Գիրք` 25. Յովհաննէս Առաքեալի երրորդ թուղթը

Գլուխ 1

ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՅՆ
   

1. Երէցիցս՝ սիրելի Գայիոսին, որին ես սիրում եմ ճշմարտութեամբ:
2. Սիրելի՛ս, աղօթում եմ քո բոլոր գործերի յաջողութեան եւ քո առողջութեան համար. այնպէս, ինչպէս որ քո հոգին էլ յաջողութեան մէջ է:

   
ԳԱՅԻՈՍԻ ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆԸ
   

3. Շատ ուրախացայ, երբ եղբայրները եկան եւ վկայեցին քո ճշմարտութեան մասին, այն, թէ ինչպէ՛ս ես դու ընթանում ճշմարտութեամբ:
4. Չունեմ աւելի մեծ ուրախութիւն, քան այն, երբ լսում եմ, թէ իմ որդիները ճշմարտութեամբ են ընթանում:
5. Սիրելի՛ս, հաւատարմութեամբ ես գործում. ինչ որ անում ես եղբայրների համար, նոյնը արա՛ նաեւ օտարների համար,
6. որոնք վկայեցին քո սիրոյ մասին եկեղեցու առաջ: Նրանց Աստծուն հաճելի ճանապարհի վրայ դնելով՝ բարի գործ արած կը լինես,
7. քանի որ նրանք Քրիստոսի՛ անուան համար ճանապարհ ելան եւ ոչ մի օգնութիւն չստացան հեթանոսներից:
8. Ուրեմն՝ մենք պարտաւոր ենք ընդունել այդպիսիներին, որպէսզի գործակից լինենք ճշմարտութեանը:

   
ԴԻՈՏՐԵՓԷՍ ԵՒ ԴԵՄԵՏՐԻՈՍ
   

9. Եկեղեցուն գրել եմ. բայց Դիոտրեփէսը, որ իրեն միւսներից առաջ է գցում, չի ընդունում մեզ:
10. Դրա համար, եթէ գամ, պիտի յիշեցնեմ այն գործերը, որ նա արել է: Չար խօսքերով, շատախօսելով տանջում է մեզ: Եւ այսքանով չգոհանալով՝ ոչ միայն ինքը չի ընդունում եղբայրներին, այլեւ արգելք է հանդիսանում նրանց, ովքեր ընդունում են. եւ այդպիսիներին եկեղեցուց դուրս էլ է հանում
11. Սիրելի՛ս, մի՛ նմանուիր չարին, այլ՝ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. եւ ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել:
12. Դեմետրիոսի մասին վկայում են բոլորը, եկեղեցին եւ ինքը՝ ճշմարտութիւնը. վկայում ենք նաեւ մենք. եւ դու գիտես, որ մեր վկայութիւնը ճշմարիտ է:

   
ՎԵՐՋԱԲԱՆ
   

13. Շատ բան ունէի քեզ գրելու, բայց չեմ ուզում գրել թղթով եւ թանաքով,
14. քանի որ յոյս ունեմ շուտով տեսնել քեզ եւ դէմառդէմ խօսել:
15. Խաղաղութի՜ւն քեզ: Քեզ ողջունում են սիրելիները: Ողջունի՛ր մեր սիրելիներին, իւրաքանչիւրին՝ առանձին-առանձին: