ՍՈՒՐԲ ՅԱԿՈՎԻԿ ԲԱԶՄԱՀԱՏ ՎԿԱՅԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ

Զինուորութիւնք հրեշտակաց օրհնեն զՔեզ.

Իմանալի ձայնիւն զՔեզ փառաւորեն.

Աստուած հարցն մերոց:

Իշխանութիւնք եւ Պետութիւնք. Սերովբէք եւ Քերովբէք.

Փառաւորեն սուրբ զանունդ Քո.

Աստուած հարցն մերոց:

Ազգ մարդկան հողեցինաց դասուց մարտիրոսաց՝

Երկրպագեն տէրութեանդ Քո,

Աստուած հարցն մերոց:

(Շարակնոց)

 

 

Արեւելքի թագաւորազն մեծ վկան՝ բազմայաղթ եւ բազմահատ սուրբ Յակովիկը, Պարսից երկրից էր՝ Խուժաստանի Բիթլապատ քաղաքից: Նա եւ իր կինը, ինչպէս եւ իր բարեպաշտ ծնողները, խիստ աստուածավախ ու աստուածապաշտ քրիստոնեաներ էին եւ ի Քրիստոս ջերմեռանդ հաւատք ունէին: Յակովիկն արքունիքում նշանաւոր էր իր ծագումով եւ պատուով ու մեծ համարձակութիւն ունէր Շապուհի որդու՝ Յազկերտի եւ նրա յաջորդի՝ Վռամ Կրմանի մօտ: Նա մեծամեծ պարգեւներ եւ պատիւներ էր ստանում Յազկերտից, ինչպէս նաեւ նրա որդուց՝ Վռամ Երկրորդից:

 

Թագաւորը Յակովիկի հանդէպ ունեցած մեծ համակրանքի համար երկար օրեր ջանում էր բանսարկուի հնարքներով հեռացնել նրան քրիստոնէական հաւատքից ու դարձնել դէպի պարսից կրակապաշտութիւնը, եւ նա տկարանալով ընդունեց թագաւորի կամքը եու մինչեւ իսկ ուրացաւ սուրբ հաւատքը, որ ունէր: Ինչպէս երեւում է պատմութեան ընթացքից, այդ իրադարձութիւնները եղել են Յազկերտ Առաջինի վերջին տարում, որին յաջորդեց Վռամը՝ հայ ազգի հալածիչ Յազկերդ Երկրորդի հայրը:

 

Յակովիկի հետ կատարուածի մասին լսեցին նրա երանելի աստուածասէր մայրը եւ քրիստոսասէր կինը: Նրանք իմացան, որ թագաւորի անձնահաճ կամքով նա հեռացել է ճշմարիտ հաւատքից եւ ժամանակաւոր կեանքը նախընտրել յաւիտենականից, ուստի յանդիմանական զօրաւոր նամակ ուղարկեցին Յակովիկին, որը գտնւում էր արքունի բանակում: Այն պարունակում էր հետեւեալ բովանդակութիւնը. «Լսեցինք, որ դու մարդահաճութիւնից դրդուած ու նաեւ այս ժամանակաւոր կեանքի եւ թագաւորի տուած անցաւոր պարգեւների համար հեռացել եւ ուրացել ես միակ ճշմարիտ եւ կենդանի Աստծուն: Քո մահկանացու թագաւորը, որի կամքը դու կատարեցիր, մի՞թէ որպէս մեռելներից մէկը գերեզման չի դրուելու՝ ժառանգելով յաւիտենական տանջանքները: Քեզ չեն կարող օգնել նրա պարգեւները, եւ ոչ էլ նրա շնորհած պատիւները կարող են փրկել քեզ անշէջ հրից: Արդ, այսուհետեւ իմացած եղիր, եթէ չհեռանաս այդ մոլորութիւնից, եւ չուրանաս մազդեական օրէնքները, չդառնաս ճշմարիտ Աստծուն, Նրա Միածին Որդուն եւ համազօր Սուրբ Հոգուն, ապա Աստուծոյ դատաստանն ու տանջանքները, որ սպասւում են քո սիրելի թագաւորին, կը հասնեն նաեւ քեզ՝ նրա գործակցին: Այսուհետեւ մենք օտար ենք քեզ, եւ դու այլեւս սէր ու լծակցութեան մաս չունես մեզ հետ»:

 

Երբ Յակովիկը կարդաց այս նամակը, զղջաց իր սրտում, սթափուեց եւ արտասուելով ինքն իրեն ասաց. «Եթէ մայրս ու կինս, որ այս աշխարհում են, երդումով հեռացան ինձնից՝ Քրիստոսի սուրբ հաւատքը ուրանալու եւ ճշմարտութեանը ստելու համար, ապա որքան առաւել Աստուած երես կը դարձնի ինձնից եւ այն աշխարհում կը հատուցի ինձ վրէժխնդրութեամբ»: Իսկոյն վեր կացաւ եւ նամակը ձեռքին՝ գնաց իր սենեակը: Գիտակ լինելով հին եւ նոր կտակարաններին՝ վերցրեց դրանք ու սկսեց ընթերցել, որպէսզի մխիթարուէր Սուրբ Գրքի խօսքերով ու հաստատէր իր սիրտը յաւիտեանների յոյսով: Զղջման գալով եւ սուրբ երկիւղով ամբողջ սրտով դարձաւ դէպի Տէրը, որից տխուր դէմքը պայծառացաւ, ու մեռելոտի տեսքը կենդանացաւ: Այնուհետեւ սկսեց կռուել ինքն իր դէմ ու ասել. «Ո՞ւր ես, ա՛նձ իմ ողորմելի, իմ մայրը, որ ծնեց ինձ, այսօր սգում է իմ կորուստը, իսկ կինս իմ պատճառով գլխիկոր է ամօթից: Ինձ հետ կատարուածի պատճառով իմ բոլոր սիրելիներն ու ծանօթները հեռացան ինձնից: Հապա այն օրը, երբ բոլոր աստուածպաշտները պիտի ուրախ լինեն, երբ արդարները պիտի հատուցում ստանան իրենց գործերի դիմաց, իսկ ուրացողները ստանան իրենց տանջանքները, ի՞նչ բաժին կ՚ունենամ ես, որ ճշմարտութիւնը փոխեցի ստութեան հետ: Բայց այժմ գիտեմ, թէ ինչ ճանապարհ ընտրեմ անձիս համար, որ կորստեան չմատնուեմ. ինչ դռնից որ ելայ, նոյն դուռը պիտի շարունակ բախեմ: Գիտեմ, որ Տէրը բարերար է. Նա իսկոյն կը բացի իմ առջեւ եւ ինձ ներս կը մտցնի»:

 

Եւ մինչ այս մտորումների մէջ էր, ուրացողներից ոմանք, որոնք լսեցին նրա խօսքերը եւ տեսան, որ նա ընթերցում է սուրբ Գիրքը, թագաւորի մերձաւորի միջոցով անմիջապէս տեղեկացրին նրան: Այս լսելով՝ Վռամ արքան իսկոյն հրամայեց Յակովիկին իր առջեւ բերել: Թագաւորն ասաց նրան. «Յակովի՛կ, դու քրիստոնեա՞յ ես»: Քաջ նահատակը պատասխանեց. «Այո՛, քրիստոնեայ եմ»: Թագաւորը հարցրեց. «Արդեօք դու մոգ չէի՞ր»: Երանելին պատասխանեց՝ ոչ: Թագաւորն ասաց. «Մի՞թէ մոգութեան համար չէր, որ պարգեւներ ու պատիւներ ստացար ինձնից, իսկ աւելի առաջ՝ իմ հօր կողմից»: Յակովիկը պատասխանեց. «Ո՞ւր է այժմ քո հայրը, որից պարգեւներ եմ ստացել»: Թագաւորը յոյժ բարկացաւ, խռովքի մատնուեց եւ մտածեց զանազան տանջանքներով չարչարել նրան: Ապա դարձեալ ասաց. «Յակովի՛կ, եթէ չհեռանաս քո ճանապարհից, մի՛ կարծիր, թէ հեշտ մահով կը վերացնեմ քեզ»: Սուրբն ասաց. «Զուր մի՛ չարչարուիր, տէ՛ր իմ արքայ, գործի անցիր եւ շատ խօսքերով ինձ մի՛ վախեցրու, որովհետեւ քո խօսքերն իմ սիրտը չընկան, այլ ինչպէս որ քամին է բախւում ամուր ժայռին, այնպէս էլ քո խօսքերն են իմ ականջին»: Թագաւորն ասաց. «Իմ հօր թագաւորութեան օրօք քո նմանները յամառութեամբ անդրդուելի մնացին եւ դաժան մահուամբ կործանուեցին, որովհետեւ չկամեցան հնազանդուել թագաւորների հրամաններին»: Երանելի Յակովիկը պատասխանեց. «Ես եւս ամբողջ սրտով աղօթում եմ Աստծուն, որ արժանի լինեմ ժառանգել նրանց մահը, եւ որ իմ վախճանը նրանց վախճանի նման լինի, որովհետեւ այդպիսի մահը մահ չի համարւում, այլ՝ քուն, իսկ ով ննջում է, նաեւ ելնում է»: Թագաւորն ասաց. «Քրիստոնեաները, որոնք մահը քուն են կոչում, թող քեզ չմոլորեցնեն: Ասում ես, թէ մահից չես վախենում, բայց ահա թէ՛ թագաւորները եւ թէ՛ բռնաւորները վախեցան մահից»: Երանելին ասաց նրան. «Յիրաւի, բոլոր թագաւորներն ու բռնաւորները վախեցան մահից, որովհետեւ արեցին այն, ինչ Աստուած չէր հրամայել: Քանզի գրուած է. "Մեռաւ անօրէնը, եւ կորաւ նրա յոյսը", եւ դարձեալ՝ "Անօրէնների յոյսը կը մարի"»: Թագաւորն ասաց. «Եւ դուք՝ քրիստոնեաներդ եւ ձեզ նման մոլորուածները, որ չէք ճանաչում աստուածներին, չէք երկրպագում ո՛չ արեգակին, ո՛չ լուսնին, ո՛չ հրին, ո՛չ ջրին, որոնք աստուծոյ որդիներն են, մեզ հեթանո՞ս էք համարում: Դուք արժանի՛ էք մահուան»: Երանելի Յակովիկն ասաց. «Ո՛վ արքայ, եթէ սպանես ինձ Քրիստոսի անուան համար, քեզ չեմ մեղադրի, որովհետեւ մեր եւ բոլոր նրանց մասին, որոնք արժանացան մտնել այս պատերազմի մէջ, գրուած է. "Կը գայ ժամանակ, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում"[1]: Ինքներդ մոլորուած լինելով՝ կարծում էք, թէ միայն դուք էք ճանաչում Աստծուն եւ Արարչի փոխարէն երկրպագում էք խուլ եւ կոյր արարածներին, ու նրանց, որոնք աստուածներ չեն, աստուած էք կոչում: Իմացէ՛ք, որ դուք բարկացնում էք Աստծուն, Ով ձեզ թագաւորութիւն տուեց եւ սիրելի էք լինում նրանց, որոնք չեն կարող անել ո՛չ բարին եւ ո՛չ էլ չարը»:

 

Այնժամ թագաւորը լցուեց բարկութեամբ, բորբոքուեց կրակի պէս եւ հրամայեց կանչել բոլոր իմաստուններին ու իր խորհրդականներին, որպէսզի վճռեն, թէ ինչ մահով պատժեն նրան յամառութեան համար, քանի որ չկամեցաւ կատարել արքայից արքայի կամքը: Թագաւորի խորհրդականներն ու մոգերը նստեցին՝ խորհուրդ անելու, թէ ինչպիսի դառը մահով է արժան սպանել վկային, որոնցից մէկը մի բան էր ասում, միւսն՝ այլ բան: Ապա չարամիտ եւ անօրէն մէկն այս խորհուրդը տուեց. «Պէտք չէ, որ այսպիսի մարդը մեռնի մէկ, երկու, երեք կամ հինգ կամ էլ տասը հարուածներ ստանալով, այլ թող պրկեն նրան ձեռքերից ու ոտքերից, եւ մէկ առ մէկ յօդերից կտրուեն նրա բոլոր անդամները, իսկ ամենավերջում թող կտրեն նրա գլուխը»: Բոլորը նրան հաւանութիւն տուեցին: Երբ թագաւորն արձակեց այս խիստ հրամանը, մոլեգնաբար քարշ տուեցին երանելի Յակովիկին եւ տարան տանջանքների վայրը: Լուրը տարածուեց ամբողջ քաղաքով: Մարդկանց բազմութիւնը զինուորների հետ գնացին երանելու յետեւից, այնտեղ, ուր պիտի նա պսակուէր: Երբ լսեցին երանելու դատավճիռը, հաւատացեալներից շատերն, արտասուքներով երեսնիվայր ընկած, աղաչում էին Աստծուն եւ ասում. «Օրհնեա՜լ ես Աստուա՛ծ եւ Տէ՛ր զօրութիւնների, որ համբերութիւն ես տալիս Քեզ յուսացողներին ու զօրացնում ես տկարներին: Դու, Տէ՛ր, եկար փրկելու կորստեան մատնուողներին, ուստի Քո մեծ ողորմութեամբ զօրացրո՛ւ Քո Յակովիկ ծառային, որպէսզի նա յաղթի այս պատերազմում: Բարերա՛ր Տէր, Քեզ վայել է յաղթութիւն, եւ Դու ես բոլոր յաղթանակների առաջնորդը, Քրիստո՛ս, Աստուծո՛յ Որդի, Փրկի՛չ աշխարհի»:

 

Երբ երանելի Յակովիկը մօտեցաւ տանջանքների վայրին, խնդրեց դահիճներին, որ թոյլ տան իրեն մի պահ գոհութիւն յայտնել Քրիստոսին, Որի համար պիտի չարչարուէր: Կանգնեց երեսով դէպի արեւելք, ծնրադրեց, հոգով համբարձուեց դէպի երկինք՝ Տէր Աստուծոյ մօտ, որ բնակւում է բարձունքներում եւ աղօթեց՝ ասելով. «Տէ՛ր, լսի՛ր Քո Յակովիկ ծառայի աղօթքները եւ փրկի՛ր Քո աղախնու որդուն, որն այս պահին աղաղակում է Քեզ: Ցո՛յց տուր ինձ բարի նշան, որ բարի օրինակ լինեմ Քո սուրբ անունը սիրողների համար եւ որ Քո մեծ զօրութեամբ յաղթեմ այս դառը մահուանն ու ստանամ յաղթութեան պսակը Քո կատարեալ վկաների հետ, որոնք սիրեցին Քեզ եւ պսակներ առան Քեզնից: Թող տեսնեն ինձ ատողները եւ ամաչեն, որովհետեւ Դու, Տէ՛ր, օգնեցիր ինձ ու մխիթարեցիր»:

 

Այնժամ պարսիկները մօտեցան նրան եւ անողորմ պրկեցին նրա մարմինը չորս կողմերից՝ ձեռքերից ու ոտքերից: Դահիճներն ասացին նրան. «Տե՛ս, թէ ինչ պիտի անես, որովհետեւ ահա թագաւորի հրամանով մենք եկել ենք՝ քո անդամները կոտրատելու»: Երանելին նրանց չպատասխանեց, իսկ նրանք դարձեալ ասացին. «Որոշի՛ր եւ ընտրի՛ր, կեա՞նքը, թէ՞ մահը: Դու կարող ես մի խօսքով փրկուել դառը տանջանքներից, որ սպասւում են քեզ, իսկ եթէ մնաս նոյն յամառութեան մէջ, կրելու ես այդ բոլոր դառը եւ սոսկալի չարչարանքները»: Եւ հեթանոսներից շատերը, որ այնտեղ էին, արտասւում էին՝ ափսոսալով նրա պայծառատես ու պատուական գեղեցկութիւնը: Մի բերան դարձած՝ խօսում էին նրա հետ ու ասում. «Զուր մի՛ կորցրու այդ գեղեցկութիւնդ, այլ յանձն առ թագաւորի կամքը, որ ապրես, իսկ յետոյ կ՚անես այն, ինչ որ կամենաս»:

 

Երանելի Յակովիկը բացեց բերանն ու ասաց նրանց. «Լաց մի՛ եղէք ինձ համար, այլ լաց եղէք ձեզ եւ ձեր որդիների համար, որ կարճ ժամանակ վայելում էք աշխարհի փափկութիւնները, բայց յետոյ ժառանգելու էք յաւիտենական տանջանքները, եւ ոչ միայն դուք, այլեւ դեւերը, որոնց երկրպագում էք: Իսկ ես այս մահուամբ յոյս ունեմ ի Քրիստոս, որ պիտի ժառանգեմ յաւիտենական կեանքը: Մարմնիս անդամների կտրատումը պիտի աւելացնի Տիրոջ կողմից ինձ տրուող վարձքը, որովհետեւ ամէն մարդ ըստ իր վաստակի պիտի հատուցում ստանայ Աստծուց, Ով չի արգելում Իր պարգեւները որեւէ մէկին»: Այնժամ թագաւորի հաւատարիմ իշխանը դահճապետին, որը ստացել էր վկայի սպանութեան հրամանը, ասաց. «Ինչո՞ւ ես դանդաղում, հրամայի՛ր դահիճներին, որ իսկոյն կատարեն թագաւորի հրամանը»: Այնժամ սկսեցին կտրել նրա ձեռքի մատները:

 

Երբ կտրեցին աջ ձեռքի բութ մատը, երանելի Յակովիկը բացեց իր բերանն ու ասաց. «Քեզ բոլոր յուսացողների Փրկի՛չ, ընդունի՛ր այս ծառի ոստերից մէկը, որին տնկեցիր Քո ողորմութեամբ, քանզի որքան էլ կտրողների ձեռքերը կտրեն այս տունկը, գարնանն այն կը նորոգուի եւ կը պայծառանայ իր պտուղներով»: Թագաւորի հաւատարիմ իշխանը, որն այդ գործի վերահսկիչն էր, արտասուեց եւ նահատակին ասաց. «Բաւական է, որ հատուեց ձեռքիդ մի մատը: Եթէ կամենաս, ապա դիւրին է այն բժշկել դեղամիջոցով, որպէսզի չեղծուի նրբակազմ մարմինդ: Եւ եթէ քո խնդիրը հոգուդ համար է, ապա դու շատ ոսկի ու արծաթ ունես, բաշխի՛ր դրանք աղքատներին ու փրկի՛ր անձդ, որպէսզի չարաչար կորստեան չմատնուես»: Իսկ երանելի Յակովիկն իր նախկին խօսքերին աւելացրեց. «Չսովորեցի՞ր խաղողի որթից, որը երբ մօտենում է ձմեռը, իսկոյն թողնում է իր վարսերի գեղեցկութիւնը եւ մերկանում, բայց երբ գալիս է գարունը, պածառանում է առաւել եւ տարածում իր պտղալից ճիւղերը: Արդ, եթէ ժամանակաւոր բարունակը նորոգւում է այդպէս, ապա որքան առաւել Աստծուն հաւատացող մարդը, որը տնկւում է այգում, նեղութիւններից յետոյ կը ծաղկի առաւելապէս եւ պտղալից կը լինի ճշմարիտ Մշակի՝ Քրիստոսի ձեռքով»:

 

Երբ կտրեցին նրա երկրորդ մատը, երանելի բարձրագոչ ասաց. «Հոգիս կը ցնծայ Տիրոջով եւ ուրախ կը լինի Նրա տուած փրկութեամբ»[2]: Ապա գոհութեամբ շարունակեց. «Ընդունի՛ր, Տէ՛ր, այս ծառի երկրորդ ոստը, որ տնկեցիր Քո հրամանով»: Այդ ծանր պահին նա խնդութեան եւ ուրախութեան մէջ էր եւ մտորում էր Տիրոջ փառքի մասին:

 

Երբ կտրեցին երրորդ մատը, Քրիստոսի նահատակն աղաղակեց՝ ասելով. «Ընդունի՛ր ինձ, Տէ՛ր, երեք մանուկների հետ, որոնք հնոցի մէջ օրհնում էին Քեզ, որպէսզի ես եւս արժանի լինեմ ամբողջ սրտով գոհանալ Քեզնից եւ մարտիրոսների գնդերի հետ սաղմոս ասեմ Քո ամենամեծ անուանը»:

 

Ահա կտրեցին նրա չորրորդ մատը: Երանելին գոչեց՝ ասելով. «Յակոբի տասներկու որդիներից չորրորդի՝ Յուդայի վրայ իջաւ Աստուծոյ օրհնութիւնը: Եւ ես՝ Յակովիկս, չորրորդ ոստով գոհութիւն կը մատուցեմ ու կը խոստովանեմ Նրա անունը, որովհետեւ Նրա օրհնութիւնը փրկութիւն եղաւ բոլոր արարածների համար»:

 

Ապա կտրեցին հինգերորդ մատը: Այնժամ երանելին, լցնելով իր բերանն օրհնութեամբ, ասաց. «Աջ ձեռքիս հինգերորդ մատով իմ ծառը Տնկողին ես պտուղ կը մատուցեմ»:

 

Եւ երբ մօտեցան՝ կտրելու ձախ ձեռքի մատները, հրաման տուող իշխանն ասաց. «Դու կարող ես փրկուել նաեւ հիմա, եթէ կատարես թագաւորի հրամանը, քանզի կան շատ մարդիկ, որոնց մի ձեռքը կտրած է, բայց նրանք ապրում են աշխարհում: Խնայի՛ր քեզ, որպէսզի աչքիդ առջեւ չկտրատուեն քո նուրբ անդամները, քանզի ահա որքան կտրւում են, իւրաքանչիւրի համար մորմոքւում ես վէրքերի ցաւից»: Երանելին պատասխանեց. «Երբ կամենում են խուզել ու վերցնել ոչխարի բուրդը, չեն խուզում աջ կողմը ու թողնում ձախը: Արդ, եթէ ոչխարին, որ անասուն է եւ ապականացու, խուզում են զգուշութեամբ, որ չվնասուի, եւ խուզողներն էլ հմուտ երեւան իրենց գործում, այլ ոչ թէ թերակատար, ապա որքան առաւել պէտք է գոհանամ Աստծուց, որովհետեւ ես Նրա հօտի ոչխարն եմ: Նա նուաստիս արժանացրեց կենդանի զոհ լինել դահիճների ձեռքին, ինչպէս որ Ինքը՝ Աստուծոյ Գառն էր խաչը հանողների առաջ, Որի համար ես այսօր զանազան տանջանքներով պատարագւում եմ իմ Աստծուն որպէս անուշահոտ բուրմունք»:

 

Այնժամ սկսեցին կտրել ձախ ձեռքի մատները՝ նախ վերջին մատը՝ ճկոյթը: Եւ երբ կտրեցին, երանելին համարձակութեամբ աղօթեց Փրկչին՝ ասելով. «Տէ՛ր, ես նուաստ եմ Մեծիդ առջեւ: Դու խոնարհեցրիր Անձդ եւ ինձ նման շատ տկար անձանց արժանացրիր զոհաբերուելու, ինչպէս որ Դու Ինքդ զոհաբերուեցիր բոլոր արարածների փոխարէն: Տէ՛ր, ես մատնում եմ իմ անձն ու մարմինը, որպէսզի իր ժամին հաստատապէս նորոգես ինձ, որի համար ցնծում եմ եւ ուրախանում»:

 

Եւ երբ կտրեցին նրա եօթերորդ մատը, բոցավառուած Աստուծոյ Հոգով՝ իբրեւ եօթնարփեան լոյսով, ասաց. «Այս եօթերորդ մատով ես եօթ անգամ օրհնում եմ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն»:

 

Իսկ երբ կտրեցին ութերորդ մատը՝ ասաց. «Ութերորդ օրը թլփատուեցին եբրայեցիների որդիները, որպէզի հեռանան անթլփատներից: Ուստի արժանացրո՛ւ եւ ինձ՝ Քո ծառային, որ այսօր սրտով հեռանամ անթլփատներից եւ անօրէններից ու գամ Քեզ մօտ: Տէր Աստուա՛ծ իմ, հոգիս ծարաւ է Քեզ, ե՞րբ պիտի գամ ու երեւամ Քեզ»:

 

Երբ կտրեցին նրա իններորդ մատը, ասաց. «Տէ՛ր իմ, Դու իններորդ ժամին մեղաւորներիս համար տարածեցիր Քո ձեռքերը խաչափայտին, եւ այժմ ես իմ իններորդ մատով գոհանում եմ Քեզնից: Տէր Աստուա՛ծ իմ, արժանացրո՛ւ ինձ՝ Քո անարժան ծառային, որ Քո սուրբ անուան համար սիրով պարզեմ եւ կտրատել տամ իմ մարմնի ոստերը»:

 

Կտրեցին նաեւ տասներորդ մատը, եւ նա գոհանալով ասաց. «Յովտը, որ մի նշանախեց է կատարեալ տասը թուի խորհրդով, ամբողջացնում է տասնաբանեայ Օրէնքի խօսքերն ու լրացնում ընտրեալների թիւը եւ Տէր Յիսուսի Քրիստոսի միջոցով փրկութիւն լինում արարածների համար: Եւ ես՝ նուաստս ու անարժանս, տասնալար քնարով սաղմոս կ՚ասեմ իմ Աստծուն եւ օրհնութեան երգ կը երգեմ՝ փառաւորելով Նրա պատուական մեծութիւնը, որ այսօր արժանացրեց ինձ անուշահոտ պատարագ լինել: Եւ Դաւթի տասնալար քնարի փոխարէն հոգու տասներորդ մատով ու քնարով գոհանում եմ Տիրոջից եւ սաղմոսներ երգում Նրա սուրբ անուանը»: Մեծամեծները դարձեալ ասացին նրան. «Եթէ կամենաս, այժմ եւս ապրելու հնար ունես: Թէպէտ կտրուել են քո տասը մատները, սակայն այստեղ կան արքունի հմուտ բժիշկներ, որոնք կարող են բժշկել վէրքերդ: Միայն թէ կատարի՛ր թագաւորի կամքը, որպէսզի չմեռնես եւ կորստեան չմատնուես այս ցանկալի կեանքից: Դու թագաւորազն այր ես եւ կարող ես դարմանել ու մշակել վէրքերդ: Եթէ աղքատ մէկը լինէիր, ապա պէտք է մտահոգուէիր եւ ասէիր. "Քանի որ կտրուել են ձեռքերիս տասը մատները, ապա ինչպէ՞ս ապրեմ ես այս աշխարհում, երբ չեմ կարողանալու աշխատել եւ դարմանել ինձ": Բայց գիտեմ, որ դու մեծահարուստ ես եւ քո հարստութեամբ ու թագաւորական գանձերով, որ պարգեւուել են քեզ, կարող ես խնամել քեզ ու ունենալ աշխարհի բոլոր վայելքները: Կը նայես կնոջդ գեղեցկութեանը եւ կը մխիթարուես նրա տեսքով, որ մեծահարուստի դուստր է եւ նշանաւոր ազգից: Դու եւս, պատուական եւ ականաւոր այր լինելով, ինչո՞ւ կամեցար կործանել քեզ, քանզի քո բերանից ոչ մի խօսք չի ելնում թագաւորի կամքին համաձայն: Դու կարող ես քո մի խօսքով իսկոյն կեանք վերադառնալ»: Նայելով նրանց՝ երանելի Յակովիկն ասաց. «Մի՞թէ հնարաւոր է ծառայել երկու տիրոջ, կամ մի ձեռքով երկու գործ անել: Ձեռքը մաճին դնելով եւ յետ նայելով՝ ոչ ոք չի կարող արժանանալ երկնքի Արքայութեանը: Մի՞թէ իմ մայրն ու կինն աւելի պատուական են, քան Տէր Աստուածը: Յատկապէս որ Նա Ինքն է ասում. "Ով իր անձը կորստի է մատնում Ինձ համար, այն կը գտնի"[3] եւ "Ով թողնում է իր հօրը կամ մօրը կամ կնոջը, քոյրերին, եղբայրներին եւ ամէն բան, որ սիրում է այս աշխարհում եւ վերցնում է իր խաչն ու գալիս Իմ յետեւից, Ես կը տամ նրան յաւիտենական կեանք եւ յաւիտենական յոյս, որ չեն անցնում"[4]: Ինձ պէտք չեն ձեր շողոքորթութիւնները եւ ասած խօսքերը, որովհետեւ դրանք ինձ համար վնաս են, իսկ ձեզ համար՝ կորստեան առիթ: Շտապէ՛ք կատարել ձեզ հմարայուածը եւ մի՛ խնայէք»:

 

Այնժամ արիւնարբու դահիճները մօտեցան եւ կտրեցին նրա աջ ոտքի բութ մատի կոճը: Բերանը բացելով՝ երանելին ասաց. «Փա՜ռք Քեզ, Յիսո՛ւս Քրիստոս, կենդանի Աստուծո՛յ Որդի: Դու հագար մեր տկար մարմինը եւ ձեռքերդ ու ոտքերդ տարածեցիր խաչին, որի վրայ գեղարդով խոցեցին Քո կողը: Քո ոտքերը թրջուեցին արեամբ եւ ջրով, որ ելան Քո սուրբ կողից՝ բոլոր արարածների փրկութեան համար, որի համար ես՝ Քո անարժան ծառան, ուրախութեամբ եմ ընդունում մարմնիս այս տանջանքները»:

 

Եւ երբ կտրեցին նրա երկրորդ մատը, երանելին ասաց. «Այս օրն աւելի մեծ է, քան կեանքիս բոլոր օրերը, որովհետեւ մինչ այս պատերազմ մտնելս օրհնում էի Քեզ աւելի քիչ, որովհետեւ աշխարհի հոգսերն ու զբաղմունքները գրաւել էին իմ սիրտը: Շատ անգամ այս աշխարհի սէրը հեռացնում էր ինձ աղօթելուց, իսկ երբ աղօթում էի, մտքերս անպտուղ էին, ու իմ աղօթքները սուրբ չէին Աստուծոյ առաջ: Մարմնովս եկեղեցում էի, իսկ խորհուրդներս բարձրանում էին երկինք եւ ապա իջնում անդունդները: Բայց այսօր ես ամբողջ սրտով եւ փափագով իմ խորհուրդները  վերափոխեցի այս աշխարհից վեր եւ շտապում եմ հասնել առաջիկայ այն աշխարհը, որ ունեմ աչքիս առջեւ: Որքան հատում են իմ մարմնի անդամները, այնքան ուրախութեամբ փառաւորում եմ ամենասուրբ Երրորդութեանը, որ այսօր արժանացրեց ինձ այս տանջանքներին»:

 

Երբ կտրեցին երրորդ մատն ու գցեցին նրա առջեւ, երանելին ծիծաղելով ասաց. «Երրո՛րդ մատ, գնա՛ քո ընկերների յետեւից եւ մի՛ տրտմիր, որովհետեւ երբ ցորենի հատիկը հողի մէջ է ընկնում, մենակ չի մնում, այլ իր ժամանակին, երբ դուրս են գալիս բողբոջները, եւ ցողունները ծաղկում ու լիանում են հասկերով, այնժամ ցորենահատիկները, որոնց հաւաքում են բազմութեամբ, տանում են իր ընկերների մօտ: Այդպէս եւ դու այցելութեան օրը մի ակնթարթում Արքայութեան շտեմարանի մէջ պիտի խառնուես քո ընկերներին»:

 

Երբ կտրեցին նրա չորրորդ մատը, երանելին ինքն իրեն ասաց. «Ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես խռովեցնում ինձ. յոյսդ դի՛ր Աստուծոյ վրայ, օրհներգի՛ր Նրան, որովհետեւ իմ անձը փրկողն Աստուած է»:

 

Կտրեցին հինգերորդ մատը: Երանելին ասաց. «Այժմ կը սկսեմ խօսել իմ Տիրոջ առաջ, որ սիրեց ինձ եւ հաստատուն պահեց»:

 

Ապա մօտեցան ձախ ոտքին ու կտրեցին այդ ոտքի ճկոյթը: Նայելով իր ճկոյթին՝ երանելին ասաց նրան. «Մի՛ երկնչիր, փոքրի՛կ մատիկ, որովհետեւ ե՛ւ փոքրին, ե՛ւ մեծին միապէս յարութիւն է լինելու: Ինչպէս որ գլխից ոչ մի մազ չի կորչելու, նոյնպէս էլ դու չես պակասելու քո ընկերների թուից»:

 

Երբ կտրեցին նրա երկրորդ մատը, երանելին, որ ցնծում էր Տիրոջով, խնդութեամբ ասաց. «Քանդէ՛ք, քանդէ՛ք իմ խարխլուած տունը, որովհետեւ պիտի գայ Ճարտարապետը՝ առաւել նորոգելու ու փառաւոր դարձնելու համար»:

 

Երբ կտրեցին երրորդն, ասաց. «Օրհնեա՜լ է իմ Տէր Աստուած, որ յաղթող է ամէն բանում: Նրա վրայ է իմ յոյսը, եւ Նրան փա՜ռք յաւիտեանս. ամէն»:

 

Երբ հատեցին չորրորդը, երանելին ասաց նրանց. «Գիտէ՛ք, որ որքան խփում են դարբնի սալին, այն չի վնասւում, այլ անում է իր գործը: Այդպէս էլ իմ մարմինը թէպէտ տանջուելով տանջւում է, սակայն իմ հոգին ցնծում է ի Տէր»:

 

Կտրեցին հինգերորդ մատը, իսկ երանելին, ասես քնից նոր արթնացած, գոչեց. «Տէ՛ր Աստուած, տե՛ս իմ դատաստանը եւ լուծի՛ր իմ վրէժն անօրէններից, որովհետեւ ապականիչ գայլերը չխնայեցին Քո ձեռքի գործը»:

 

Անօրէնների ու ամբարիշտների միջից երիտասարդներն ու փոքրերը, տեսնելով Քրիստոսի վկայի այս բոլոր դաժան կտտանքները, տեսակ-տեսակ տանջանքներն ու համբերութիւնը, տարեցներին հարցրին. «Ձեր կամ ձեր հայրերի օրօք լսել կամ տեսե՞լ էք արդեօք, որ որեւէ մէկն այսպէս մարտիրոսացել ու անտանելի տանջանքներ է կրել»: Իսկ երանելին աւելի մեծ քաջութեամբ եւ համարձակութեամբ ասաց դահիճներին. «Ինչո՞ւ էք ծուլանում իջեցնել այս ծառի ոստերը, կտրել դրանք ու ծառի բունը, որովհետեւ հոգիս ցնծում է Տիրոջով, եւ բարձրանում է սիրտն իմ Նրա մօտ, Ով սիրում է խոնարհներին»:

 

Եւ դահիճները, բարկանալով ու ատամները կրճտացնելով, մօտեցան ու անողորմ կերպով կտրեցին աջ ոտքի ծունկը: Առաքինի նահատակն ասաց նրանց. «Իմ մարմնից հատուած բոլոր անդամները՝ որպէս ընդունելի պատարագ, ես մատուցում եմ երկնաւոր Թագաւորի՝ Աստուծոյ առաջ»:

 

Եւ երբ կտրեցին ձախ ոտքի ծունկը, երանելին ասաց. «Լսի՛ր ինձ, բարերա՛ր Տէր, անպատմելի են Քո բոլոր շնորհները, որ ընձեռում ես բոլոր նրանց, ովքեր դիմում են Քեզ»:

 

Երբ կտրեցին աջ ձեռքի դաստակը, ասաց. «Բազմացան Քո շնորհներն ինձ վրայ, Տէ՛ր, եւ փրկեցիր հոգիս խորը դժոխքից», իսկ երբ արմունկից կտրեցին ձախ ձեռքի դաստակը, ասաց. «Ահա նաեւ մեռեալների համար ես սքանչելիքներ գործում, Տէ՛ր»:

 

Ապա արիւնարբու գազանների պէս յարձակուելով՝ ուսից կտրեցին նրա ձախ բազուկը: Եւ ձայնն աւելի բարձրացնելով՝ երանելին ասաց. «Պիտի օրհնեմ Տիրոջն իմ կեանքում, սաղմոս պիտի երգեմ իմ Աստծուն՝ քանի դեռ կամ: Իմ օրհնութիւնը քաղցր կը լինի Նրան, եւ ես կ՚ուրախանամ Տիրոջով»:

 

Եւ երբ ուսից կտրեցին նրա աջ բազուկը, վկան ասաց. «Բարձրացաւ իմ անունը թշնամիներիս վրայ, որ պաշարել էին ինձ: Տէրն իմ զօրութիւնն ու օգնութիւնն է, Նա իմ փրկութիւնը եղաւ»: Ապա մօտենալով՝ կտրեցին աջ ազդրը: Երանելի Յակովիկը բնաւ չէր վախենում այս բոլոր տանջանքներից, այլ նրա բերանը լի էր օրհնութիւններով, իսկ սիրտը՝ բերկրութեամբ: Սկսեց առաւել գոհանալ Աստծուց ու ասել. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, փրկի՛ր ինձ եւ օգնի՛ր ինձ, որովհետեւ ահա մահուան երկունքը պատել է ինձ»: Դահիճներն ասացին նրան. «Մի՞թէ նախապէս չասացինք, որ դառը եւ անողորմ տանջանքներ պիտի կրես»: Քրիստոսի նահատակն ասաց նրանց. «Ես փորձեցի ամէն բան, որպէսզի ցոյց տամ, որ ես, որ զգեստաւորուած եմ մարմնով, պիտի առաւել չարչարուեմ իմ Տիրոջ անուան համար: Այդ անողորմ տանջանքները, որոնց ենթարկեցիք ինձ, ես ամենեւին չզգացի, որովհետեւ իմ սիրտն ամբողջովին յափշտակուած է Տէր Յիսուս Քրիստոսով»: Ապա նայելով դահիճներին, որոնք յոգնել էին սուրբի անդամները կտրելուց եւ զուարթանալով իր Տիրոջ հանդէպ ունեցած սիրուց՝ շարունակեց. «Ինչո՞ւ էք դանդաղում եւ ինչո՞ւ էք ապշել: Իսկոյն կատարէ՛ք ձեզ հրամայուածը»:

 

Ապա մօտեցան եւ կրտեցին նաեւ ձախ ազդրը: Այդպէս հատեցին նրա բոլոր անդամները: Չմնաց ամբողջական որեւէ անդամ, բացի գլխից, լանջից ու որովայնից: Երանելին նմանուեց անուշահոտ խնկի ծառի, որի ոստերը կտրուած էին, եւ միայն բունն էր կանգուն: Կիսամեռ երանելին կոճղի պէս ընկած էր գետնին: Ապա զօրանալով Սուրբ Հոգով՝ սկսեց աղօթել ու ասել. «Իմ Տէ՛ր Աստուած, գթա՛ծ եւ ողորմա՛ծ, խնդրո՛ւմ եմ Քեզ եւ աղաչո՛ւմ, լսի՛ր Քո ծառայի խնդրանքները, որ ընկած է գետնին՝ զրկուած իր բոլոր անդամներից: Տէ՛ր, չկան իմ մատները, որ դրանցով աղաչեմ Քեզ, չկան բազուկներս, որ տարածեմ Քո առջեւ, չկան ոտքերս, որ ծնրադրեմ ու փառաւորեմ Քեզ: Քանդեցին իմ մարմնի բարձրաբերձ աշտարակը, աւիրուեց իմ շինուածքի գեղեցկութիւնն ու անշուք դարձաւ, եւ մնացին աւերակի սակաւ նշմարները: Այժմ խնդրո՛ւմ եմ, Տէ՛ր, հանի՛ր ինձ բանտից, որ գոհութիւն մատուցեմ Քո անուանը: Թող իմ աղօթքով եւ աղաչանքներով դադարի քո բարկութիւնը, եւ թող Քո ողորմութիւնը լինի աշխարհի, ինչպէս նաեւ սուրբ վկաների ու խոստովանողների վրայ, որոնք կան արեւելքում, արեւմուտքում, հիւսիսում եւ հարաւում, քանզի Քեզ՝ ամենակալ Հօրդ, Քո միածին Որդուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսին, եւ կենդանարար Սուրբ Հոգուդ վայել է փառք՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»: Երբ աւարտեց աղօթքը, մօտեցաւ դահիճներից մէկը եւ դանակով կտրեց երանելու գլուխը: Այդպէս Քրիստոսի սուրբ վկան աւանդեց իր հոգին, որ եղաւ Տիրոջ 421 կամ 422 թուականին՝ պարսից Վռամ արքայի թագաւորութեան երրորդ տարում, նոյեմբերի քսանեօթին, որ ուրբաթ օր էր:

 

Սուրբի մարմինն ընկած էր գետնին, իսկ շուրջը ցրուած էին նրա մարմնի բոլոր անդամները: Հաւատացեալները, հաւաքուեցին եւ շատ գանձեր տուեցին դահիճներին, որպէսզի վերցնէին երանելու նշխարները, բայց դահիճները չկամեցան տալ: Քրիստոնեաները որոշեցին թաքնուել եւ սպասել, որ իջնի երեկոն, որպէսզի հաւաքէին ու ամփոփէին սուրբի ցրուած անդամները: Եւ գիշերը, երբ հեռացել էին անօրէնները, նրանք հաւաքեցին նրա ձեռքերի ու ոտքերի բոլոր՝ մեծ եւ փոքր մասունքները, որոնք թուով քսանութն էին, իսկ գլխի եւ լանջի հետ՝ երեսունը: Այդպէս հաւաքելով նրա բոլոր անդամները՝ թաքցրին մի տեղում, սակայն մնաց երանելու արիւնը, որ հեղուել էր խոտերի մեջ: Առ այս ականատես վկայաբանը գրում է. «Առաւօտեան, երբ հաւաքուել էինք հաւատացեալներով եւ մինչ ասում էինք "Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, Քո մեծ ողորմութեամբ" սաղմոսը, յանկարծ ահաւոր մի նշան եղաւ. երկնքից հուր իջաւ, շրջապատեց մեզ այն տեղում, ուր հեղուել էր երանելու արիւնը, եւ սրբեց այն: Տեսնելով այդ՝ մենք ահ ու դողով երեսնիվայր ընկանք մեռելի պէս, եւ սաստիկ ջերմութիւնից մեր մարմինները շառագունեցին: Երբ հուրն անցաւ, մենք մօտեցանք այն տեղին, ուր երանելու նշխարներն էին եւ խնդրեցինք նրանց բարեխօսել մեզ համար Տիրոջը, որովհետեւ կարծեցինք, թէ մեզ վրայ ցասում է իջել: Եւ երբ Տիրոջ շնորհն այցելեց մեզ, ապաւինեցինք սուրբի աղթքներին ու օրհնեցինք մեր Տէր Յիսուս Քրիստոսին, որ արժանացրեց մեզ այդ տեսիլքին: Քանզի սկզբում կարծում էինք, թէ այդ նշանը երեւաց երանելու տանջանքների պատճառով եւ անօրէններից վրէժխնդիր լինելու համար, սակայն յետոյ հասկացանք, որ այդ նշանը եղաւ ի փառս եւ ի պատիւ սուրբ վկայի: Այնուհետեւ ծածուկ դուրս բերեցինք սուրբ վկայի նշխարները, օծեցինք դրանք անուշահոտ իւղերով, պատեցինք մաքուր կտաւներով, դրեցինք սուրբ վկային վայել մի պատուական տեղում եւ նրա հետ փառաւորեցինք Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, Որին վայել է փառք եւ պատիւ՝ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Յակովիկ բազմահատ վկային յիշատակում է Յիսնակի երկրորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Մերկեռիոս զօրավարի, սուրբ Գենարիոս եպիսկոպոսի եւ սուրբ Իրաւափառի հետ:

 

 

[1] Յովհ. ԺԶ 2:

[2] Սաղմ. ԼԴ 9

[3] Մատթ. Ժ 39:

[4] Հմմտ. Մատթ. Ժ 37-38: