Ժողովրդի կեղծ զղջումը
1․ Եկեք հե՛տ դառնանք Տիրոջը։ Քանի որ նա բզկտեց, բայց նա կբժշկի մեզ. նա զարկեց, նա էլ վիրակապի մեզ։
2․ Նա երկու օրից հետո կվերակենդանացնի մեզ, երրորդ օրը նա մեզ կկանգնեցնի, որ մենք ապրենք նրա առաջ։
3․ Ճանաչենք և հետամուտ լինենք ճանաչելու Տիրոջը. արշալույսի պես ստույգ է նրա ելքը, և նա անձրևի պես պիտի գա մեզ, գարնանային անձրևի պես, որ ոռոգում է երկիրը։
4․ Ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Եփրեմ, ի՞նչ անեմ քեզ, ո՛վ Հուդա, որովհետև ձեր բարությունը առավոտյան ամպի պես է և ցողի նման է, որը շուտով չքանում է։
5․ Ուստի մարգարեների միջոցով նրանց կոփեցի, նրանց սպանեցի իմ բերանի խոսքերով. քո դատաստանները լույսի պես կծագեն։
6․ Որովհետև ողորմություն եմ ցանկանում և ոչ թե զոհ, Աստծու ճանաչում, ոչ թե ողջակեզներ։
7․ Բայց նրանք Ադամի պես շրջանցում են ուխտը. այնտեղ իմ հանդեպ անհավատարմությամբ վարվեցին։
8․ Գաղաադը անօրենություն անողների քաղաք է՝ արյան հետքերով լի։
9․ Ավազակների պես մարդու հետևից դարան մտնելով՝ քահանաների խումբը Սյուքեմի ճանապարհին մարդ է սպանում և եղեռնագործություն անում։
10․ Իսրայելի տանը սոսկալի մի բան տեսա. այնտեղ է Եփրեմի պոռնկությունը. Իսրայելը պղծվեց։
11․ Քեզ համար էլ, ո՛վ Հուդա, մի հունձք կա պատրաստված, երբ իմ ժողովրդին կվերադարձնեմ գերությունից։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: