Գիրք` 9. Պօղոս Առաքեալի թուղթը Գաղատացիներին

Գլուխ 6

ԿՐԵԼ ՄԻՄԵԱՆՑ ԲԵՌԸ
   

1. Եղբայրնե՛ր, եթէ ձեզնից մէկը ինչ-որ յանցանքի մէջ բռնուի յանկարծ, դուք, որ հոգեւոր էք, վերահաստատէ՛ք նրան հեզութեան ոգով. զգո՛յշ եղէք ինքներդ ձեր նկատմամբ, որպէսզի դուք էլ փորձութեան չենթարկուէք:
2. Միմեանց բեռը կրեցէ՛ք եւ այդպիսով կատարեցէ՛ք Քրիստոսի օրէնքը:
3. Եթէ մէկը կարծում է, թէ ինքը մի բան է, եւ սակայն չէ, ինքն իրեն է խաբում:
4. Թող իւրաքանչիւր ոք կշռադատի իր գործը եւ ապա՝ ինքն իր վրա՛յ միայն պարծենայ եւ ոչ թէ ընկերոջ հետ համեմատուելով.
5. որովհետեւ իւրաքանչիւր ոք իր բեռն է կրելու:
6. Աշակերտը թող մասնակից անի ուսուցչին բոլոր բարի բաներում:
7. Չխաբուէք. Աստուած չի ծաղրւում,
8. որովհետեւ, ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կը հնձի ապականութիւն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կը հնձի յաւիտենական կեանք:
9. Իսկ բարին գործելուց չձանձրանաք, որովհետեւ յարմար ժամանակին պիտի հնձենք, եթէ չթուլանանք:
10. Ահա թէ ինչու, քանի դեռ ժամանակ կայ, բարին գործենք բոլորի հանդէպ, մանաւանդ հաւատի մէջ մեր հարազատների հանդէպ:

   
ԽԱՉԻ ՊԱՐԾԱՆՔԸ
   

11. Տեսէք, թէ ինչպիսի՛ գրերով գրեցի ձեզ իմ այս ձեռքով.
12. որովհետեւ նրանք, որ ցանկանում են ըստ մարմնի լաւ մարդ երեւալ, նրա՛նք են ստիպում ձեզ, որ թլփատուէք: Միայն թէ Քրիստոսի խաչի յետեւից չգնան 1143.
13. քանզի նրանք, որ թլփատուած են, օրէնքը չեն պահում, բայց ուզում են, որ դուք թլփատուէք, որպէսզի ձեր մարմնո՛վ պարծենան:
14. Սակայն քա՛ւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչուած է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար.
15. որովհետեւ Յիսուս Քրիստոսով ո՛չ թլփատութիւնն է մի բան եւ ո՛չ էլ՝ անթլփատութիւնը, այլ՝ նոր արարած լինելը:
16. Եւ թող խաղաղութիւն ու ողորմութիւն լինի բոլոր նրանց վրայ, որ ապրում են այս կանոնի համաձայն, ինչպէս նաեւ Աստծու Իսրայէլի վրայ:
17. Այսուհետեւ թող ոչ ոք ինձ նեղութիւն չտայ, որովհետեւ ես իմ մարմնի մէջ եմ կրում Քրիստոսի չարչարանքները 1144։
18. Եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը թող ձեր հոգու հետ լինի: Ամէն: