ԿԵՆԴԱՆԻ ՋՐԻ ԳԵՏԸ ԵՒ ԿԵՆԱՑ ԾԱՌԸ
1. Հրեշտակն ինձ ցոյց տուեց նաեւ սառնորակ կենդանի ջրի մաքուր մի գետ, որ բխում էր Աստծու եւ Գառան գահից ու գնում էր քաղաքի հրապարակների միջով:
2. Գետի եզերքին, մէկ եւ միւս կողմում, կար կենաց ծառ, որ տալիս էր տասներկու անգամ պտուղ. ամէն ամիս՝ իր պտուղը. եւ ծառի տերեւը ազգերի բուժման համար էր:
3. Եւ այնտեղ այլեւս նզովք չի լինելու. Աստծու եւ նրա Գառան գահը գտնւում էր նրա մէջ. եւ նրա ծառաները պաշտում էին նրան.
4. նրանք տեսնում էին նրա դէմքը, եւ նրա անունը գրուած էր իրենց ճակատների վրայ:
5. Եւ այնտեղ գիշեր չկար. այնտեղ ոչ մի կարիք չկար ճրագի եւ արեւի լոյսի, քանզի Տէր Աստուածը լուսաւորում էր նրանց. եւ նրանք պիտի թագաւորեն յաւիտեանս յաւիտենից:
ՅԻՍՈՒՍԻ ԳԱԼՈՒՍՏԸ
6. Հրեշտակն ինձ ասաց. «Այս խօսքերը վստահելի են եւ ճշմարիտ. սուրբ մարգարէների Տէր Աստուածը իր հրեշտակին ուղարկեց իր այդ ծառայի մօտ՝ ցոյց տալու այն, ինչ որ շուտով լինելու է»:
7. «Ահա գալիս եմ շուտով: Երանի՜ նրան, ով պահում է այս մարգարէութեան խօսքը»:
8. Եւ ես՝ Յովհաննէսը, լսեցի եւ տեսայ այս բոլորը. եւ երբ լսեցի ու տեսայ, ծնկի եկայ եւ երկրպագեցի այն հրեշտակին, որ ցոյց էր տալիս ինձ այս բոլորը:
9. Բայց նա ասաց ինձ. «Իմ առաջ ծնկի մի՛ իջիր եւ մի՛ երկրպագիր, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո եւ քո եղբայրների, որոնք պահում են այս գրքի մարգարէութեան խօսքը: Երկրպագիր Աստծո՛ւն»:
10. Եւ դարձեալ ինձ ասաց. «Այս գրքի մարգարէական խօսքերը կնքուած մի՛ պահիր, քանզի ժամանակը մօտ է:
11. Նա, ով ամբարիշտ է, թող ամբարշտութիւն անի, ով կեղտոտ է, թող կեղտոտ լինի, ով արդար է, թող արդարութիւն անի եւ ով սուրբ է, թող սուրբ լինի»:
12. «Ահա գալիս եմ շուտով, եւ ինձ հետ են իմ վարձերը, որպէսզի հատուցեմ իւրաքանչիւրին ըստ իր գործերի:
13. Ես եմ Ալֆան եւ Օմեղան, Սկիզբը եւ Վախճանը, Առաջինը եւ Վերջինը»:
14. Երանելի՜ են նրանք, որ պահում են նրա պատուիրանները 1268: Նրանք իրաւունք ունեն ուտելու կենաց ծառից եւ մտնելու քաղաքի դռներով:
15. Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները եւ բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետուեն»:
16. «Ես՝ Յիսուսը, ուղարկեցի իմ հրեշտակին, որ այս բանը վկայի ձեզ՝ եկեղեցիներիդ: Ես արմատ եւ սերունդ եմ Դաւթից, պայծառ աստղը առաւօտի,
17. Հոգին եւ Փեսան, որ գալու եմ»: Եւ ով լսում է, թող ասի՝ ե՛կ: Եւ թող գայ, ով ծարաւ է. նաեւ՝ ով ուզում է առնել կենաց ջուրը՝ ձրի»:
18. Վկայում եմ ես՝ Յովհաննէսը, ամէն մէկին, ով լսում է այս գրքի մարգարէութեան խօսքերը. եթէ մէկը բան աւելացնի սրա վրայ, Աստուած էլ նրա վրայ պիտի աւելացնի այս գրքում գրուած եօթը պատուհասները.
19. եւ եթէ մէկը բան պակասեցնի այս գրքի մարգարէութեան խօսքերից, Աստուած պիտի պակասեցնի եւ պիտի կտրի նրա բաժինը կենաց ծառից եւ սուրբ քաղաքից՝ ինչպէս որ գրուած է այս գրքում:
20. Ով այս մասին վկայեց, ասաց. «Ես գալիս եմ շուտով»: Ամէն: Ե՛կ, Տէ՛ր Յիսուս Քրիստոս:
21. Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը լինի բոլոր սրբերի վրայ: Ամէն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: