ՅՈՐԴՈՐ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ԵՒ ԿԱՏԱՐԵԼՈՒԹԱՆ
1. Այս երրորդ անգամն է, որ գալու եմ ձեզ մօտ, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն բան:
2. Առաջ ասել եմ եւ դարձեալ կանխաւ ասում եմ, որպէս թէ երկրորդ անգամ ներկայ լինեմ ձեր մէջ, թէեւ այժմ հեռուից գրում եմ նախապէս յանցանք գործածներին եւ բոլոր միւսներին. եթէ դարձեալ գամ, չեմ խնայելու ձեզ,
3. որ ապացոյց էք փնտռում, թէ ինձնով Քրիստոս է որ ձեզ հետ խօսում է, Քրիստոս, որ հզօր է ձեր մէջ եւ ոչ թէ տկար:
4. Թէպէտեւ նա խաչուեց մեր տկարութեան պատճառով 1128, բայց կենդանի է Աստծու զօրութեամբ: Եւ մենք էլ թէեւ տկարանում ենք նրա համար 1129, բայց կենդանի կը լինենք նրա հետ Աստծու զօրութեամբ:
5. Քննեցէ՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թէ նոյն հաւատի մէ՞ջ էք. փորձեցէ՛ք դուք ձեզ. չգիտէ՞ք, թէ Քրիստոս Յիսուս ձեր մէջ է, այլապէս կը լինէիք անպիտան:
6. Բայց յոյս ունեմ, թէ կ՚իմանաք, որ մենք անպիտան չենք:
7. Եւ աղաչում ենք Աստծուն, որ չարը ձեզ բան չանի 1130. ո՛չ որպէսզի մենք ընտիր երեւանք, այլ որպէսզի դուք բարին գործէք, հոգ չէ, թէ մենք անպիտան թուանք.
8. քանի որ չենք կարող հակառակել ճշմարտութեանը, այլ պաշտպան ենք ճշմարտութեան:
9. Ուրախ ենք, երբ մենք տկար ենք, եւ դուք զօրաւոր էք: Նոյն բանի համար էլ աղօթում ենք, որ դուք հաստատուն լինէք:
10. Ուստի հեռուից գրում եմ այս բանը, որ, երբ գամ, խստութեամբ չվարուեմ Տիրոջ ինձ տուած իշխանութեամբ, որ շինելու համար է եւ ոչ՝ քանդելու:
11. Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղէք, հաստատո՛ւն մնացէք, մխիթարուեցէ՛ք, միաբա՛ն եղէք, խաղաղութի՛ւն արէք. եւ խաղաղութեան ու սիրոյ Աստուածը թող լինի ձեզ հետ:
12. Ողջո՛յն տուէք միմեանց սուրբ համբոյրով. բոլոր սրբերը ողջունում են ձեզ:
13. Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սէրը եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը ձեզ հետ լինեն: Ամէն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: