ՈՂԲ ԺՈՂՈՎՐԴԻ ԴՍՏԵՐ ՄԱՍԻՆ
1․ ալեփ Ինչպէ՜ս խաւարեցրեց Տէրը Սիոնի դստերը իր ցասումով ու բարկութեամբ, Իսրայէլի փառքը երկնքից երկիր նետեց եւ չյիշեց իր ոտների պատուանդանը:
2․ բեթ Իր ցասման ու բարկութեան օրը Տէրն անխնայ խորտակեց Յակոբի տան գեղեցկութիւնը, քանդեց ու չխնայեց, կործանեց Յուդայի երկրի դստեր ամրոցները երկրի վրայ, անարգեց նրանց իշխաններին ու թագաւորներին:
3․ գամէլ Տէրն իր ցասման ու բարկութեան օրը փշրեց Իսրայէլի բոլոր եղջիւրները եւ նրան յետ շպրտեց իր թշնամիների առաջ: Կրակը պատեց Յակոբի երկիրը, լափեց ու ոչնչացրեց ամէն բան, ինչ կար նրա շուրջը:
4․ դալեթ Նրա գիրկը մտաւ իբրեւ թշնամի, իր աջը հաստատեց նրա վրայ եւ սպանեց Սիոնի դստեր բոլոր սիրելիներին, իր ցասումն ու բարկութիւնը կրակի պէս թափեց նրա վրայ:
5․ հէ Տէրը, իբրեւ թշնամի, կործանեց Իսրայէլը, կործանեց նրա թագաւորներին, կործանեց նրա բոլոր ամրոցները եւ Յուդայի երկրի դստեր տառապանքների վրայ տառապանքներ աւելացրեց:
6․ վաւ Այգու պէս հատեց նրա խորանները, վերացրեց նրա տարեկան տօները. Տէրը մոռացութեան տուեց այն տարեկան տօներն ու շաբաթները, որ կատարում էր Սիոնը. իր բարկութեան պահին մռնչալիս՝ տագնապի մատնեց թագաւորներին, իշխաններին ու քահանաներին:
7․ զէ Տէրը մերժեց իր զոհասեղանը, հեռու վանեց իր սրբարանները, կործանեց իր տաճարների պարիսպներն ու աշտարակները. Տիրոջ Տան մէջ թշնամիները աղմկեցին ու գոչեցին, ինչպէս նրա տարեկան տօների օրերին:
8․ խեթ Սիոնի դստեր պարիսպն ընկաւ ու կործանուեց. լարը քաշեցին եւ բաց չթողեցին իրենց ձեռքերից. աշտարակները սուգ մտան, եւ բոլոր պարիսպները ցնցուեցին ու կործանուեցին:
9․ թեթ Նրա դռները գետին տապալեցին, խորտակեցին նրա նիգերը: Նրանց թագաւորներն ու իշխանները հեթանոսների մէջ էին. օրէնք ու մարգարէներ չկային, չկային եւ նրանք, ովքեր տեսիլքներ էին տեսնում Տիրոջ կողմից:
10․ յոդ Ամէն ինչ իջաւ ու գետնին հաւասարուեց: Սիոնի դստեր ծերերը պապանձուեցին, հող ցանեցին իրենց գլխին, քուրձ հագան: Երուսաղէմի իշխաններին գետին տապալեցին:
11․ քափ Իմ ժողովրդի դստեր կործանման համար արցունք թափելուց աչքերիս լոյսը խաւարեց, որովայնս տակնուվրայ եղաւ, փառքս 846 լուծուեց հողի մէջ, քանզի քաղաքի բոլոր փողոցներում մեռնում են ծծկեր մանուկները:
12․ լամէք Նրանք հաց ու գինի էին խնդրում իրենց մայրերից, մինչ քաղաքի մէջ ընկած ու ցրուած՝ մեռնում, իրենց հոգիներն էին աւանդում:
13․միմ Քո մասին ի՞նչ վկայութիւն բերեմ կամ քեզ ո՞ւմ նմանեցնեմ, դո՛ւստր Երուսաղէմի. ո՞վ պիտի մխիթարի քեզ, Սիոնի կո՛յս աղջիկ. ծանրացաւ քո վշտի բաժակը, ո՞վ է, որ պիտի կարողանայ բժշկել քեզ:
14․ նուն Մարգարէները զուր, խաբուսիկ ու անշահ տեսիլքներ տեսան քեզ համար եւ քեզ չյայտնեցին քո անիրաւութիւնները, որ կարողանայիր վերադառնալ քո գերութիւնից, այլ քեզ տուեցին սնոտի առասպելներ քո բնակավայրից հեռանալու մասին:
15․ սամքաթ Բոլոր անցորդները ծափ զարկին, սուլում էին ու շարժում իրենց գլուխները Սիոնի դստեր վրայ. «Ա՞յս է այն քաղաքը, - ասում էին, - որ ամբողջ երկրի փառքի պսակն էր եւ ուրախութիւնը»:
16․ փէ Քո բոլոր թշնամիներն իրենց բերանները բացեցին քեզ վրայ, սուլում էին կրճտում եւ իրենց ատամները՝ ասելով. «Եկէք կո՛ւլ տանք սրան. չէ՞ որ սա այն օրն է, որին սպասում էինք. ահաւասիկ տեսանք, գտանք ու հասանք մենք նրան»:
17․ էյ Տէրն ինչ խօսել էր՝ արեց, կատարեց իր ասածները, ինչ պատուիրել էր հին օրերում. քանդեց ու չխնայեց, քո թշնամիներին քեզ վրայ ծիծաղել տուեց եւ բարձրացրեց քեզ նեղողների եղջիւրը:
18․ ծադէ Նրանց սրտերը պիտի աղաղակեն դէպի Սիոնի դստեր պարիսպները, գիշեր ու ցերեկ հեղեղի պէս արցունք պիտի թափեն. մի՛ լռիր, մի՛ դադարիր, աչքդ արտասուքից թող հանգիստ չառնի:
19․ կոփ Վե՛ր կաց խոստովանութեան, գիշերը, քո պահեցողութեան սկզբին, քո սիրտը, ինչպէս ջուր, թափի՛ր Տիրոջ առաջ, ձեռքդ վե՛ր կարկառիր քո մանուկների հոգիների համար, որոնք սովամահ էին լինում քո երթեւեկութեան բոլոր ճանապարհներին:
20․ րէշ Տե՛ս, ո՛վ Տէր, նայի՛ր՝ ո՞ւմ այսպէս ճռաքաղ արիր, որ կանայք ուտեն իրենց որովայնի պտուղը, ճռաքաղ արիր, ներս տարար, տուիր խոհարարներին, որ ներսում, Տիրոջ սրբարանի մէջ, մորթեն ծծկեր մանուկներին, քահանային ու մարգարէին:
21․ շին Ծերն ու տղան միասին վախճանուեցին ճանապարհների գլխին, կոյսն ու երիտասարդը քշուեցին գերութեան. քո բարկութեան օրը սրի քաշեցիր, կոտորեցիր, մորթեցիր, կերակուր դարձրիր ու չխնայեցիր:
22․ թաւ Պանդխտութեանս օրը, ինչպէս տարեկան տօներին, հրաւիրեցիր, որ նրանք իմ շուրջը հաւաքուեն, բայց ոչ ոք չգտնուեց, որ Տիրոջ ցասման ու բարկութեան ժամին փրկուած կամ կենդանի մնացած լինէր, մինչդեռ իմ բոլոր թշնամիներն ապրեցին ու բազմացան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: