Գիրք` 32. Օսէէ

Գլուխ 12

ԻՍՐԱՅԷԼԸ ԵՒ ՅՈՒԴԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԱԾ ԵՆ
   
1. Սակայն այս Եփրեմը չար է. հետեւեց խորշակին, ամբողջ օրը դատարկ եւ սնոտի բաներ շատացրեց, դաշինք կնքեց ասորեստանցիների հետ եւ իւղ էր տանում Եգիպտոս:
2. Տէրը վէճ ունեցաւ Յուդայի հետ եւ կը պատժի Յակոբին. ըստ նրա ճանապարհի եւ ընթացքի կը հատուցի նրան:
3. Արգանդում նա խաբեց իր եղբօրը եւ իր գործերով ուժ ցոյց տուեց Աստծու դէմ. նա չափուեց Հրեշտակի հետ եւ յաղթեց նրան:
4. Լաց եղան, աղաչեցին ինձ եւ գտան ինձ իմ տանը. այնտեղ խօսք ուղղուեց նրանց,
5. եւ Ամենակալ Տէր Աստուածը կը դառնայ յիշատակը նրանց:
   
ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹԵԱՆ ԱՅԼ ԽՕՍՔԵՐ
   
6. «Դու կը դառնաս քո Աստծուն, կը պահպանես ողորմութիւն եւ արդարութիւն եւ ամէն ժամ կը մերձենաս քո Տէր Աստծուն»:
7. Անիրաւութեան կշեռքը Քանանի ձեռքում է, եւ նա սիրեց բռնանալ:
8. Եփրեմն ասաց. «Հարստացայ, հանգիստ գտայ իմ անձի համար». նրա բոլոր վաստակները չեն մնայ նրան, քանի որ անօրէնութիւնների համար յանցանք գործեց:
9. «Բայց ես՝ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ Եգիպտացիների երկրից, դարձեալ կը բնակեցնեմ քեզ վրանների տակ ինչպէս տօն օրերին:
10. Կը խօսեմ մարգարէների հետ, կը շատացնեմ տեսիլքները եւ մարգարէների միջոցով կը ներկայանամ:
11. Եթէ Գաղաադը չկար, ապա սուտ էին իշխանները, որ զոհ էին մատուցում Գաղգաղայում, եւ նրանց զոհասեղանները նման էին կրիաների խոպան հողում:
12. Յակոբը գնաց ասորիների դաշտը, Իսրայէլը ծառայեց կնոջ համար եւ կնոջ համար պահակութիւն արեց:
13. Տէրը մարգարէի միջոցով Իսրայէլը հանեց Եգիպտոսից, եւ նա պահպանուեց մարգարէի միջոցով:
14. Իսրայէլը ինձ բարկացրեց ու զայրացրեց, նրա արիւնը իր վրայ կը թափուի, եւ Տէրը կը հատուցի նրան նրա նախատինքների համար»: