ԸՆԴԴԷՄ ԿԵՂԾ ՄԱՐԳԱՐԷՆԵՐԻ
1. Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
2. «Մարդո՛ւ որդի, մարգարէութի՛ւն արա Իսրայէլի այդ մարգարէների դէմ, որ մարգարէանում են այնտեղ, եւ ասա՛ այդ մարգարէներին, որոնք իրենց սրտի ուզածի պէս են մարգարէանում. մարգարէացի՛ր ու ասա՛ նրանց. «Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները:
3. Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. վա՛յ նրանց, որ այդպէս քմահաճօրէն են մարգարէանում, որ գնում են իրենց քմահաճոյքի յետեւից ու ոչինչ չեն տեսնում:
4. Ո՛վ Իսրայէլ, քո մարգարէներն այնպէս էին, ինչպէս աղուէսները՝ աւերակներում. նրանք հաստատուն չմնացին:
5. Հօտեր ժողովեցին Իսրայէլի քո տան վրայ, ու չհաստատուեցին այն խօսքերը, որ նրանք խօսում էին Տիրոջ անունից,
6. սուտ տեսիլքներ էին տեսնում, սնոտի գուշակութիւններ անում ու ասում էին՝ ‘Այսպէս է ասում Տէրը’”: Բայց ես՝ Տէրս, չէի ուղարկել նրանց: Եւ սկսեցին ուրիշ խօսքեր էլ մէջտեղ գցել:
7. Չէ՞ որ սուտ տեսիլքներ էիք տեսել, սնոտի գուշակութիւններ արել, երբ ասում էիք, թէ այսպէս է ասել Տէրը: Բայց ես՝ Տէրս, չէի ասել:
8. Ուստի ասա՛. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. այն բանի համար, որ ձեր խօսքերը սուտ են, ձեր գուշակութիւնները՝ սնոտի,
9. ահա դրա համար ես իմ ձեռքը, - ասում է Ամենակալ Տէրը, - իջեցնելու եմ ձեզ վրայ, նաեւ ձեր մարգարէների վրայ, որոնք սուտ տեսիլքներ էին տեսնում ու սնոտի բաներ խօսում: Իմ ժողովրդի ժողովատեղիներում չպէտք է լինեն դրանք, ո՛չ պիտի յիշուեն Իսրայէլի տան գրքերում, ո՛չ էլ պիտի մտնեն Իսրայէլի երկիրը: Եւ պէտք է իմանան, որ ես եմ Ամենակալ Տէրը:
10. Եւ իմ ժողովրդին մոլորեցնելու համար ասում էին՝ խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն է. բայց խաղաղութիւն չէր լինում: Ժողովուրդը պատ էր կանգնեցնում, իսկ նրանք ծեփ էին քսում, որ փլուի:
11. Տէրն ասում է այդ ծեփողներին. «Դա անզգամութիւն է, քանի որ փուլ կը գայ. անձրեւ կը գայ ու կ՚ողողի: Դրա որմնակալերը ռմբաքարերով կը քարկոծեմ, ու կը խորտակուեն: Հողմ կը բարձրանայ ու կը տապալի:
12. Եւ Ահա խորտակուած է պատը. այն ժամանակ ձեզ չե՞ն ասի, թէ՝ «Ո՛ւր է ձեր ծեփը, որով այն ծեփեցիքը»»:
13. Արդ, այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Իմ սրտմտութեամբ հողմ եմ արձակելու, որ ամէն ինչ մէջտեղից վերացնի: Իմ բարկութեամբ անձրեւ է գալու՝ ողողելու համար: Ցասումով ռմբաքար ժայռեր եմ արձակելու դրա վրայ, որ կործանուի:
14. Գետնին եմ հաւասարեցնելու այն պատը, որ ծեփում էիք, եւ այն պիտի խորտակուի: Գետին եմ տապալելու այն, ու նրա հիմքերն են երեւալու: Ընկնելու եւ վերջ է գտնելու այն՝ մեղադրուելով: Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը:
15. Սրտմտութիւնս եմ թափելու թէ՛ պատի, թէ՛ այն ծեփողների վրայ: Եւ այն պիտի խորտակուի: Եւ ասելու եմ ձեզ, որ պատն այլեւս չկայ, ոչ էլ այն ծեփող Իսրայէլի մարգարէները,
16. որոնք մարգարէանում էին Երուսաղէմի մասին, նրա համար խաղաղութիւն էին գուշակում, բայց խաղաղութիւն չկարը»», - ասում է Ամենակալ Տէրը:
ԸՆԴԴԷՄ ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԷՈՒՀԻՆԵՐԻ
17. «Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, դարձրո՛ւ դէմքդ քո ժողովրդի դուստրերի կողմը, որոնք իրենց սրտի ուզածի պէս էին մարգարէանում: Դու էլ մարգարէութի՛ւն արա նրանց մասին ու ասա՛.
18. «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. վա՛յ նրանց, որ մոգական բարձիկներ են կարում-կարկատում թեւի արմունկի տակի համար եւ գլխաշորեր են սարքում ամէն հասակի մարդկանց գլխի համար՝ մոլորեցնելու նրանց հոգիները, որովհետեւ մոլորուել են իմ ժողովրդի հոգիները:
19. Խելքահան էին անում նրանց, ինձ բամբասում էին իմ ժողովրդի առաջ՝ մի բուռ գարու կամ մի պատառ հացի համար, որպէսզի սպանեն մարդկանց, որոնք մահապարտ չէին, եւ կենդանի պահեն նրանց, ովքեր պէտք չէ որ ապրէին: Խօսում էին ժողովրդի ականջին, որ ախորժում է սին խօսքերից:
20. Ուստի այսպէս է ասում Տէր Աստուածը. «Ահա ես մոգական բարձիկների դէմ եմ, որոնց մէջ ամփոփում էիք ձեր հոգիները, եւ պատռել-պոկելու եմ դրանք ձեր թեւերից, առաքելու եմ այն մարդկանց, ում դուք մոլորեցնում էիք՝ կործանելու համար:
21. Պատառոտելու եմ ձեր գլխաշորերը: Ազատելու եմ իմ ժողովրդին ձեր ձեռքից, ու նրանք ձեր բուռը հաւաքուած չեն լինելու: Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը:
22. Այն բանի համար, որ անիրաւութեամբ խոտորում էիք արդարի սիրտը (ե՛ս չէի մոլորեցնում), ինչպէս նաեւ նրա համար, որ զօրացնում էիք անօրէնի բազուկը, որպէսզի նա երբեք յետ չդառնայ իր անօրէնութիւնից, իր չար ճանապարհից ու ապրի, -
23. դրա համար այլեւս ունայնութիւններ չէք գուշակելու, հաճոյական գուշակութիւններ չէք անելու: Փրկելու եմ իմ ժողովրդին ձեր ձեռքից, ու պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը»»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: