Գիրք` 48. Եզեկիել

Գլուխ 13

Ընդդեմ կեղծ մարգարեների
   

1. Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.

2. «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի մարգարեացող մարգարեների դեմ և ասա՛ իրենց մտքից մարգարեացողներին. Լսե՛ք Տիրոջ խոսքը.

3. այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ հիմար մարգարեներին, որ իրենց հոգու հետևից են գնում և ոչինչ չեն տեսնում"։

4. Քո մարգարեներն ավերակներում եղող աղվեսների պես են, ո՛վ Իսրայել։

5. Դուք ճեղքերի տեղերը չբարձրացաք և Իսրայելի տունը պարսպով չպատեցիք, որ Տիրոջ օրը պատերազմում կանգուն լինեն։

6. Նրանք ունայն տեսիլք և սուտ գուշակություն են տեսնում, երբ ասում են. Տերն է ասում, երբ Տերը նրանց չի ուղարկել, և նրանք սպասում են, որ իրենց խոսքը կատարվի։

7. Մի՞թե ունայն տեսիլք չտեսաք և սուտ գուշակություն չխոսեցիք, երբ ասացիք. Տերն է ասում, երբ ես չէի խոսել»։

8. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև ձեր խոսքերը ունայն են, և ձեր գուշակությունները՝ սուտ, ուստի ես ձեզ դեմ եմ»,- ասում է Տեր Աստված։

9. «Եվ իմ ձեռքն այն մարգարեների դեմ պիտի լինի, որոնք ունայն տեսիլք են տեսնում և սուտ գուշակություն են անում. նրանք չպիտի լինեն իմ ժողովրդի խորհրդի մեջ, չպիտի գրանցվեն Իսրայելի տան գրքում և չպիտի մտնեն Իսրայելի երկիրը։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տեր Աստված։

10. Որովհետև նրանք մոլորեցնում են իմ ժողովրդին՝ ասելով. Խաղաղությո՜ւն, երբ խաղաղություն չկա. և որովհետև երբ ժողովուրդը պատ է կառուցում, նրանք կրածեփում են։

11. Ծեփողներին ասա՛. Տապալելու է, հորդահոս անձրև է լինելու, և դուք, ո՛վ կարկուտի քարեր, վայր կընկնեք, և մրրկալից հողմը այն կճեղքի։

12. Եվ ահա երբ պատը տապալվի, մի՞թե ձեզ չեն ասելու. "Ո՞ւր է այն կրածեփը, որով ծեփեցիք"։

13. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. Իմ զայրույթով մրրկալից հողմ պիտի արձակեմ, և հորդահոս անձրև պիտի լինի իմ բարկությամբ ու կարկուտի քարեր՝ զայրույթով ոչնչացնելու համար։

14. Եվ պիտի քանդեմ այն պատը, որ ծեփեցիք, և գետնով պիտի տամ այն, որ նրա հիմքը բացվի, երբ տապալվի, և դուք նրա մեջ պիտի կործանվեք և պիտի իմանաք, որ ես եմ Տերը։

15. Իմ զայրույթը պիտի սպառեմ այդ պատի վրա և այն ծեփողների վրա ու պիտի ասեմ ձեզ. "Չկա պատը, և չկան այն ծեփողները՝

16. Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում են Երուսաղեմի վերաբերյալ և խաղաղության տեսիլք են տեսնում նրա մասին, երբ խաղաղություն չկա"»,- ասում է Տեր Աստված։

   
Ընդդեմ սուտ մարգարեուհիների
   

17. «Եվ դու, մարդո՛ւ որդի, դեմքդ դարձրո՛ւ քո ժողովրդի դուստրերի դեմ, որոնք մարգարեանում են իրենց մտքից, և մարգարեացի՛ր նրանց դեմ

18. ու ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Վա՜յ այն կանանց, որոնք մոգական բարձիկներ են կարում թևերի յուրաքանչյուր հոդի համար և լաչակներ են սարքում ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ հոգիներ որսալու նպատակով։ Դուք որսում եք իմ ժողովրդի հոգիները. մի՞թե ձեր հոգիները կապրեցնեք։

19. Դուք մի բուռ գարու և մի քանի կտոր հացի համար անարգեցիք ինձ իմ ժողովրդի առաջ՝ մեռցնելով այն հոգիները, որոնք չպիտի մեռնեին, և ապրեցնելով այն հոգիները, որոնք չպիտի ապրեին, ձեր ստով՝ իմ ժողովրդին, որ ստերի է ունկնդրում"»։

20. Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես դեմ եմ ձեր բարձիկներին, որոնցով դուք հոգիներ եք որսում թռչունների պես. դրանք պիտի պոկեմ ձեր բազուկների վրայից և պիտի ազատեմ այն հոգիներին, որ դուք որսում եք, որպեսզի թռչեն։

21. Եվ պիտի պատառոտեմ ձեր լաչակները և իմ ժողովրդին ազատեմ ձեր ձեռքից, որպեսզի նրանք ձեր ձեռքում այլևս որս չլինեն։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը։

22. Որովհետև դուք ստով արդարի սիրտը հուսալքել եք, երբ ես նրան չէի վշտացրել, և ուժեղացրել եք ամբարիշտի ձեռքերը, որ հետ չդառնա իր չար ճանապարհից ու ապրի։

23. Ուրեմն այլևս ունայն տեսիլք չեք տեսնելու և գուշակություն չեք անելու. իմ ժողովրդին ե՛ս պիտի ազատեմ ձեր ձեռքից. և կիմանաք, որ ես եմ Տերը»։