Տիրոջ խոստումը իր ժողովրդին
1. Խոսքը, որ Տիրոջից հասավ Երեմիային՝ ասելով.
2. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. Քեզ համար մի գրքի մեջ գրի՛ր այն բոլոր խոսքերը, որ խոսել եմ քեզ հետ։
3. Որովհետև ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- որ ես Իսրայելի և Հուդայի իմ ժողովրդին պիտի վերադարձնեմ գերությունից,- ասում է Տերը,- և նրանց պիտի վերադարձնեմ այն երկիրը, որ տվել եմ իրենց հայրերին, որպեսզի տիրանան նրան»։
4. Սրանք են այն խոսքերը, որ Տերը խոսել է Իսրայելի և Հուդայի մասին։
5. Տերն այսպես է ասում. «Վախի ձայն լսեցինք. սարսափի և ոչ խաղաղության։
6. Հարցրե՛ք ու տեսե՛ք, թե տղամարդը կծննդաբերի՞. ապա ինչո՞ւ եմ ամեն տղամարդու տեսնում ծննդկանի պես ձեռքերը ազդրերին և բոլորի դեմքերը դալկացած։
7. Ավա՜ղ, որովհետև այդ օրը մեծ է, նրա նմանը չկա, և նա Հակոբի համար նեղության ժամանակ պիտի լինի, բայց նա ազատվելու է դրանից»։
8. «Եվ այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- ես նրա լուծը կկոտրեմ քո պարանոցից և քո կապերը կարձակեմ, և նրանք այլևս չեն ծառայի օտարներին։
9. Այլ կծառայեն իրենց Տեր Աստծուն և իրենց Դավիթ թագավորին, որին ես կվերականգնեմ նրանց համար։
10. Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը։- Մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, որովհետև ահա ես քեզ կազատեմ հեռվից և քո սերնդին՝ իր գերության երկրից։ Հակոբը կվերադառնա և հանգիստ ու հանդարտ կլինի, և վախեցնող չի լինի։
11. Որովհետև ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- քեզ ազատելու համար պիտի բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մեջ ես քեզ ցրիվ եմ տվել, բայց քեզ չպիտի բնաջնջեմ, այլ պիտի խրատեմ ըստ կանոնի և քեզ բոլորովին անպատիժ չպիտի թողնեմ»։
12. Որովհետև Տերն այսպես է ասում. «Անդարմանելի է քո վերքը, անբժշկելի՝ քո վնասվածքը։
13. Քո դատը դատող չկա դարմանելու համար, բուժում չկա, սպեղանի չկա քեզ համար։
14. Քո բոլոր սիրելիները մոռացել են քեզ, քեզ չեն որոնում, քեզ վիրավորեցի թշնամու հարվածով և անգութի պատժով քո անօրինության շատության պատճառով. շատացել էին քո մեղքերը։
15. Ինչո՞ւ ես աղաղակում քո վերքի համար, քո ցավն անբուժելի է։ Այս բաները ես քեզ արեցի քո անօրինության շատության պատճառով, քո մեղքերի շատության պատճառով։
16. Ուստի բոլոր քեզ լափողները պիտի լափվեն, և քո բոլոր թշնամիները՝ ամենքն էլ, գերության պիտի գնան, քեզ թալանողները պիտի թալանվեն, և բոլոր քեզ կողոպտողներին կողոպուտի պիտի տամ։
17. Որովհետև ես քեզ պիտի ապաքինեմ և քո վերքերը պիտի բժշկեմ,- ասում է Տերը,- որովհետև քեզ Վտարանդի կոչեցին. Սիոնը, որին փնտրող չկա»։
18. Տերն այսպես է ասում. «Ահա Հակոբի վրանները պիտի վերադարձնեմ գերությունից և նրա բնակարաններին պիտի գթամ. քաղաքը պիտի շինվի իր ավերակների բլուրի վրա, իսկ պալատը նախկինի պես պիտի վերականգնվի։
19. Եվ նրանցից գովաբանություն և ուրախացողների ձայն պիտի դուրս գա. նրանց պիտի բազմացնեմ, ու նրանք չպիտի քչանան. նրանց պիտի փառավորեմ, և չպիտի նվաստանան։
20. Եվ նրանց զավակները պիտի լինեն ինչպես նախկինում, ու նրանց հավաքը պիտի հաստատվի իմ առաջ, և պիտի պատժեմ նրա բոլոր հարստահարիչներին։
21. Եվ նրա մեծավորն իրենցից պիտի լինի, և նրա իշխանավորն իր միջից պիտի դուրս գա։ Ես պիտի մոտեցնեմ նրան, և նա ինձ պիտի մոտենա, որովհետև ո՞վ է նա, որ կհամարձակվի իր սրտով ինձ մոտենալ»,- ասում է Տերը։
22. «Եվ դուք ինձ համար ժողովուրդ կլինեք, իսկ ես ձեզ համար Աստված կլինեմ»։
23. Ահա Տիրոջ մրրիկը զայրույթով դուրս է գալիս. շառաչող պտտահողմը պտտվելու է ամբարիշտների գլխին։
24. Տիրոջ բորբոքուն բարկությունը հետ չի դառնալու, մինչև որ չիրագործի և չկատարի իր մտքի խորհուրդները։ Սա օրերի վերջում պիտի հասկանաք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: