Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Բայց ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին։ Այն նման է երեխաներին, որոնք նստում են հրապարակներում և ձայն են տալիս իրենց ընկերներին»։
«Ո՞ւմ կնմանեցնեմ այս սերնդին, — ասում է Նա: - Այն նման է երեխաներին, որոնք նստում են հրապարակներում և ձայն են տալիս իրենց ընկերներին` ասելով՝ «Մենք ձեզ համար փող փչեցինք, բայց դուք չպարեցիք. մենք ձեզ համար ողբալի երգեր երգեցինք, բայց դուք չողբացիք» (Մատթ. 11:16-17)։
Թվում է, թե այս խոսքերն էլ ոչ մի կապ չունեն նախորդների հետ, բայց իրականում այս և նախորդ խոսքերի միջև ամենասերտ կապն է առկա։ Քրիստոս դեռևս բոլոր խոսքերն ուղղում է միևնույն գլխավոր նպատակին և ուզում է ցույց տալ, որ Հովհաննեսն Իր հետ համաձայնաբար էր գործում, թեև տեղի ունեցող որոշ երևույթներ (օրինակ՝ Հովհաննեսի աշակերտների հարցադրումը) հակառակության տպավորություն էին թողնում։ Միաժամանակ, Հիսուս ցույց է տալիս նաև, որ հրեաների փրկության համար ոչ մի անհրաժեշտ միջոցի գործադրում զանց չի առնվել, ինչպես և մարգարեն էլ է ասում այգու մասին. «Էլ ի՞նչ պիտի անեի Իմ այգու համար, որ չարեցի» (Ես. 5:4)։
Հովհաննես Ծործորեցի (†1338)
16-17. Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում, կանչում են իրենց ընկերներին եւ ասում. ձեզ համար փող հնչեցրինք, բայց չպարեցիք. ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ու կոծ չարեցիք:
Ո՞ւմ նմանեցնեմ այս ազգին. նման է մանուկների, ովքեր նստում են փողոցներում, կանչում իրենց ընկերներին և ասում. «Փող փչեցինք ձեզ համար, բայց չպարեցիք, ողբացինք ձեզ համար, բայց չկոծեցիք»:
Ողբում է, թե՝ «Ո՞ւմ հետ բաղդատեմ մտքով մեռածներին», և որպեսզի մարդկային կերպարանքին հարազատ տեսակից նրանց չմերժի, ասում է. «Նման է մանուկների». ո՛չ պարզամտությամբ, այլ հիմարությամբ, որ նախատում են իրենց նմաններին ոչ սգակից, ոչ էլ ուրախակից լինելու համար և նրանց «դաժան» ու «նենգ» կոչում: Այդպես էլ այս ազգը ոչ Քրիստոսով ուրախացավ, Ով նրա մեղքերն [Իր վրա] վերցրեց և Իր կյանքը բաղդատեց փեսայի առագաստի հետ, ոչ էլ Հովհաննեսի հագուստից տրտմեցին, որը նա իբրև նրանց մեռելությունն էր կրում նրանց հանցանքների պատճառով:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում, կանչում են իրենց ընկերներին եւ ասում.
«Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում»:
Մանուկները երևացին՝ հիմարությամբ նմանվելով տղայամիտների, և իբրև մանուկներ՝ նախատում են իրենց նմաններին, ովքեր ոչ սգակից են լինում և ոչ էլ խնդակից: Նույնպես և այն սերունդը տրտմակից չեղավ Հովհաննեսին, որ տրտմության մեջ էր նրանց հանցանքների պատճառով և իր մեջ կրում էր նրանց մեռելությունը, և ոչ էլ Քրիստոսի հետ խնդակից, Ով եկավ և վերացրեց ամբողջ աշխարհի մեղքերը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում, կանչում են իրենց ընկերներին եւ ասում.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 11:7
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: