Գիրք` 19. Թուղթ եբրայեցիներին

Գլուխ 3

ՔՐԻՍՏՈՍ՝ ԳԵՐԱԶԱՆՑ, ՔԱՆ ՄՈՎՍԷՍԸ
   

1. Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, որ մասնակից էք երկնաւոր կոչմանը, նայեցէ՛ք Յիսուս Քրիստոսին, որին Աստուած ուղարկեց՝ լինելու Քահանայապետն այն հաւատի, որ խոստովանում ենք մենք.
2. նա հաւատարիմ էր իր Արարչին, որ նրան կարգեց այս պաշտօնին, ինչպէս որ Մովսէսն էլ հաւատարիմ եղաւ նրա ամբողջ տան մէջ.
3. որովհետեւ նա առաւել փառքի արժանի եղաւ, քան Մովսէսը, ինչպէս որ տունը կառուցողն աւելի պատիւ ունի, քան տունը.
4. արդարեւ, ամէն տուն, որ կառուցւում է, որեւէ մէկի կողմից է կառուցւում, իսկ ով ամէն բան արարեց, Աստուած է:
5. Մովսէսը հաւատարիմ եղաւ նրա ամբողջ տան մէջ որպէս ծառայ՝ վկայելու համար ասուելիք խօսքերը.
6. իսկ Քրիստոս իբրեւ որդի՝ նրա տան վրայ: Նրա տունը մենք իսկ ենք, միայն թէ վստահութիւնը եւ յոյսի պարծանքը մինչեւ վերջ հաստատ 1194 պահենք:

   
ԱՍՏԾՈՒ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՎԵՐԱՊԱՀՈՒԱԾ ՀԱՆԳԻՍՏԸ
   

7. Դրա համար էլ Սուրբ Հոգին այսպէս է ասում.

    «Այսօր, եթէ նրա ձայնը լսէք,
    8. մի՛ կարծրացրէք ձեր սրտերը ձեր հայրերի պես,
    որոնք Աստծուն բարկացրին փորձութեան օրը անապատում,
    9. ուր նրանք փորձեցին ինձ, քննեցին ինձ,
    թէեւ տեսան իմ գործերը ամբողջ քառասուն տարի:
    10. Ուստի զզուանք զգացի այդ սերնդից եւ ասացի.
    "Սրտով միշտ մոլորուած են, եւ նրանք չիմացան իմ ճանապարհները".
    11. այնպէս որ երդուեցի իմ բարկութեան մէջ՝ ասելով,
    թէ երբեք չպիտի մտնեն իմ հանգստի մէջ»
    1195:

12. Եղբայրնե՛ր, տեսէ՛ք, ձեզանից որեւէ մէկի մէջ թող երբեք չլինի չար ու անհաւատ սիրտ եւ ապըստամբի կենդանի Աստծու դէմ
13. Բայց յորդորեցէ՛ք միմեանց ամէն օր, քանի այդ Այսօրը դեռ առջեւում է, որպէսզի ձեզնից ոչ ոք չկարծրանայ մեղքի խաբէութեամբ.
14. ահա մասնակից եղանք Քրիստոսին, միայն թէ հաստատ պահենք այն վստահութիւնը, որ ունեցել ենք սկզբից,
15. քանի որ ասուած է.

    Այսօր եթէ նրա ձայնը լսէք,
    մի՛ կարծրացրէք ձեր սրտերը,
    ինչպէս բարկութեան ժամանակ»1196:

16. Քանզի ովքե՞ր էին, որ լսեցին եւ դառնացրին նրան. չէ՞ որ բոլոր նրանք, ովքեր դուրս էին եկել Եգիպտոսից Մովսէսի միջոցով:
17. Ումի՞ց զզուանք զգաց քառասուն տարի. չէ՞ որ յանցանք գործածներից, որոնց ոսկորներն ընկան այնտեղ, անապատում:
18. Ո՞ւմ երդուեց, որ չպիտի մտնեն իր հանգստի մէջ, եթէ ոչ՝ անհնազանդներին:
19. Եւ տեսնում ենք, որ նրանք չկարողացան մտնել իրենց անհաւատութեան պատճառով: