ՃՇՄԱՐԻՏ ԵՒ ՍՈՒՏ ՀՈԳԻՆԵՐ
1. Սիրելինե՛ր, մի՛ հաւատացէք ամէն մի հոգու, այլ փորձեցէ՛ք հոգիները, թէ արդեօք Աստծո՞ւց են, որովհետեւ բազում սուտ մարգարէներ են երեւան եկել աշխարհում:
2. Եւ մենք սրանո՛վ ենք ճանաչում Աստծու Հոգին. ամէն մի հոգի, որ դաւանում է Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է:
3. Եւ ամէն մի հոգի, որ չի դաւանում Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց չէ 1230: Եւ այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել էք, թէ գալու է, եւ արդէն իսկ աշխարհում է:
4. Դուք Աստծուց էք, որդեակնե՛ր, եւ յաղթեցիք նրանց, որովհետեւ Հոգին, որ ձեր մէջ է, աւելի մեծ է, քան նա, որ կայ աշխարհի մէջ:
5. Նրանք աշխարհից են. դրա համար էլ աշխարհի բաների մասին են խօսում. եւ աշխարհը լսում է նրանց:
6. Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ: Սրանից է, որ ճանաչում ենք ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին:
ԱՍՏՈՒԱԾ ՍԷՐ Է
7. Սիրելինե՛ր, սիրենք միմեանց, քանի որ սէրն Աստծուց է. եւ ամէն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնուած եւ ճանաչում է Աստծուն:
8. Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստուած սէր է:
9. Եւ սրանո՛ւմ երեւաց Աստծու սէրը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի նրանով կենդանի լինենք:
10. Սրանո՛ւմ է սէրը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա՛ սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քաւութեան համար:
11. Սիրելինե՛ր, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք եւս պարտաւոր ենք սիրել միմեանց:
12. Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել: Եթէ միմեանց սիրենք, Աստուած բնակւում է մեր մէջ. եւ նրա սէրը մեր մէջ կատարեալ է:
13. Սրանո՛վ գիտենք, թէ մենք նրա մէջ ենք բնակուած, եւ նա էլ՝ մեր մէջ. այն, որ նա իր Հոգուց տուեց մեզ:
14. Եւ մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր Որդուն՝ աշխարհի Փրկիչ լինելու:
15. Նա, ով խոստովանի, թէ Յիսուսն է Աստծու Որդին, Աստուած բնակւում է նրա մէջ, եւ նա՝ Աստծու մէջ:
16. Եւ մենք հաւատացինք ու ճանաչեցինք Աստծու սէրը, որ նա ունի մեր հանդէպ: Աստուած սէր է. եւ ով սիրոյ մէջ է ապրում, բնակւում է Աստծու մէջ, եւ Աստուած բնակւում է նրա մէջ:
17. Աստծու հանդէպ եթէ սէրը կատարեալ է մեր մէջ, ուրեմն վստահութիւն կ՚ունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու. որովհետեւ, ինչպէս որ նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհում:
18. Սիրոյ մէջ երկիւղ չկայ. եւ կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետեւ երկիւղը տանջանքի ենթակայ է. եւ ով երկնչում է, կատարեալ չէ սիրոյ մէջ:
19. Սիրենք Աստծուն 1231, որովհետեւ առաջինը նա՛ սիրեց մեզ:
20. Եթէ մէկն ասի, թէ սիրում է Աստծուն, եւ ատի իր եղբօրը, սուտ է խօսում. ով չի սիրում իր եղբօրը, որին տեսնում է, ինչպէ՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել:
21. Եւ նրանից ունենք այս պատուիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պէտք է սիրի նաեւ իր եղբօրը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: