Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 30

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԻՍՐԱՅԷԼԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
 

1. Այս է այն խօսքը, որ Տէրն ուղղեց Երեմիային՝ ասելով.

2. «Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. այն բոլոր բաները, որ քեզ հրամայեցի, քեզ համար գրի՛ առ մատեանի մէջ:

3. Ահա օրեր են գալու, - ասում է Տէրը, - երբ Իսրայէլի իմ գերեալ ժողովրդին, նաեւ Յուդայի երկրի ժողովրդին վերադարձնելու եմ. վերադարձնելու եմ այն երկիրը, - ասում է Տէրը, - որ տուեցի նրանց հայրերին, որպէսզի տիրեն նրան»:

4. Սրանք են այն խօսքերը, որ խօսեց Տէրը Իսրայէլի եւ Յուդայի երկրի մասին.

5. այսպէս է ասում Տէրը. «Սարսափի ձայն պիտի լսէք, ձայնը ահեղ գոյժի, որից մարդկանց մէջքերը պիտի դողան, եւ փրկութիւն ու հանգստութիւն չպիտի լինի:

6. Հարցրէ՛ք ու տեսէ՛ք, թէ երբեւէ արուն ծնե՞լ է. հապա ինչո՛ւ ամէն տղամարդու տեսնում եմ իր ձեռքերը մէջքին պահած, ինչպէս ծննդկան կինը, եւ բոլորի դէմքի գոյնը դալուկ դարձած.

7. քանզի մեծ է այն օրը, եւ նրա նմանը չկայ: Դա Յակոբի համար սարսափելի նեղութեան ժամանակ է լինելու, բայց նա փրկուելու է դրանից:

8. Այն օրը, - ասում է Զօրութիւնների Տէրը, - նրանց պարանոցից խորտակելու եմ լուծը, խզելու եմ նրանց կապանքները. նրանք այլեւս օտարներին հարկատու չեն մնալու,

9. այլ ծառայելու են իրենց Տէր Աստծուն. նրանց համար վերականգնելու եմ իրենց Դաւիթ արքային:

10. Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, - ասում է Տէրը, - չզարհուրես, ո՛վ Իսրայէլ, որովհետեւ ահաւասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերութեան երկրից: Պիտի վերադառնայ Յակոբը, հանգստութիւն պիտի գտնի ու բարեկեցիկ կեանք ունենայ, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան:

11. Ահա ես քեզ հետ եմ, - ասում է Տէրը, - որպէսզի փրկեմ քեզ եւ կործանեմ այն ազգերին, որոնց մէջ ցրեցի քեզ: Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարութեամբ եմ պատժելու եւ քաւութիւն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ»:

12. Այսպէս է ասում Տէրը. «Սաստկացրի քո տառապանքը. քո կրած հարուածները ցաւագին են,

13. քո դատը պաշտպանող չկայ: Դու բժշկուեցիր քո ցաւերից, բայց դա քեզ օգուտ չբերեց:

14. Քո բոլոր բարեկամները քեզ մոռացան եւ չեն հարցնում քո մասին: Իբրեւ սոսկալի խրատ՝ ես թշնամական հարուածներ հասցրի քեզ: Քո բոլոր անօրէնութիւնների պատճառով բազմացան մեղքերդ:

15. Քո կրած հարուածների համար ի՞նչ ես աղաղակ բարձրացրել: Բայց ես քեզ չեմ ոչնչացնելու: Բուռն են քո ցաւերը. դրանք սաստկացան քո բազում անօրէնութիւնների պատճառով, դրանք քո մեղքերի՛ հետեւանքն են:

16. Սակայն ամէնքը, որ յօշոտում էին քեզ, իրե՛նք պէտք է յօշոտուեն, քո բոլոր թշնամիները պիտի յօշոտեն իրենց մարմինները: Քո անօրէնութիւնները բազմացան ու յաճախակի դարձան. դրանք քո մեղքերի՛ հետեւանքն են: Քեզ աւերողներն իրե՛նք պիտի աւերի ենթարկուեն, քո բոլոր աւարառուներին ես աւարի պիտի մատնեմ:

17. Քո ցաւագին վէրքերին բժշկութիւն պիտի բերեմ, պիտի բժշկեմ քեզ, - ասում է Տէրը, - որովհետեւ, Սիո՛ն, դու աստանդական կոչուեցիր. ասացին՝ «Դա է ձեր որսը, բայց ով որ փնտռի՝ չի գտնի նրան»»:

18. Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ես Յակոբի վտարանդի վրանները կը վերադարձնեմ, ողորմած կը լինեմ նրա գերեալների նկատմամբ. քաղաքը կը վերաշինուի իր բարձունքի վրայ 795, տաճարն իր կարգ ու կանոնով կը վերականգնուի:

19. Այնտեղից կը ծաւալուի երգիչների ու պարողների ձայնը: Պիտի բազմացնեմ նրանց, եւ նրանք չպիտի նուազեն, պիտի տարածեմ նրանց, եւ նրանք չպիտի թուլանան:

20. Նրանք առաջուայ պէս ելումուտ պիտի անեն. նրանց օրէնքներն իմ աչքին հաստատուն պիտի դառնան: Դատաստան պիտի կարդամ նրանց նեղողների գլխին,

21. որոնց հանդէպ նրանք աւելի զօրաւոր պիտի լինեն: Իրենց իշխանը իրենց միջի՛ց պիտի ելնի: Պիտի հաւաքեմ նրանց, ու նրանք պիտի վերադառնան ինձ մօտ, քանզի ո՞վ ինքն իրեն սիրտ կ՚անի դառնալ Տիրոջ մօտ, - ասում է Տէրը: -

22. Դուք ինձ համար ժողովուրդ կը լինէք, իսկ ես ձեզ համար կը լինեմ Աստուած»:

23. Ահա Տիրոջ բարկութիւնը ցասմամբ բորբոքուեց, մրրիկի պէս բորբոքուեց նրա բարկութիւնն ամբարիշտների վրայ:

24. Տիրոջ բարկութիւնն ու զայրոյթը կը գան ու յետ չեն շրջուի, մինչեւ որ նա կատարի իր սրտի կամքը: Վերջին օրերին դուք կը հասկանաք դա»: