Եզեկիելի մարգարեության մեկնություն 21։23

Ա. Լոպուխին

«Այս գուշակությունը նրանց աչքերին կեղծ թվաց, բայց քանի որ նրանք երդումներ էին արել, ուստի նա, հիշելով նրանց այդպիսի դավաճանությունը, որոշեց վերցնել այն»։ [23] (Սինոդական թարգ․)
   

   «Այս գուշակությունը նրանց աչքերին կեղծ թվաց» - հետաքրքրական է, որ արշավանքի հարցում Նաբուգոդոնոսորի անվճռականության և նույնիսկ նրա՝ գուշակության դիմելու մասին լուրն այդքան արագ հասավ երուսաղեմացիներին, և նրանք, ովքեր, ընդհանուր առմամբ, շատ դյուրահավատ էին մոգական երևույթներին հավատալու մեջ, այս դեպքում, երբ գուշակությունն իրենց օգտին չէր, չվարանեցին այն կեղծ ճանաչել, այսինքն՝ կարծեցին, թե այդ գուշակության պատասխանն Աստծուց չէր: Համաձայն սլավոներեն թարգմանության՝ Նաբուգոդոնոսորը որպես չար կախարդ սկսեց գործել Հուդայի դեմ՝ իր գուշակությամբ արհավիրքներ բերելով նրա վրա։

   «Բայց քանի որ նրանք երդումներ էին արել» - այստեղ ակնարկվում է Սեդեկիայի կողմից Նաբուգոդոնոսորին տրված վասալական հնազանդության երդումը, որի դրժումը հագեցրեց այդ բոլոր տեսակի աղետներին, որոնք պատուհասեցին Հուդային։ Եբրայեցերեն տեքստը մեկ այլ արտասանությամբ ընթերցելու դեպքում հնարավորություն է ստեղծվում այս հատվածը տարընթերցել այնպես, ինչպես այն մեզ փոխանցում է սլավոներեն թարգմանությունը՝ ըստ Ակիլլայի և Թեոդոտիոնի (Յոթանասնից թարգմանության ձեռագրերի մեծամասնության մեջ այս արտահայտությունը բացակայում է)․ «Շաբաթների ընթացքում», բառացիորեն՝ «շաբաթները շաբաթների հետևից» կամ «շաբաթը շաբաթի հետևից»։ Այսպիսի թարգմանության պարագայում սույն հատվածը մեզ կա՛մ այն միտքն է հաղորդում, որ, հրեաների կարծիքով, Նաբուգոդոնոսորն իր անվճռականության պատճառով (ինչն էլ նրան ստիպեց դիմել կախարդության օգնությանը) իր կողմից Երուսաղեմի պաշարումը կձգձգի ամբողջ շաբաթներով, ինչը հրեաներին հնարավորություն կտա դիմադրության պատրաստվելու, կա՛մ էլ սույն արտահայտությունը կարող է վերաբերել կախարդության որոշ ծիսակատարությունների, որոնցում մեծ դեր է ունեցել 7 թիվը (Sellin, Beitrage zur isr. u. jud. Relig. - Geschichte 11,121):

    «Ուստի նա (Նաբուգոդոնոսորը), հիշելով նրանց այդպիսի դավաճանությունը (Սեդեկիայի դաշինքը մյուս ապստամբ վասալների հետ), որոշեց վերցնել այն (Երուսաղեմը)» - սլավոներեն թարգմանությունը՝ «կհիշի նրա անիրավությունը», մեզ մեկ այլ միտք է հաղորդում․ Նաբուգոդոնոսորը Երուսաղեմին կհիշեցնի նրա (հրեաների) անիրավության մասին՝ կործանելով այդ քաղաքը:

--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) «Եւ դա երուսաղէմացիներին այնպէս է երեւալու, կարծես մէկն իրենց առաջ հմայութիւններ է անում. շաբաթուայ ընթացքում եօթն անգամ կրկնուելու է: Սակայն նա՝ բաբելացիների թագաւորն զգուշացնելու է սրանց, որ յիշեն իրենց անօրէնութիւնները»:
(Արարատ թարգ․) Բայց սա նրանց աչքին սնոտի գուշակության պես պիտի լինի. նրանք երդումներ էին արել, բայց նա անօրենություն է հիշեցնելու նրանց, որ բռնվեն։
(Գրաբար) Եւ նա նոցա ա՛յնպէս թուիցի՝ որպէս հմայիցէ ոք հմա՛յս առաջի նոցա, և եւթներորդիցէ նոցա եւթներորդս. և ինքն յուշ արասցէ զանիրաւութիւնս նոցա յիշել։