւ թագաւորի մօտ, որպէսզի չարախօսի նրա մասին:
ՆԻԿԱՆՈՐԻ ԵՒ ՅՈՒԴԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
26. Թագաւորն ուղարկեց Նիկանորին՝ իր հռչակաւոր զօրավարներից մէկին, մանաւանդ որ սա ատելութիւն ու թշնամանք էր տածում Իսրայէլի նկատմամբ: Թագաւորը նրան պատուիրեց, որ բնաջինջ անի այդտեղի ժողովրդին:
27. Նիկանորը եկաւ հասաւ բազմաթիւ զօրքերով եւ նենգութեամբ խաղաղութեան պատգամներ ուղարկեց Յուդային ու նրա եղբայրներին.
28. «Կռիւ թող չլինի իմ ու ձեր միջեւ: Ես կը գամ սակաւաթիւ մարդկանցով, որ ձեր երեսները տեսնեմ խաղաղութեամբ»:
29. Նա եկաւ Յուդայի մօտ, նրանք խաղաղութեամբ ողջունեցին միմեանց, մինչդեռ զօրքը դասաւորուել-պատրաստուել էր, որ յարձակուի ու ձերբակալի Յուդային:
30. Երբ Յուդան իմացաւ, որ Նիկանորը նենգ մտադրութեամբ է եկել իր մօտ, հոգին տակնուվրայ եղաւ, վրդովուեց, մօտ չեկաւ նրան ու այլեւս չէր ուզում տեսնել նրա երեսը:
31. Նիկանորը հասկանալով, որ իր գաղտնիքը բացայայտուել է, առաջ շարժուեց, որ հանդիպի նրան ու պատերազմի Փարսալլայի մօտերքում:
32. Նիկանորի բանակից ընկաւ մօտ հինգ հարիւր մարդ, իսկ մնացածները փախան Դաւթի քաղաքը:
33. Այս դէպքերից յետոյ Նիկանորը եկաւ, բարձրացաւ Սիոն լեռը: Տեղի սրբավայրերի քահանաներից ոմանք բարձրացան նրա մօտ, որպէսզի խաղաղութեան ողջոյն տան նրան եւ ցոյց տան նրան այն ողջակէզները, որ ամէն օր մատուցում էին թագաւորի կեանքի համար:
34. Նա անարգեց նրանց, ծիծաղեց նրանց վրայ, անպատուեց ծանր ու ամբարտաւան խօսքերով:
35. Նա հարուածեց նրանց եւ ցասումով ասաց. «Եթէ իմ ձեռքը չյանձնէք Յուդային իր գնդի հետ, դուք կը տեսնէք, որ ես այս տաճարը կրակի կը մատնեմ եւ ձեզանից վրէժ կը լուծեմ, երբ խաղաղութիւնը հաստատուած լինի, եւ ես վերադառնամ այստեղ»: Նա թողեց գնաց խիստ վրդովուած ու զայրացած:
36. Քահանաները եկան, ներս մտան, կանգնեցին զոհասեղանի ու տաճարի դիմաց, սկսեցին լալ ու ասել.
37. «Դո՛ւ ես, որ ընտրեցիր քո այս տաճարը, որպէսզի քո սուրբ անուամբ կոչուի այն, որպէսզի դա քո ժողովրդի ուխտի, աղօթքի տուն լինի:
38. Դու էլ վրէ՛ժ լուծիր այդ մարդուց ու նրա բանակից: Նրանք թող կոտորուեն իրենց իսկ սրով: Յիշի՛ր նրանց հայհոյութիւնները եւ նրանց հանգիստ մի տո՛ւր»:
ՆԻԿԱՆՈՐԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՄԱՀԸ
39. Նիկանորը ելաւ Երուսաղէմից եւ բանակ դրեց Բեթսորոնում: Նրան ընդառաջ եկան Ասորիքի զօրքերը:
40. Ինքը Յուդան երեք հազար մարդկանցով բանակ էր դրել Ադասայում: Նա սկսեց աղօթել ու ասաց.
41. «Այն ժամանակ, երբ թագաւորի մօտից մարդիկ էին եկել եւ հայհոյում էին քեզ, ելաւ քո հրեշտակն ու հարուածելով նրանց՝ հարիւր ութսունհինգ հազար մարդ սպանեց: Նոյն ձեւով այսօր դու կոտորի՛ր այս բանակը, որպէսզի մնացածներն իմանան, որ քո սրբութեան վերաբերեալ սին խօսքեր են ասել: Պատժի՛ր նրանց ըստ իրենց կատարած չարագործութեան»:
42. Երկու բանակները հասան եւ իրար բախուեցին Ադար ամսի տասներեքերորդ օրը: Նիկանորի գունդը պարտուեց, ջախջախուեց, եւ երկու բանակների միջեւ ինքն էլ առաջինը սրախողխող ընկաւ:
43. Երբ թշնամու գունդը տեսաւ, որ Նիկանորն ընկաւ, զէնքերը նետեցին եւ փախուստի դիմեցին:
45. 501Սրանք մէկ օր շարունակ Ադասայից հետապնդեցին նրանց, մինչեւ որ հասան Ազերա: Նրանց յետեւից փող էին փչում իբրեւ յաղթանակի նշան,
46. Հրէաստանի բոլոր քաղաքներից ելնում էին ու սպանում նրանց: Հետապնդուողները դարձեալ հաւաքւում էին ու դիմադրում: Այդ օրը սրախողխող ընկան բոլորը, եւ նրանցից մէկ մարդ անգամ չմնաց:
47. Եկան եւ սկսեցին աւար առնել, կողոպտել բանակի զէնքերը, գանձերը եւ ամբողջ ունեցուածքը: Կտրեցին Նիկանորի գլուխն ու աջ ձեռքը, որ նա գոռոզութեամբ յանդգնել էր բարձրացնել տաճարի վրայ, եւ բերեցին ու կախեցին Երուսաղէմի դիմաց:
48. Ժողովուրդը խիստ ուրախացաւ եւ այդ օրը նշեց որպէս տարեկան տօն:
49. Այդ օրը, Ադար ամսի տասներեքերորդ օրը, նրանք հռչակեցին ամենամեայ տօն:
50. Յուդայի երկիրը միառժամանակ հանգիստ ապրեց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: