ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐԱՆԵԼԻ ՄԱԿԱՐԻՈՍԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ԲՆԱԿՒՈՒՄ ԷՐ ԴՐԱԽՏԻՑ ՔՍԱՆ ՄՂՈՆ ՀԵՌԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ, ՈՐԸ ԳՐԵՑ ԹԷՈՓԻԼՈՍ ԿՐՕՆԱՒՈՐԸ

Ես՝ մեղաւոր Թէոփիլոսս, բնակւում էի տէր Ասկիպիոսի վանքում, որ գտնւում էր Ասորիքի Միջագետքում: Երեսունութ տարի վանքում մնալուց յետոյ ես կրօնաւոր եղբայրներին ասացի. «Իմ խորհուրդները նեղում են ինձ, որ գնամ Երուսաղէմ, բարձրանամ լեռներն ու շրջեմ անապատում, մինչեւ որ գտնեմ քարայրներում եւ լեռների ծերպերում բնակուող Աստուծոյ ծառաներին»: Եւ եղբայրներից երկուսը՝ Սարուրը եւ Իգիոնը, ասացին ինձ. «Մենք եւս կը գանք քեզ հետ եւ մինչեւ մահ չենք թողնի քեզ»: Մի գիշեր վանահօրից գաղտնի մենք ելանք վանքից, տասնհինգ օրում հասանք Երուսաղէմ ու երկրպագեցինք սուրբ վայրերին: Ապա ելանք Երուսաղէմից եւ ուղղուեցինք դէպի արեւելք: Տասնհինգ օր գնացինք, անցանք Տիգրիս գետը, հասանք պարսիկների մօտ եւ տեանք այն վայրը, որտեղ սուրբ Մերկեռիոսը գեղարդով սպանել էր Քրիստոսին ուրացող Յուլիանոս արքային: Այնուհետեւ այնտեղից գնացինք Տիսբոն քաղաք, որտեղ հանգչում էին Անանեանց սուրբ երեք մանուկները: Ապա ելանք Պարսից երկրից եւ գնացինք հնդիկների մօտ: Տեսնելով մեզ՝ հնդիկ թխամորթ մարդիկ փայտերով եւ քարերով հալածեցին մեզ իրենց սահմաններից: Մենք փախանք եւ ճանապարհից մոլորուած լինելով՝ չգիտէինք, թէ ուր գնանք: Եւ շրջեցինք արեւելքի այդ ամբողջ դժուարին երկրներով: Ուտում էինք վայրի բոյսեր, իսկ ջրի պակասութիւն չունէինք: Ապա հասանք մի տեղ, ուր կային պտղատու, մրգաւէտ ծառեր եւ գոհացանք Աստծուց: Մենք հագեցանք պտուղներով եւ խնդրեցինք Աստծուն, որ Նա առաջնորդի մեզ, ուր որ կամենայ: Եւ ճանապարհ ընկնելով՝ գնացինք ու հասանք թզուկների երկիրը, որտեղ մարդու հասակն ընդամենը մի կանգուն էր: Տեսնելով մեզ՝ նրանք վախեցան եւ փախան, իսկ մենք շարունակեցինք մեր ճանապարհը դէպի արեւելք: Հանդիպեցինք գազանների, վիշապների եւ այլ թունաւոր սողունների, որոնք ամենեւին մեզ չէին վնասում: Հեշտութեամբ անցանք շատ գետերի վրայով եւ անցանք մի դաշտի միջով, որում կային բազմաթիւ փղեր, սակայն աներկիւղ անցանք նրանց միջով: Գնում էինք, ուր Աստուած Ինքն էր մեզ առաջնորդում: Եւ տեսանք քարաշէն մի մեծ կամար, որի վրայ գրուած էր. «Պարսից Դարեհ արքան Ալեքսանդր Մակեդոնացուց փախաւ մինչեւ այս վայրը»: Անցանք կամարով եւ գնում էինք ոչինչ չճաշակելով՝ բացի վայրի բոյսերից ու ջրից: Եւ յանկարծ լսեցինք սաղմոսերգութեան ձայներ ու առանք անուշահոտ խունկերի բուրմունք: Քաղցրալուր երգերի ձայնից ու անուշահոտութիւնից մենք թմրեցինք եւ քուն մտանք: Մեր շրթունքները քաղցրացան մեղրի խորսխի պէս եւ անուրջի մէջ տեսանք մի փառաւոր մարդու, որը մեզ ցոյց տուեց ճանապարհն ու ասաց. «Գնացէ՛ք այս լայն ճանապարհով ու մի՛ շեղուէք ո՛չ աջ եւ ո՛չ ձախ», եւ բռնելով մեր ձեռքից՝ նա մեզ վեր կացրեց: Մենք յագեցած էին ասես կերակրից, եւ մեր սրտերն ուրախ էին: Ըստ տեսիլքի՝ գնացինք դէպի արեւելք, եւ մեր ընթացքի բոլոր օրերը երեք ամառ եւ երեք ձմեռ էին:

 

Մենք գտանք մի քարայր, որ գեղեցկապէս զարդարուած էր Աստուծոյ տաճարի պէս, իսկ ներսից անուշահոտութիւն էր բուրում: Ներս մտնելով՝ ոչ ոքի չտեսանք եւ մինչեւ երեկոյ նստեցինք այնտեղ: Երբ դուրս եկանք քարայրից, հեռւում տեսանք  մարդու կերպարանքով մէկի: Երբ նա մօտեցաւ մեզ, տեսանք, որ նա մերկ էր, եւ նրա ամբողջ մարմինը ծածկուած գլխի սպիտակ մազերով ու մօրուքով: Մեզ տեսնելով՝ նա ընկաւ երեսնիվայր եւ մեզ երդուել տալով՝ ասաց. «Եթէ դուք Աստծուց էք, յայտնէ՛ք ինձ, իսկ եթէ սատանայից էք, հեռացէ՛ք ինձնից՝ տառապած եւ մեղաւոր Մակարիոսից»: Իսկ մենք միաբերան աղաղակեցինք. «Օրհնի՛ր մեզ, սո՛ւրբ հայր, մենք Աստուծոյ ծառաներ ենք եւ մանկուց հրաժարուել ենք սատանայից»: Այնժամ ծերը մօտեցաւ մեզ, ձեռքերը տարածեց դէպի երկինք, աղօթեց առ Աստուած եւ օրհնեց մեզ: Խոր ծերութիւնից նրա աչքերը մշուշուել էին ու ծածկուել յօնքերով ու թարթիչներով, իսկ մօրուքը ծածկել էր նրա կուրծքը, որովայնը, ծնկներն ու ոտքերը: Նոյնպէս էլ գլխի խիստ թաւ մազերն ամբողջապէս ծածկել էին նրան յետեւի կողմից: Նուաղած ձայնը գալիս էր ասես խորքերից, իսկ մարմինը կրիայի նման էր: Նա մեզ հարցրեց. «Դուք որտեղի՞ց էք, ինչպէ՞ս կամ ինչո՞ւ եկաք ինձ մօտ»: Եւ մենք ամէն բան պատմեցինք նրան: Նա ասաց. «Դուք կատարում էք ձեր կամքը՝ գնալ դէպի արեւելք, որպէսզի տեսնէք, թէ մինչեւ որտեղ են հասել մարդիկ, սակայն չկայ աւելի խոր տեղ, ուր մարդ, թռչուն կամ գազան կարողանայ մտնել, քանզի ես՝ մեղաւորս, փորձել եմ բազում անգամ: Ճանապարհ ընկնելով՝ գնացել եմ գիշեր թէ ցերեկ: Երբ յոգնում եւ նստում էի, դարձեալ լինում էի այս տեղում: Այնժամ ինձ մի ձայն եկաւ, որն ասաց. "Մի՛ փորձիր քո Արարչին, որովհետեւ ոչ ոք չի կարող անցնել այդ տեղով":

Եւ ասացի. "Ինչո՞ւ, Տէ՛ր իմ": Այնժամ ասաց ինձ. "Որովհետեւ ընդամենը քսան մղոն է այստեղից մինչեւ դրախտը, որն Աստուած տնկեց ու Ադամին դրեց այնտեղ, եւ որն ամրացուած է սրովբէափակ պարսպով, հրեղէն սրով ու հրով": Երանելի Մակարիոսից այս լսելով՝ ահաբեկուեցինք եւ վախեցանք: Երեսնիվայր ընկած գոհացանք Աստծուց եւ Մակարիոսից, որ պատմեց մեզ Աստուծոյ սքանչելիքների մասին: Երեկոյեան նա ասաց մեզ. "Եղբայրնե՛ր, փոքր-ինչ յետ գնացէք, որովհետեւ ես երկու զաւակներ ունեմ, որոնք երեկոյից երեկոյ գալիս են ինձ մօտ: Ես վախենում եմ, որ նրանք վնասեն ձեզ որպէս օտարի եւ անծանօթի": Այնժամ մենք խոյս տուեցինք այդտեղից: Եւ ահա վազելով եկան երկու առիւծներ, քծնելով ընկան ծերի ոտքերն ու երկրպագեցին, իսկ նա, ձեռք դնելով նրանց վրայ, ասաց. "Որդեակնե՛ր, նրանք ինձ մօտ են եկել աշխարհի մարդկանց մօտից: Մի՛ վնասէք նրանց, որովհետեւ նրանք Աստուծոյ ծառաներ են": Եւ սուրբ ծերը ձայնեց մեզ՝ ասելով. "Մի՛ վախեցէք, եկէ՛ք ինձ մօտ, որ կատարենք երեկոյեան ժամի աղօթքը": Մենք մօտեցանք ահով եւ երկիւղով, իսկ երկու առիւծները եկան, խոնարհեցրին իրենց գլուխներն ու երկրպագեցին մեզ: Ապա կատարեցինք երեկոյեան փառաբանական աղօթքը եւ խաղաղութեան մէջ դադար առանք: Առաւօտեան, երբ միասին նստած էինք, ասացինք ծերին. "Հա՛յր սուրբ, պատմի՛ր մեզ, թէ երբ դու եկար այստեղ եւ որքան ժամանակ է, որ բնակւում ես այս տեղում": Այնժամ սկսեց պատմել. "Ես՝ տառապեալս, Հռոմից եմ, իշխանի որդի: Ինձ բռնութեամբ ամուսնացրին եւ երբ երեկոյեան կամեցան փակել ինձ առագաստի սենեակում, յիշեցի կուսութեան փառքի եւ անշաղախ մարմնի սրբութեան մասին, որի փափագն ունէի դեռեւս մանկուց: Եւ աղօթեցի Տէր Աստծուն՝ Իր կամքով հեռանալու եւ դէպի Իրեն ինձ առաջնորդելու համար: Ապա ծածուկ դուրս եկայ, փախայ եւ եօթ օր թաքնուեցի մի ծեր կնոջ տանը, մինչեւ որ դադարեցին ճանապարհներին ինձ որոնելուց: Նրանք գնացին նաեւ հեռու տեղեր՝ որոնելու եւ հարցնելու վանքերում ու պատուիրելու անապատականներին, որպէսզի նրանք չթաքցնեն ինձ եւ չպատժուեն արքունիքի կողմից: Ծնողներս գիտէին կուսութեան, սուրբ վարքի եւ մենակեցութեան ցանկութեանս մասին եւ խիստ զայրանում էին առ Աստուած ունեցած իմ կամքի համար, որովհետեւ տարուած էին աշխարհի հարստութեամբ: Եօթ օր յետոյ, օրհնելով ծեր կնոջը, ես գիշերը դուրս եկայ ու փախայ քաղաքից: Եւ Տէրն ալեւորի կերպարանքով ուղարկեց Ռափայէլ հրեշտակին: Ես ասացի նրան. "Ո՞ւր ես կամենում գնալ, հա՛յր": Եւ նա ասաց. "Ուր որ դու մտադիր ես գնալ, ես եւս այնտեղ եմ կամենում": Ասացի նրան. "Թող Տէրը մեզ ցոյց տայ կեանքի ճանապարհը": Ես գնում էի նրա յետեւից:

Գիւղերում հաց էինք խնդրում, ուտում էինք եւ գնում: Կարճ ասած՝ երեք տարի անց հասանք մի տեղ, որ հեռու էր այստեղից եօթ օրուայ ճանապարհի հեռաւորութեամբ, մտանք մի քարայր, հանգստացանք ու քնեցինք: Երբ ես արթնացայ ու ալեւորին չտեսայ, շատ տխրեցի ու լաց եղայ: Այնժամ ալեւորը դարձալ երեւաց ինձ ու ասաց. "Ես Աստուծոյ Ռափայէլ հրեշտակն եմ, որ առաջնորդեցի քեզ մինչեւ այստեղ: Մի՛ տրտմիր, այլ փառաւորի՛ր Աստծուն, որ անցար խաւար երկրի միջով ու տեսար Աստուծոյ սքանչելիքները: Այժմ գնա՛ ուղիղ ճանապարհով": Այս ասելով՝ նա անհետացաւ, իսկ ես սթափուեցի եւ օրհնեցի Աստծուն, որ պահեց ինձ Իր հրեշտակներով ու առաջնորդեց դէպի խաղաղ նաւահանգիստ: Հեռացաւ իմ տրտմութիւնը, եւ ես մխիթարուած ճանապարհ ընկայ: Ինձ պատահեց արածող մի ցիռ[2]: Ես  սանձեցի նրան արարիչ Աստուծոյ անունով եւ ասացի, որ ցոյց տայ ինձ ճանապարհը, եւ երկու օր նա գնաց իմ առջեւից, իսկ ես՝ նրա յետեւից: Նրանից յետոյ ինձ հանդիպեց մի մեծ եղջերու: Ցիռը յետ դարձաւ, եւ ես երեք օր գնացի եղջերուի յետեւից: Ապա պատահեց մի ահարկու վիշապ, իսկ եղջերուն գնաց իր տեղը: Ես վախեցայ վիշապից եւ սաստեցի նրան Աստուծոյ անունով, որպէսզի չվնասի ինձ, իսկ վիշապը կանգնեց իր պոչի վրայ եւ մարդկային ձայնով ասաց ինձ. "Բարո՛վ եկար այստեղ, Աստուծոյ Մակա՛ր ծառայ: Երկար տարիներ այս լեռը սպասում է քեզ: Այստեղ քեզ համար բնակութեան տեղ է պատրաստուած: Ռափայէլ հրեշտակապետն ինձ ցոյց տուեց քեզ եւ քո կերպարանքը ու յայտնեց ինձ քո անունը: Այժմ արի՛ իմ յետեւից": Նա գնաց իր պոչի վրայ, իսկ ես՝ նրա յետեւից: Նա ինձ բերեց քարայրի մուտքի մօտ եւ անհետացաւ աչքիս առաջից: Երբ ներս մտայ, տեսայ սատկած մի էգ առիւծ, եւ նրա վրայ ընկած երկու կենդանի կորիւններ: Ես, առիւծին դուրս հանելով, թաղեցի, իսկ երկու կորիւններին պահեցի, որոնք ինձ համար եղան զաւակների պէս": Եւ մինչ պատմում էր այս ամէնը, մի ագռաւ եկաւ՝ մի բլիթ բերանին, նստեց մեր մէջ, ապա բլիթը դրեց մեր առջեւ ու թռաւ: Ծերն ասաց. "Մինչեւ այսօր ագռաւն ամէն օր կէս նկանակ էր բերում, բայց այսօր նա բերեց նաեւ ձեզ համար: Այժմ նախ ուտենք Աստուծոյ պարգեւները, եւ ապա ես կը պատմեմ իմ մեղքերի մասին": Եւ երբ կերանք ու գոհացանք Աստծուց, ծերն ասաց. "Երբ ես եկայ այստեղ, տասնութ տարի յետոյ մի օր՝ օրուայ եօթերորդ ժամին սատանան եկել էր՝ ինձ փորձութեան ենթարկելու, բայց ես չճանաչեցի նրա խարդախութիւնը, որովհետեւ անհոգ էի դարձել ու մտածում էի. "Անցել եմ սատանայի բոլոր փորձութիւնները, որովհետեւ առել եմ անմահութեան հոտը, ոտք դրել սուրբ վայրերին եւ բնակուել աստուածատունկ դրախտին մօտիկ: Չարն ի՞նչ կարող է ինձ անել, որովհետեւ արժանացել եմ այստեղ հասնել": Ես անհոգ էի դարձել այս խորհուրդներով, իմաստուն չեղայ եւ չխնդրեցի Տիրոջը գիտակցել այս խորհուրդները, այլ անմտացայ անասունի պէս: Աներկիւղ լինելով՝ ապահով էի զգում պատերազմներից ու ինձ համարում էի սրբութեան հասած: Երբ դուրս եկայ քարայրից, սատանան իմ առաջ պայծառ եւ գեղեցիկ վարշամակ դրեց, իսկ ես՝ թշուառս, վերցրեցի այդ վարշամակը, դրեցի քարայրում եւ չմտածեցի. "Որտեղի՞ց է այս վարշամակն այստեղ՝ այս խոր անապատում": Եղկելիս չմտածեց, որ հնարաւոր չէ, որ այստեղ այդպիսի աշխարհիկ իր գտնուի: Ես չզգաստացայ, չաղօթեցի առ Աստուած՝ ցոյց տալու ինձ, թէ այդ որտեղից է: Միւս օրը դարձեալ ելայ անապատից եւ գտայ կանացի կարմիր կօշիկներ: Վերցնելով դրանք՝ դրեցի վարշամակի մօտ: Եւ ապշածս յիմարացայ, երեսիս խաչ չհանեցի, այդ պահին չյիշեցի Աստծուն, չքննեցի, թէ որտեղից է այն, եւ կամ ի՞նչ պատշաճ էր ձեռքս վերցնել այդպիսի բանը եւ քարայր մտցնել՝ այդ անպէտք եւ անպատշաճ իրերը համարելով որպէս թէ հարկաւոր բաներ: Երրորդ օրն առաւօտեան դարձեալ առանց երեսիս խաչ հանելու ելայ քարայրից եւ իմ դիմաց տեսայ մի կնոջ՝ զարդարուած պայծառ զգեստներով: Ես հարցրի նրան. "Ո՛վ կին, որտեղի՞ց եկար այստեղ": Եւ նա դառն արտասուքներով լաց եղաւ այնպես, որ ինձ եւս արտասուել տուեց: Նա ինձ ասաց. "Ես՝ գերիս ու թշուառականս, Հռոմ քաղաքից եւ հռոմէացի իշխանի դուստրն եմ: Իմ ծնողները ստիպողաբար ամուսնացրին ինձ եւ երեկոյեան, երբ կամեցան ինձ փեսայի հետ մտցնել առագաստի սենեակ, իմ ամուսինը, որը պսակուեց ինձ հետ, անհետացաւ: Երբ նա չգտնուեց, քիչ օրեր անց ես եւս փախայ իմ ծնողներից, բարձրացայ լեռը եւ մոլորուեցի ճանապարհներին ու անապատներում: Տասներկու տարի է, ինչ ես հալածւում եմ գազաններից ու դիւային երեւմունքներից: Այժմ Աստուած ինձ հանդիպեցրեց քեզ: Ես չգիտեմ, թէ որտեղ եմ": Եւ ես՝ տառապեալս եւ եղկելիս ամէն բանում, դարձեալ չխաչակնքեցի երեսս ու չյիշեցի Աստծուն՝ իմանալու, թէ ով է արդեօք ինձ երեւացողը: Այլ ապշելով յիմարացայ եւ հաւատացի կնոջը, յիշեցի այն հարսանիքն ու իմ մտքում ասացի. "Նա իմ կինն է, եւ հրաման չկայ, որ ես բաժանուեմ նրանից, քանզի եթէ Աստուած միաւորեց, պէտք չէ հեռանալ, եւ եթե Աստուծոյ հրամանը չլինէր, ապա սա ինչպէ՞ս կարող էր կտրել ու անցնել ճանապարհի այսքան դժուարութիւնը եւ կամ ինչպէ՞ս այստեղ գալով նա գտաւ ինձ՝ իր ամուսնուն":

Այնժամ բռնեցի նրա ձեռքից ու մտցրի քարայրը: Նա սաստիկ քաղցած էր: Եւ նրան տուեցի ծառերի ոստերի ծայրերը, իսկ նա վերցնելով դրանք՝ թուացեալ ցոյց էր տալիս՝ իբրեւ թէ ուտում է: Արտասուքներ էր հեղում եւ ճմլում իմ սիրտը, իսկ ես՝ յիմարացած, չէի խաչակնքւում: Եւ խորհուրդներիս վարանումից գլուխս դրեցի ու ննջեցի, իսկ կինը վեր կենալով ձեռքը տարածեց մերկ մարմնիս վրայ ու նուաճեց այն: Ես ամենեւին կանանց հանդէպ ցանկութիւն չէի ճանաչում, բայց նա արթնացրեց ինձ, տարաւ մարմինս դէպի ցանկութիւն, եւ ես բորբոքուեցի մեղքի մէջ: Եւ երբ գործեցի այդ անօրէնութիւնը, կինն անհետացաւ, եւ ես՝ թշուառականս, տեսայ, որ մենակ եմ: Ինչպէս ծանր քնից, սթափուեցի սատանայական պատրանքներից, ուշքի եկայ եւ գիտակցեցի իմ մեղքը, որ չար էր եւ յոյժ ծանր: Ես դուրս եկայ քարայրից ու երեսնիվայր ընկած ողբացի դառն արտասուքներով: Երկու առիւծները հեռացան ինձնից. նրանք էլ չէին գալիս ինձ մօտ ու չէին հնազանդւում, որովհետեւ իմացան իմ անօրէնութիւնը: Եւ ես՝ եղկելիս, չէի դադարում աղօթել ու աղաչել Աստծուն, որ ների իմ մեղքը եւ հնազանդեցնի ինձ երկու առիւծներին, որոնք որպէս թէ իմ զաւակներն էին: Եւ մարդասէր Աստուած չանտեսեց իմ պաղատանքները. ութ օր յետոյ երկու առիւծները վերադարձան ու ինձ հետ քարայր մտան: Ես հրամայեցի նրանց, եւ նրանք քարայրի անկիւնում իրենց ճանկերով երկու օր փոս փորեցին: Եւ երբ փորեցին մի մարդաչափ խորութեամբ, ես իջայ փոսը, տարածուեցի մեռելի պէս, եւ իմ խնդրանքով առիւծները հողը յետ լցրին ինձ վրայ ու թաղեցին: Ութ օր մնացի գբի մէջ՝ ծածկուած հողով, եղայ կաւի պէս ու չմեռայ: Ութ օր անց քարայրն ի վերուստ ճեղքուեց, նրա հետ նաեւ՝ իմ վրայի հողը: Ես տեսայ լոյսը եւ գոհացայ  Աստծուց, որ ջնջեց իմ մեղքերը: Մարմինս եղաւ առաջուայ նման, ամրացաւ նախկինի պէս, եւ ես դուրս եկայ: Ես զօրացայ, ոտքի ելայ, դուրս եկայ քարայրից եւ իմ առջեւում տեսայ հողի վրայ աճած դալար բոյսեր: Ծնրադրելով՝ ճակատս եւ ձեռքերս դրեցի գետնին, ատամներով կծոտեցի դալար բոյսերը, կերայ, յագեցայ ու զօրացայ: Աչքերս եւ ձեռքերս երկինք տարածած՝ ութ օր եւ ութ գիշեր ոչինչ չճաշակելով՝ աղաչեցի Աստծուն: Եւ ութ օր անց քարայրիս չորս անկիւններում լոյս տեսայ, իսկ լոյսի մէջ՝ արեգակից պայծառ լոյս, եւ այդ լոյսի մէջ՝ իմ Յիսուս Փրկչին՝ ծիրանի հագած: Նրա գլխին անպատմելի եւ անիմանալի պսակ կար: Որպէս օրհներգ՝ սքանչելի եւ զարմանալի ձայն էր ելնում Նրա բերանից: Նրա ձայնի հետ երկնքում թնդիւն եղաւ, եւ լսեցի, որ բիւրաւոր հրեշտակներ ասում էին. "Ամէն, ամէն, ամէն, յաւիտեանս յաւիտենից. ամէն": Եւ նոյն պահին Քրիստոս քարայրից երկինք վերացաւ: Երկնքից հրեղէն ամպ իջաւ, եւ մարեց պայծառ լոյսը, ապա հրեղէն ամպը երկինք վերացաւ, եւ կայծակներ, շանթեր ու որոտներ եղան: Լեռները, վէմերը, ծառերը, դաշտերը, գազանները եւ անասունները միաբերան աղաղակում էին՝ ասելով. "Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ, Զօրութիւնների Տէ՛ր": Ես՝ տառապեալս, ութ օր մնացի զարհուրած, ապշած եւ պապանձուած ու սքանչելի երեւմունքի ահից թմրած ու ակնապիշ եղած՝ սարսռում էի զարմանքից եւ հիացմունքից:

Ութ օր մնացի այդպէս անզգայ ու կիսամեռ: Երկու առիւծները եւս մնացին ընկած մեռելների պէս. նրանք չկանգնեցին, չկերան ու չքնեցին, ինչպէս որ ես: Ես հասկացայ, որ քարայրում ամպի եւ լոյսի մէջ իմ Փրկիչ Քրիստոսն էր, որ մաքրեց ու սրբեց քարայրը: Այդ օրուանից ես լաւ էի համարում մեռնելը, քան ապրելը, որովհետեւ գիտակցեցի, որ մարդը ոչինչ է: Ես զարմանում էի, թէ ինչպէս մեղաւորս եւ անարժանս արժանի եղաւ տեսնելու այդ սքանչելիքը: Այդ օրուանից մինչեւ այժմ անցել է վաթսուն տարի: Ես այդ ժամանակ քառասուն տարեկան էի, իսկ երբ եկայ այստեղ, քսաներկու տարեկան էի: Այժմ, եղբայրնե՛ր, լսեցիք, թէ ինչեր արեցի երկրի վրայ, որոնք պատմեցի ձեզ: Եթէ դուք կարող էք համբերել այս ամէնին, մնացէք այստեղ, իսկ եթէ ոչ, ապա թող Տէրն առաջնորդի ձեզ"»:

 

Իսկ ես՝ մեղաւոր Թէոփիլոսս, եւ ինձ հետ եղողները, լսելով այս պատմութիւնը, փառաւորեցինք Աստծուն, որովհետեւ Նա կատարեց մեր իղձն ու փափագը, արժանացրեց մեզ տեսնել անապատի բնակչին՝ երանելի Մակարիոս ծերին, խօսել նրա հետ, տեսնել ցանկալի դրախտի վայրերն ու առնել անմահարար անուշահոտութիւնը, որից զմայլուած՝ լիացանք քաղցրութեամբ եւ ուրախութեամբ: Եւ մենք ճիշտ համարեցինք վերադառնալ աշխարհ, որ Աստուծոյ կամքով էր ու լսողների օգտի համար պատմել երանելի ծերի եւ այն սքանչելիքների մասին, որ տեսանք: Երկու առիւծները գնացին սուրբ ծերի մօտ, իսկ նա իր երկու ձեռքերը դնելով նրանց վրայ՝ օրհնեց: Ապա առիւծները եկան նաեւ մեր առաջ եւ խոնարհութեամբ երկրպագեցին մեզ, իսկ մենք սուրբ ծերին ասացինք. "Պատուակա՛ն հայր, հրամայի՛ր մեզ վերադառնալ աշխարհ եւ պատմել քո մասին քաղաքներում, գաւառներում, անապատներում, եկեղեցիներում եւ Երուսաղէմում": Նա վեր կացաւ, աղօթեց մեզ համար, յանձնեց մեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսին, որպէսզի Նա առաջնորդի մեզ խաղաղութեան ճանապարհներին: Նրա հրամանով երկու առիւծները գնացին մեր առջեւից եւ առաջնորդեցին մեզ մինչեւ Ալեքսանդրոսի կամարը, որը փախուստի էր մատնել պարսից Դարեհ արքային: Ապա երկու առիւծները, խոնարհեցնելով իրենց գլուխները, երկրպագեցին մեզ եւ վերադարձան սուրբ Մակարիոսի մօտ: Իսկ մենք նրա աղօթքներով խաղաղութեամբ եւ թեթեւութեամբ վերադարձանք աշխարհ ու պատմեցինք սուրբ ծերի մասին ի փառս Քրիստոսի:

 

 

[1] Երկրորդ Մակարն է, որ կոչւում է Մակար Հռոմէացի:

[2] Վայրի էշ, իշավայրի: