Գիրք` 28. Իմաստութիւն Սողոմոնի

Գլուխ 1

ՓՆՏՌԵԼ ԱՍՏԾՈՒՆ ԵՒ ՓԱԽՉԵԼ ՄԵՂՔԻՑ
   
1․ Սիրեցէ՛ք արդարութիւնը, երկրի՛ դատաւորներ: Բարի՛ խորհեցէք Տիրոջ մասին եւ պարզ սրտով փնտռեցէ՛ք նրան: 
2․ Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ: 
3․ Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգամներին: 
4․ Իմաստութիւնը չի մտնի չարանենգ անձի մէջ եւ ոչ էլ կը բնակուի այն մարմնի մէջ, որ մեղք է գործում: 
5․ Իմաստուն եւ անբիծ հոգին փախչում է նենգութիւնից ու մերժում անմիտների խորհուրդները, եւ երբ անիրաւութիւն է վրայ հասնում, յանդիմանում է այն: 
6․ Իմաստուն եւ մարդասէր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետեւ Աստուած վկայ է նրա ներքին ցանկութիւններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է եւ նրա լեզուի ունկնդիրը: 
7․ Արդարեւ, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը, եւ Նա, որ պահում է ամէն ինչ, գիտէ, թէ ով ինչ է բարբառում: 
8․ Ուստի նա, ով անիրաւ բաներ է շշնջում, չի ծածկուելու եւ չի խուսափելու արդարացի դատապարտութիւնից: 
9․ Ամբարիշտների խորհուրդների քննութիւն պիտի լինի, նրանց ասածների լուրը պիտի հասնի Տիրոջը, եւ նրանք պիտի կրեն իրենց անիրաւութիւննների պատիժը: 
10․ Նախանձախնդիր ականջը լսում է ամէն բան, եւ քրթմնջիւնն ու շշնջիւնն անգամ չեն մնայ ծածուկ: 
11․ Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կը սպանի հոգին: 
12․ Ձեր կեանքի մոլորութեամբ ձեզ մահ մի՛ ցանկացէք եւ մի՛ սպանէք ձեր անձերը՝ ձեր իսկ ձեռքերի գործերով: 
13․ Արդարեւ, Աստուած մահ չի ստեղծել, եւ նա չի ուրախանում ողջերի կորստեան համար: 
14․ Նա ամէն ինչ հաստատել է լինելու համար, եւ աշխարհի գործերը փրկութեան համար են: Ո՛չ մահաբեր թոյն կայ նրանց մէջ ե՛ւ ոչ էլ դժոխքի թագաւորութիւն՝ երկրի վրայ, 
15․ որովհետեւ արդարութիւնը անմահ է:
16․ Իսկ ամբարիշտները ձեռքով ու խօսքով իրենց մօտ կանչեցին մահը, նրան իրենց բարեկամ համարեցին, հալումաշ եղան եւ դաշինք կնքեցին նրա հետ. եւ իսկապէս արժանի են բաժնեկից լինելու նրան: