ԵՐԱՆԵԼԻ ԵՒԱԳՐԻ ՎԱՐՔԸ (345-399թթ.)

Աստուծոյ հաւատարիմ ծառայ Եւագրիոսը, որը շատ բաներում երեւաց յոյժ զարմանալի եւ հռչակաւոր, ու նաեւ առաքեալների ու մարգարէների նմանութեամբ խելամուտ այր ամէն բանում, ծաղկեց ի փառս ամենասուրբ Երրորդութեան եւ պտղաբերեց ամէն տեսակ առաքինութիւններ: Ըստ որում՝ չկարողանալով ըստ արժանւոյն խօսել նրա մասին, հարկաւոր համարեցի ասել քիչը՝ ի շինութիւն ընթերցողների եւ յօգուտ ախորժալուր անձանց: Սուրբ Հոգու միջոցով շարադրեցի, թէ ինչպէս նա հասաւ Հեբրոնի հեռաւոր վայրերը, մեծ ճգնութեամբ երկնային բարիքներ գտաւ ու ճգնելով անապատում՝ վախճանուեց յիսունչորս տարեկանում եւ թէ, ինչպէս գրուած է, ամբողջովին սպանելով երկրաւոր անդամներն ու երկար ժամանակ ջերմեռանդ հաւատով կրելով Քրիստոսի խաչը՝ երանելին հասաւ մեծ շնորհների:

 

Ազգութեամբ պոնտացի էր, Իբերիա քաղաքից, բարեպաշտ երէցի զաւակ: Եղել է Կեսարիայի սուրբ Բարսեղ եպիսկոպոսի դպիրը եւ աչքի էր ընկնում իր լուսափայլ իմաստութեամբ: Երանելի Բարսեղի վախճանից յետոյ իմաստուն եւ սուրբ եպիսկոպոս Գրիգոր Նազիանզացին, տեսնելով նրա շնորհաշատ ճարտարութիւնը, ձեռնադրում է նրան սարկաւագների առաջնորդ: Այդ ժամանակներում Կոստանդնուպօլիս քաղաքում գումարուեց սուրբ եկեղեցական ժողովը, որին մասնակցելուց յետոյ երանելիները Եւագրիոսին յանձնեցին սուրբ Նեքտարիոս եպիսկոպոսին:

 

Երիտասարդ տարիքից նա հանդէս էր գալիս արիոսականների աղանդի դէմ եւ աստուածազգեստ բերկրութեամբ պտղաբերում Պաղատան մեծ քաղաքում՝ խօսքով պարտութեան մատնելով հերձուածողներին: Ոչ ոք չէր կարողանում յաղթել նրա իմաստութեանը եւ հոգուն, որով խօսում էր: Նա քաղաքացիների կողմից արժանացաւ պայծառափայլ պատուի, որի համար բարիատեաց եւ նախանձ սատանան մի կնոջ միջոցով գցեց նրան ցանկութեան փորձութեան մէջ, որը մեզ պատմեց նա ինքը: Քիչ օրեր անց նա պատահեց այդ կնոջը, որը բարձրատոհմիկ էր եւ յոյժ գեղեցիկ: Երկնչելով Աստծուց ու պատկառելով մարդկանցից՝ Եւագրիոսը, աչքի առաջ ունենալով յաւիտենական ամօթը եւ անվախճան տանջանքները, աղօթեց Աստծուն եւ աղաչեց, որ դադարի այդ անտանելի պատերազմը, որը յաղթահարել չէր կարողանում: Կինը յոյժ նեղում էր նրան ցանկութեան տարփանքով եւ այլեւայլ հնարքներով, սիրով եւ սպասաւորելով, իսկ նա, ասես կապուած կապանքներով,  չէր կարողանում ազատուել: Սակայն բարերար Աստուած լսեց նրա աղօթքները եւ չթողեց նրան փորձութիւնների մէջ: Յանկարծ տեսիլք երեւաց նրան, որում հրեշտակները, որ նման էին զինուորների, յափշտակեցին իրեն եւ տարան ասես դատաստանի առաջ: Երկաթէ օղը պարանոցին եւ շղթայուած ձեռքերով ու ոտքերով բանտարկեցին նրան՝ չյայտնելով իր յանցանքների մասին, բայց խղճմտանքն իրեն կարծել տուեց, որ կնոջ ամուսինն է ամբաստանել իրեն: Եւ մինչ չարչարւում էր այս նեղութեան մէջ, տեսաւ մեղաւորների, որոնք տանջւում էին իր առաջ տարբեր յանցանքների համար, որից աւելի զարհուրեց ու տարակուսեց: Եւ այս ամէնից յետոյ հրեշտակը երեւաց այլ՝ սիրելի եւ ծանօթ բարեկամի կերպարանքով ու ասաց նրան. «Տէ՛ր սարկաւագ, ինչո՞ւ ես բանտարկուել մեծ նեղութիւններով եւ կապուել այդպիսի մեծ շղթաներով»: Եւագրիոսն ասաց նրան. «Ի Քրիստոս ճշմարիտ եմ ասում՝ չգիտեմ»: Հրեշտակն ասաց նրան. «Մի՞թէ փոքր-ինչ ենթադրութիւն չունես»: Եւագրիոսն ասաց. «Կարծում եմ, որ այսինչ անունով եպարքոսն է չարախօսել ինձնից, եւ ես վախենում եմ, որ գուցէ կաշառուած իշխանը հրամայի տանջել ինձ»: Հրեշտակն ասաց նրան. «Եթէ լսես ինձ՝ քո բարեկամին, ապա պէտք չէ, որ բնակուես այս քաղաքում»: Եւագրիոսն ասաց նրան. «Միայն Աստուած կը փրկի ինձ այս փորձութիւնից: Բայց եթէ դարձեալ ինձ այս քաղաքում տեսնես, ապա իմացի՛ր, որ յիրաւի ես տանջանքների մէջ եմ»: Հրեշտակն ասաց նրան. «Եթէ այդպէս է, ապա երդուի՛ր Աւետարանով, որ կը հեռանաս քաղաքից ու կը փրկես քեզ, իսկ ես կ՚ազատեմ քեզ այդ տանջանքներից»: Եւ նա երդուեց Աւետարանի վրայ ու գիշերուայ մէջ իսկոյն արթնացաւ տեսիլքից: Յիշեց գիշերուայ տեսիլքի մէջ տուած երդումը եւ նոյն օրն իսկ իր կայքով ու ունեցուածքով նաւեց դէպի Երուսաղէմ, որտեղ ողջոյն տուեց սուրբ վայրերին, միաժամանակ նաեւ Հռոմի Մելինէ տիկնոջը:

 

Եւ սատանան դարձեալ խստացրեց նրա սիրտը, որովհետեւ դեռեւս երիտասարդ էր: Նա ցրուեց իր խորհուրդներով, որոնք չկամեցաւ յայտնել որեւէ մէկի, սկսեց փոփոխել հանդերձները, հպարտանալ ու սնափառել: Իսկ բոլոր եղականների Արարիչը՝ Աստուած, Ով չի կամենում որեւէ մէկի մեղանչելը, վեց ամիս նրան տառապել տուեց տենդով: Մաշուեց ու ցամաքեց նրա ամբողջ մարմինը, իսկ բժիշկները չկարողացան դարմանելու հնար գտնել: Հռոմի երանելի տիկինը եկաւ տեսակցելու նրան եւ ասաց. «Ես անհանգստանում եմ քո երկար հիւանդութիւնից, որդեա՛կ, որովհետեւ այն Աստուծոյ թոյլտւութեամբ է»: Եւ նա իր խորհուրդները խոստովանեց տիկնոջը: Տիկինն ասաց նրան. «Թէպէտ ես մեղաւոր եմ, սակայն կ՚աղօթեմ քեզ համար, որ Աստուած ապաշխարութեան ժամանակ տայ քեզ»: Զղջալով նրա խօսքերից՝ Եւագրիոսը սթափուեց եւ առողջացաւ: Գնաց դէպի Եգիպտոսի Նիտրիա լեռը, որտեղ երկու տարի բնակուելուց յետոյ գնաց աւելի խոր անապատ: Տասնչորս տարի ապրեց հիւղակում եւ բաւարարւում էր տասներկու ունկի հացով եւ կէս լիտր ձէթով: Ամբողջովին հրաժարուեց հեշտութիւններից եւ աշխարհի վայելքներից: Ողջ գիշերներն անց էր կացնում սաղմոսերգութեամբ եւ գետնի վրայ պառկելով: Օրուայ մէջ աղօթում էր հարիւր անգամ եւ տարուայ մէջ գրեց գրքեր բոլոր վանքերի համար, որոնք ջանում էր գրել նոտրագրի[1] նմանութեամբ: Տասնհինգ տարի անց սրբուեց իր մեղքերից եւ սթափուած կատարեալ խորհուրդներով՝ արժանացաւ Սուրբ Հոգու շնորհներին:

 

Այնուհետեւ, ինչպէս որ նա ինքն էր պատմում, պոռնկութեան դեւը դարձեալ սկսեց նեղել իրեն: Եւ մի խոր փոս փորելով՝ ձմեռուայ բոլոր գիշերները մերկ անց էր կացնում փոսում, որից ցրտահարուեց ամբողջ մարմինը: Քառասուն օր չմտաւ հարկի տակ, մինչեւ որ ամբողջ մարմնի կաշին եղաւ անասունի պէս:

 

Նրան նեղում էր նաեւ հայհոյութեան հոգին. ցերեկուայ մէջ երեւացին նրան երեք դեւեր՝ կղերիկոսների նմանութեամբ եւ նրա հետ վիճաբանեցին հաւատքի շուրջ: Նրանցից մէկն ասում էր, թէ ինքն Արիանոսն է, միւսը՝ Եւնոմիոսը, իսկ միւսն էլ՝ Ապողինարոսը: Սակայն նա իր իմաստութեամբ յաղթեց նրանց եւ հասկանալով փորձութիւնը՝ տարածեց իր ձեռքերը դէպի երկինք՝ առ Աստուած, եւ իսկոյն դեւերն աներեւոյթ եղան: Մէկ անգամ էլ նա կորցրեց եկեղեցու բանալիները, եւ Քրիստոսի անունով խաչակնքելով փականքի դիմաց՝ այն ինքն իրեն բացուեց իր առաջ:

 

Նա կրեց շատ տառապանքներ՝ ամէն տեսակ փորձութիւնների ենթարկուելով դեւերի կողմից, եւ թիւ չկար այս իրավիճակներին: Եղաւ, որ վախճանուեց նրա հայրը: «Իմ հայրը չի մեռել, - ասաց, - որովհետեւ իմ Հայրն անմահ է»:

 

Եւ երբ լրացան նրա կեանքի օրերը, ասաց եղբայրներին. «Երեք տարի է, ինչ չեմ նեղւում մարմնի ցանկութիւններից»: Այդքան տանջանքներից, նեղութիւններից եւ դեւերի անպատմելի փորձութիւններից, ինչպէս նաեւ այդքան ճգնութիւններով, անպակաս աղօթքներով ու բարի վարքով կրօնաւորելուց յետոյ նա պահեց հաւատքը եւ աւարտելով իր ընթացքը՝ Տիրոջ 399 թուականին, դեռ ծերութեան չհասած, հանգաւ նոյն անապատում ի Քրիստոս Յիսուս՝ ի Տէր մեր:

 

[1] Գրի տեսակ, հին նշանագիր: