Երանելի Յովհաննէս Կարճահասակը սկիտացի սուրբ հայրերի մէջ նշանաւոր մէկն էր՝ լի Աստուծոյ Սուրբ Հոգով, զարդարուած խոնարհութեամբ եւ իմաստութեամբ: Նա մանկուց աւագ եղբօր հետ երիտասարդ տարիքից կրօնաւոր եղաւ:
Սկզբում հնազանդութեան կարգով աշակերտեց թեբայեցի մի ծերի մօտ: Ծերը տնկեց մի չոր փայտ եւ ասաց Յովհաննէսին. «Ամէն օր ջրիր այդ փայտը, որպէսզի այն պտղաբերի»: Ջրի տեղը հեռու էր. երեկոյեան գնում էր՝ բերելու, եւ վերադառնում էր միայն առաւօտեան: Երեք տարի կատարելով հրամայուածը, փայտը դալարեց եւ պտղաբերեց: Ծերն այդ պտուղներից եկեղեցի բերեց ու եղբայրներին ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք հնազանդութեան պտուղները»:
Պատուական երէցներից մէկը, կամենալով մեծարել միասին ճաշող սկիտացի հայրերին, վեր կացաւ եւ նրանց բաժակով ջուր մատուցեց, սակայն բացի Յովհաննէսից ոչ ոք չհամարձակուեց նրանից ջուր վերցնել: Եւ երբ հարցրեցին նրան. «Դու, որ բոլորից կրտսերն ես, ինչպէ՞ս համարձակուեցիր երէցից ջուր վերցնել»: Եւ նա պատասխանեց. «Եթէ ես մէկին ջուր տայի, կ՚ուրախանայի, որ նա խմէր, որպէսզի վարձք ստանամ: Ուստի ջուրն առնելով՝ ես կամեցայ ուրախացնել նաեւ երէցին եւ ոչ թէ տրտմեցնել»: Եւ այս լսելով՝ բոլորը զարմացան:
Պատանեկութեան շրջանում, վառուելով կատարեալ առաքինութեան սիրով, Յովհաննէսն իր աւագ եղբօրն ասաց. «Կամենում եմ անհոգ լինել, ինչպէս հրեշտակները եւ միայն Աստծուն պաշտել ու փառաբանել»: Այս ասելով՝ հանեց կրօնաւորի հանդերձները եւ դիմեց անապատ: Սակայն եօթ օր յետոյ վերադարձաւ, բախեց եղբօր դուռը, եւ եղբայրը հարցրեց. «Ո՞վ ես դու»: Պատասխանեց. «Ես Յովհաննէսն եմ»: Եղբայրն ասաց. «Յովհաննէսը հրեշտակ եղաւ եւ այլեւս մարդկանց հետ չէ»: Շատ խնդրելուց յետոյ եղբայրը բացեց դուռը եւ ասաց. «Այժմ իմացի՛ր, որ մարդ ես, եւ աշխատի՛ր, որ ապրես»: Յովհաննէսն ասաց. «Թողութիւն շնորհիր, եղբա՛յր, որովհետեւ մեղանչեցի»:
Այս նոյն Յովհաննէսը խնդրեց Աստծուն, որ հեռացնի իրենից բոլոր կրքերը, որոնք պատերազմում են հոգու դէմ: Եւ երբ ստացաւ խնդրածը, գնաց մի ծերի մօտ եւ ասաց. «Ես մեծ հանգստի մէջ եմ, որովհետեւ ոչ մի պատերազմ չունեմ»: Իսկ ծերը նրան ասաց. «Գնա՛ եւ խնդրի՛ր Տիրոջը, որ պատերազմը վերադարձնի քեզ, որովհետեւ պատերազմելով հոգին հասուն է դառնում»: Եւ նա լսեց ծերին ու այնուհետեւ աղօթում էր՝ ասելով. «Տէ՛ր, տո՛ւր ինձ զօրութիւն՝ պատերազմների մէջ համբերելու եւ դիմանալու համար»:
Ոմանք եկան փորձելու Յովհաննէսին, որովհետեւ գիտէին, որ նա թոյլ չի տալիս իր մտքին խորհել երկրաւորը: Նրանք սկսեցին գոհանալ Աստծուց եւ ասել, որ այդ տարի առատ անձրեւներ եղան, եւ արմաւենիները փարթամացան: Երանելին ասաց նրանց. «Այդպէս է լինում նաեւ, երբ Սուրբ Հոգին իջնում է սուրբերի սրտերի մէջ. նրանք Աստուծոյ երկիւղով դալարում են, նորոգւում ու տալիս սաղարթներ եւ պտուղներ»:
Մի անգամ մէկը եկաւ նրա մօտ՝ խրատ լսելու, բայց երբ գնաց, մոռացաւ լսած խօսքը եւ դարձեալ եկաւ հարցնելու՝ անհանգստացնելու համար թողութիւն խնդրելով: Այնժամ Յովհաննէը մէկ ճրագից վառել տուեց բազմաթիւ ճրագներ եւ ասաց. «Մի՞թէ որեւէ բան պակասեց առաջին ճրագի լոյսից»: Եւ նա ասաց՝ ոչ: Յովհաննէսն ասաց. «Այդպէս էլ եթէ ամբողջ Սկիտէն գայ ինձ մօտ, դա ինձ չի հեռացնի Աստուծոյ սիրուց: Ուստի երբ կամենում ես, ե՛կ համարձակ»:
Նա ասում էր. «Եթէ մի թագաւոր կամենում է գրաւել մի քաղաք, նախ կտրում է նրանց հացն ու ջուրը, եւ նրանք, սովից նեղուելով ու տագնապելով, հնազանդւում են նրան: Այդպէս են նաեւ մարմնի ախտերը: Եթէ կրօնաւորը կենցաղավարի քաղցով եւ պահեցողութեամբ, թշնամիները կը տկարանան, եւ նրա հոգուց ախտերը կը հեռանան»:
Ասում էր նաեւ. «Պատուելով պատուենք Միակին՝ Աստծուն, եւ բոլորը կը պատուեն մեզ, իսկ եթէ արհամարհենք Նրան, ապա բոլորը կ՚արհամարհեն մեզ, եւ մենք կորստեան կը մատնուենք»:
Երանելու բոլոր խօսքերը լի էին իմաստութեամբ եւ տեսանելի օրինակներով յորդորիչ էին ամէնքի համար առաքինութիւններ՝ յատկապէս խոնարհութիւն եւ սէր ստանալու համար, որոնք նա իր մէջ ցոյց էր տալիս գործով, ինչպէս որ յայտնի է հայրերի վարքագրութիւնից:
Յայտնի չէ, թէ նա երբ է ննջել: Նա եղել է հին հայրերից մէկը, ընդ որում հայր Պիմէնը որպէս վկայութիւն առաջ էր բերում նրա խօսքերը, իսկ հայր Արսէնը եղել է այս Յովհաննէսի ձեռնասուն աշակերտը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: