Գիրք` 19. Եբրայեցիներին

Գլուխ 12

Աստված՝ մեր հայրը
   

1․ Ուստի մենք էլ, որ շրջապատված ենք վկաների այսչափ բազմությամբ, դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզ,

2․ նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին, որն իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ և ամոթն արհամարհելով՝ Աստծու աթոռի աջ կողմում նստեց։

3․ Ուրեմն նրա՛ մասին մտածեք, ով մեղավորների կողմից իր դեմ այսպիսի հակառակություն կրեց, որպեսզի դուք չհոգնեք և չհուսահատվեք։

4․ Դուք դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել՝ մեղքին հակառակ կանգնելու,

5․ և մոռացել եք այն խրատը, որով ձեզ հետ խոսում է իբրև որդիների.

    «Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր
    և ո՛չ էլ նրանից հանդիմանվելու ժամանակ վհատվիր.
    6․ որովհետև Տերն ում սիրում է, խրատում է.
    պատժում է ամեն զավակի, որին ընդունում է» (Հոբ 5.17, Առկ. 3.11-12)։

7․ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիների կվարվի։ Ո՞ր որդու հայրը չի խրատում։

8․ Բայց եթե առանց խրատի մնաք, որին բոլորն են մասնակից, ուրեմն խորթ եք և ոչ հարազատ որդիներ։

9․ Մենք ևս, մեր մարմնավոր հայրերին խրատող ունենալով, նրանցից ամաչում էինք. որչա՜փ առավել պետք է հոգիների Հորը հնազանդվենք, որ ապրենք։

10․ Որովհետև սրանք մի որոշ ժամանակ ըստ իրենց կամքի էին խրատում, բայց նա՝ մեր օգուտի համար, որպեսզի նրա սրբությանը հաղորդակից լինենք։

11․ Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս։

12․ Դրա համար ուղղե՛ք թուլացած ձեռքերն ու տկարացած ծնկները

13․ և ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհնե՛ր շինեք, որպեսզի կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։

   
Պատիժ անհավատարմության համար
   

14․ Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։

15․ Զգո՛ւյշ եղեք՝ որևէ մեկն Աստծու շնորհից չզրկվի. դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա, և դրանով շատերը չպղծվե.

16․ որպեսզի ոչ մեկը պոռնիկ ու պիղծ չլինի, ինչպես Եսավը, որ մի աման կերակուրի դիմաց իր անդրանիկությունը վաճառեց։

17․ Որովհետև գիտեք, որ թեև հետո կամեցավ օրհնությունը ժառանգել, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, թեպետ արտասուքով այն փնտրեց։

18․ Դուք չեք մոտեցել շոշափելի լեռանը, որ կրակով էր այրվում և պատված էր մեգով, խավարով ու մրրիկով,

19․ ուր փողն էր հնչում ու խոսքերի ձայնը, որը լսողները հրաժարվեցին, որպեսզի խոսքը չշարունակվի իրենց համար,

20․ քանի որ չէին դիմանում այն հրամանին. «Թեկուզև գազան մոտենա լեռանը, կքարկոծվի» (Ելք 19.12-13)։
21․ Եվ տեսիլքն այնպես ահավոր էր, որ Մովսեսն ասում էր. «Զարհուրում եմ և դողում» (Բ Օր. 9.19)։

22․ Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին ու տոնախմբող բյուրավոր հրեշտակներին,

23․երկնքում գրված անդրանիկների հանդեսին, բոլորի դատավոր Աստծուն ու արդարների կատարելության հասած հոգիներին,

24․ նոր ուխտի միջնորդ Հիսուսին ու նրա արյան սրսկմանը, որ ավելի խոսուն է, քան Աբելի արյունը։

25․ Զգո՛ւյշ եղեք, որ չմերժեք նրան, ով խոսում էր, որովհետև եթե նրանք, այս երկրի վրա պատգամ տվողին մերժելով, չկարողացան պատժից ազատվել, ապա որքա՜ն ավելի մենք, եթե երկնքից խոսողին մերժենք,

26․ որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց, հիմա էլ խոստում է տալիս՝ ասելով. «Մեկ անգամ ևս կշարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը» (Անգ. 2։6)։

27․ Բայց «մեկ անգամ ևս»-ը ցույց է տալիս, որ շարժված բաներն իբրև արդեն կատարվածներ պիտի փոփոխվեն, որպեսզի անշարժ բաները մնան։

28․ Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ ամուր պահենք այն շնորհը, որով հաճույքով պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ,

29․ որովհետև մեր Աստվածը ոչնչացնող կրակ է։