Գիրք` 19. Յուդիթ

Գլուխ 9

ՅՈՒԴԻԹԻ ԱՂՕԹՔԸ
   
1. Յուդիթն ընկաւ իր երեսի վրայ, վրայից գցեց քուրձը, որ հագել էր, եւ իր գլխին մոխիր ցանեց: Այդ ժամին Երուսաղէմում երեկոյեան խունկն էին մատուցում Տիրոջ տաճարում: Նա բարձր ձայնով կանչեց Տէր Աստծուն եւ ասաց.
2. «Իմ հօր՝ Շմաւոնի Տէ՛ր Աստուած, որի ձեռքում սուր դրեցիր վրէժխնդիր լինելու համար այն այլազգիներից,
3. ովքեր պղծեցին կոյսերի արգանդը, մերկացրին նրանց անդամները, խայտառակեցին նրանց կուսութիւնը նախատինքի եւ թշնամանքի համար, մի բան, որ հաճելի չեղաւ քո առջեւ: Դրա համար էլ նրանց իշխաններին անկողինների պղծութեան համար, որով նրանք դատապարտուեցին, մատնեցիր արեան, սպանեցիր ծառաներին իրենց տէրերի հետ միասին ու հայրերին՝ իրենց աթոռների վրայ. նրանց կանանց մատնեցիր աւարի ու նրանց աղջիկներին՝ գերութեան: Ամբողջ աւարը դարձավ [քո սիրելի որդիների բաժինը], ովքեր խիստ նախանձախնդիր եղան քեզ համար, գարշանք համարեցին իրենց քոյրերի պղծութիւնը եւ օգնութեան կանչեցին քեզ: Արդ, Տէ՛ր Աստուած իմ, լսի՛ր քո աղախնի ձայնը եւ նայի՛ր այրուս խնդրուածքներին:
4. Դու ես արել այդ բոլորը, ինչ եղել է առաջ եւ դրանից յետոյ, ինչ լինում է այժմ եւ ինչ լինելու է յետոյ. դո՛ւ մտածեցիր այդ բոլորը, եւ եղաւ այնպէս, ինչպէս որ դո՛ւ կամեցար: Այդ բոլորը, ինչպէս դու մտածել էիր, կանգնեցին քո առաջ եւ ասացին.
5. «Ահա մենք»: Քո բոլոր ճանապարհները պատրաստ են, քո դատաստանները՝ կանխորոշուած:
6. Ահաւասիկ ասորեստանցիներն իրենց զօրքերով լցուեցին մեր երկիրը, գոռոզացան իրենց երիվարներով ու հեծեալներով, հպարտացան ու մեծամտեցին իրենց հետեւակի բազմութեան հզօրութեամբ, յոյս դրեցին իրենց նիզակների, սպառազինութեան, աղեղնաւորների ու պարսատիկաւորների կորովի վրայ. նրանք չիմացան, որ դու ես Տէրը, որ խորտակում ես պատերազմները, եւ որ քո անունը Տէր է: Փրկի՛ր մեզ այս նեղութիւնից
11. եւ ցրի՛ր նրանց զօրութիւնը, ո՛վ Ամենակալ Տէր, խորտակի՛ր, տապալի՛ր նրանց զօրութիւնը քո բարկութեամբ, որովհետեւ նրանք կամեցան պղծել քո սրբութիւններն ու քո փառքի անուան բնակարանները եւ երկաթով խորտակել քո սուրբ զոհասեղանի եղջիւրները:
12. Նայի՛ր եւ տե՛ս նրանց ամբարտաւանութիւնը, քո բարկութիւնն ուղարկի՛ր նրանց գլխին եւ զօրութի՛ւն տուր քո աղախնու, իմ՝ այրուս ձեռքին, որ կատարեմ այն, ինչ մտածեցի:
15. Իմ շուրթերի խաբէութեամբ հարուածի՛ր, կործանի՛ր ծառային եւ իշխանին՝ իր ծառաներով 483, խորտակի՛ր նրանց հպարտութիւնը իմ՝ այս կնոջ ձեռքով, որովհետեւ քո զօրութիւնը ոչ թէ բազմութեան մէջ է, քո արդարութիւնը ոչ թէ նրանցն է, ովքեր հզօր են, այլ դու խոնարհների Տէր Աստուածն ես, կարօտեալների օգնականը, տկարների ապաւէնը, կարօտեալների խնամակալը, յուսահատների փրկիչը:
17. Այո՛, դու իմ հօր Աստուածն ես, Իսրայէլի ժառանգութեան Աստուածը, երկնքի եւ երկրի Տէրը, ջրերի Արարիչը, դու ես քո բոլոր արարածների Թագաւորը,
18. լսի՛ր քո աղախնի աղօթքը, ինձ այնպիսի խօսքեր տո՛ւր, որ խօսեմ կործանելու համար նրանց, ովքեր եկել յարձակուել են քո կտակարանների վրայ, քո Տան վրայ, Սիոնի բարձունքի ու քո որդիների բնակարանների վրայ, որովհետեւ դաժան բաներ խորհեցին:
19. Քո բարձր բազուկը ցո՛յց տուր մեզ՝ քո ժառանգութեանը, թէ դու ես Աստուածը, որ տիրում ես բոլոր զօրութիւններին եւ իշխանութիւններին, եւ բացի քեզնից ոչ ոք չկայ, որ պաշտպան լինի Իսրայէլի ազգին, ո՛վ Տէր»: