Գիրք` 19. Եբրայեցիներին

Գլուխ 5

   

1. Մարդկանց միջից ընտրված ամեն քահանայապետ կարգված է մարդկանց կողմից Աստծու հետ հարաբերությունների մեջ լինելու, որպեսզի ընծաներ ու զոհեր մատուցի մեղքերի համար։

2. Նա կարող է տգետներին ու մոլորվածներին կարեկից լինել, որովհետև ինքն էլ տկարությամբ է պատված։

3. Եվ այդ պատճառով նա պետք է ինչպես ժողովրդի, այնպես էլ իր համար ընծա մատուցի մեղքերի համար։

4. Եվ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է այդ պատիվն ստանում, այլ նա, ով Աստծուց կանչված է, ինչպես Ահարոնը։

5. Նույն կերպ էլ Քրիստոսը ոչ թե ի՛նքն իրեն փառավորեց, որպեսզի Քահանայապետ լինի, այլ նա, ով նրան ասաց.

    «Դու ես իմ Որդին,
    ես այսօր ծնեցի քեզ» (Սաղ. 2:7)։

6. Ինչպես որ մի ուրիշ տեղ էլ ասում է.

    «Դու հավիտյան քահանա ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի» (Սաղ. 110:4)։

7. Նա, ով իր երկրային օրերին ուժգին աղաղակով ու արտասուքով աղոթք ու աղաչանք էր մատուցում նրան, որ կարող էր իրեն մահից փրկել։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։

8. Թեև Որդի էր, չարչարանքներից հնազանդություն սովորեց։

9. Եվ կատարյալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդվողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ՝

10. Աստծուց Քահանայապետ անվանվելով, ըստ Մելքիսեդեկի կարգի։

 
Զգուշացում հավատը լքելու վտանգից
   

11. Դրա մասին շատ բան ունենք ասելու, սակայն դժվար է մեկնաբանել, որովհետև դուք լսելու ընդունակ չեղաք։

12. Որովհետև ժամանակի ընթացքում պետք է ուսուցիչներ լինեիք, բայց դարձյալ կարիք ունեք սովորելու, թե ի՛նչ են Աստծու խոսքերի առաջին նշանագրերը։ Դուք կաթի կարիք ունեք, այլ ոչ թե պինդ կերակուրի.

13. որովհետև ամեն մեկը, ով կաթնակեր է, արդարության խոսքին անփորձ է, քանի որ երեխա է։

14. Իսկ պինդ կերակուրը կատարյալների համար է, որոնց զգայարանները վարժված են բարին ու չարը զանազանելու։