Զեզ արդար եւ ուղիղ դատաւոր՝ ի մէջ սրբոց Քոց բարեբանիս.
Հարցն մերոց Աստուած օրհնեալ ես յաւիտեան:
Զքեզ որ ի հնոցն իջեր ապաւէն.
Խոնարհեալ ի գունդս մարտիրոսաց գովիս.
Հարցն մերոց Աստուած օրհնեալ ես յաւիտեան:
Զքեզ որ ահաւոր Թագաւոր յաւիտենից.
Այսօր ընդ դասս վկայից Քոց բարեբանեմք.
Հարցն մերոց Աստուած օրհնեալ ես յաւիտեան:
(Շարակնոց)
Վկայական հանդէսում պտուղներ տուած եւ պայծառացած վկաները՝ սիրեցեալ քոյր եւ եղբայր Եւղամպէոսն ու Եւղամպէուհին, որոնք իրապէս սուրբ ղամպարներ[1] եղան, ինչպէս որ իրենց անուանումն է, Բիւթանիայի Նիկոմիդիա քաղաքից էին եւ ապրել են Մաքսիմիանոս կայսեր հալածանքների տարիներին՝ Դիոկղետիանոսի գահակից Հերակլէսի եւ Դիոկղետիանոսի փեսայի՝ Արմենտարիոսի օրօք, եւ այս երկուսն էին, որ մէկը միւսից առաւել հալածանքներ էին բորբոքում:
Արդ, Մաքսիմիանոսը, կամենալով նորից տարածել հալածանքների դառը հրամանը, իր թագաւորութեան եօթերորդ տարում Դեմետրա չաստուածուհու հեթանոսական տօնին հրովարտակ ուղարկեց իր տիրապետութեան բոլոր գաւառներին, որն ունէր այս բովանդակութիւնը. «Մաքսիմիանոս ինքնակալ թագաւորս ողջոյն եմ հղում բոլորին, որ կան մեր թագաւորութեան քաղաքներում՝ ծառաներին եւ իշխաններին, մեծամեծներին եւ փոքրերին: Պատուական սինկղիտոսի եւ իմ կամքն է, որ երբ մեր հրամանագիրը հասնի ձեզ, արէոս ամսուայ նշանաւոր երրորդ օրը բոլորն ընծաներով եւ անուշահոտ խունկերով գնան Դեմետրա մեծ աստուածուհու տաճարը, որպէսզի ձեր մատուցած զոհաբերութիւնների եւ ընծաների շնորհիւ մեծ աստուածուհին հաշտուի մեր աշխարհի հետ: Իսկ եթէ մէկն ըմբոստանայ եւ հակառակուի մեր հրամաններին ու զոհ չմատուցի, աստուածների նախախնամութեամբ չարաչար տանջանքների կը մատնենք այդպիսիներին եւ զանազան կտտանքներով կը զրկենք կեանքից»:
Արդ, երբ այս անօրէն հրամանը տարածուեց ողջ Յունաց աշխարհում, քրիստոնեաները մեծ խռովքի եւ տարակուսանքների մէջ ընկան: Քանզի ոմանք, ենթարկուելով ալեկոծութեան եւ տկարանալով հաւատքի մէջ, ընկղմուեցին սատանայական կռապաշտութեան խորխորատներում, իսկ քաջասիրտները, հաստատուած ամուր Վէմի վրայ եւ յայտնապէս խոստովանելով Քրիստոսին, պանծալի էին դառնում վկայական մահուամբ: Շատերն էլ խոյս տալով թողեցին իրենց բնակավայրերը եւ բնակուեցին լեռներում ու քարայրներում՝ կեանքի կոչելով սուրբերի պատուիրանները եւ Եղիայի նախանձախնդրութեամբ փախան կռապաշտութիւնից, ինչպէս որ նա՝ Յեզաբէլի անօրէնութիւններից: Նրանցից էին Եւղամպէոսը՝ ուշիմ եւ իմաստուն պատանին ու իր քոյրը, որին ծնողներից որբանալուց յետոյ Եւղամպէոսը դաստիարակել էր քրիստոնէական հաւատով: Նրանք եւս խուսանաւել եւ թաքնուել էին Նիկոմիդիայի լեռների մի քարայրում: Պատահեց, որ մի օր փախստականները Եւղամպէոսին՝ որպէս ժիր պատանու, ուղարկեցին քաղաք՝ հաց գնելու եւ միաժամանակ տեղեկանալու հալածանքների մասին: Արդ, երբ պատանին քաղաք մտաւ, տեսաւ շատերին, որոնք հոծ բազմութեամբ գնում էին կուռքերի տաճար, որովհետեւ հեթանոսների նշանակած տօնի օրն էր: Եւ մինչ ակնապիշ նայում էր քաղաքի պարսպի սեանը փակցրած հրովարտակին ու զարմանում անմիտ մարդկանց մտքի կուրութեան վրայ, քաղաքի հսկիչները, մօտենելով նրան, ասացին. «Ո՛վ պատանի, ինչո՞ւ ես զարմացած կանգնել եւ չես գնում մեծ աստուածների տաճար՝ զոհ մատուցելու նրանց, ինչպէս բոլոր մարդիկ: Չգիտե՞ս, որ այսօր աստուածների մեծ տօնն է»: Իսկ նա, ծաղրի ենթարկելով նրանց խօսքերը, չկամեցաւ քաղաք մտնել, այլ շտապեց վերադառնալ եղբայրների մօտ՝ պատմելու ինչ որ տեսաւ: Հսկիչները, իմանալով, որ նա քրիստոնեայ է, գնացին երանելի պատանու յետեւից, բռնեցին նրան եւ ծեծելով հարցրին, թէ որտեղից է: Եւ երբ նա խոստովանեց իր քրիստոնեայ լինելը, կապեցին նրան, տարան քաղաքի Մաքսիմոս դատաւորի առջեւ եւ ասացին. «Մենք սրան գտանք քաղաք մտնելիս: Նա կամենում էր շատերին յետ պահել աստուածներին զոհ մատուցելուց, եւ այդ պատճառով մենք բռնեցինք նրան ու բերեցինք ձերդ մեծութեան առջեւ, որպէսզի արժանապէս դատուելով՝ հնազանդուի եւ երկրպագի աստուածներին»: Երբ դատաւորը տեսաւ նրա պատանի հասակը եւ գեղեցկատես արտաքինը, կամեցաւ պատրանքով եւ հրապուրելով որսալ նրան, ուստի սաստեց նրան բերող մարդկանց եւ ասաց. «Անպիտաննե՛ր, ինչո՞ւ այդպէս յանդգնաբար կապեցիք դրան: Այդպիսի գեղեցկութիւնն արժանի չէ թշնամանքի, այլ՝ պատուի: Արձակէ՛ք դրան եւ մի՛ վախեցրէք, որպէսզի խաղաղութեամբ իմանամ, թէ ով է, որտեղից է եւ կամ ինչո՞ւ է անտեղի մատնուել մեր դատողական աթոռին: Քանզի արժան չէ զուր տեղը սպանել մեկին, եւ ինքնակալներն էլ դա չեն հրամայել մանաւանդ նրանց համար, ովքեր զոհ են մատուցում աստուածներին»:
Այս ասելուց յետոյ մօտեցաւ մէկը, որի անունն Ապողոն էր եւ արձակեց Եւղամպէոսի ձեռքերը: Այնժամ դատաւորն ասաց նրան. «Ո՛վ պատանի, ասա՛ ինձ, ի՞նչ է քո անունը, ծառա՞յ ես, թէ՞ ազատ»: Սուրբ պատանին պատասխանեց՝ ասելով. «Իմ ծնողներն ինձ Եւղամպէոս են կոչել, եւ ես ծառան եմ միակ Աստուծոյ, որ երկնքում է, իսկ մարդկային առումով ազատ եմ»: Դատաւորը նրան ասաց. «Եւ ինչո՞ւ սովորական մարդ լինելով՝ չես հնազանդւում ինքնակալներին ու զոհ չես մատուցում աստուածներին»: Եւղամպէոսը պատասխանեց նրան. «Ո՞ր աստուածներին պէտք է զոհ մատուցեմ»: Դատաւորն ասաց. «Դիային, Ապոլոնին եւ յատկապէս մեծ Դեմետրային, որի տօնն է»: Եւղամպէոսն ասաց. «Յոյժ մոլորուած ես, ո՛վ դատաւոր՝ դէպի կորուստ տանողներին աստուածներ կոչելով, քանզի Դիա անունը նշանակում է կորստեան սկիզբ, իսկ Ապոլոն նշանակում է իրենց հնազանդուող անձանց կործանում»: Դատաւորը պատասխանեց. «Եւղամպէո՛ս, ճիշտ չես անում, որ հրապարակաւ թշնամանում ես աստուածների հետ: Գուցէ նրանք բարկանան եւ չարաչար պատժեն քեզ»: Իսկ սուրբն աներկիւղ համարձակութեամբ ասաց. «Հեթանոսների աստուածները դեւեր են, մարդկանց ձեռքի գործեր: Եւ նրանց նման կը լինեն բոլոր նրանք, ովքեր կը ստեղծեն եւ իրենց յոյսը կը դնեն դրանց վրայ»: Այնժամ բարկացած դատաւորն ասաց. «Դու գրաւեցիր ինձ քո արտաքին գեղեցկութեամբ, որի համար ես գթացի քեզ, սակայն կարծում ես, թէ լիովին կը խաբուե՞մ քեզնով: Չգիտե՞ս, որ աստուածներն իրենք կը բարկանան քո չարաչար հայհոյութեան համար: Փոխարէնն արժան էր նրանց զոհեր մատուցել: Եւ այժմ ես մարդասիրապէս յորդորում եմ քեզ, ընծաներով գնա՛ տաճար, որպէսզի նրանք հաշտուեն քեզ հետ»: Եւղամպէոսն ասաց. «Ո՛վ անզգամ եւ անմիտ, աստուածները, որ չունեն զգայարաններ եւ միտք, ինչպէ՞ս կարող են բարկանալ մէկի վրայ կամ հաշտուել»:
Այնժամ դատաւորը հրամայեց մերկացնել նրան, տարածել գետնի վրայ ու հարուածել նախ գաւազաններով եւ ապա արջառաջլերով, որպէսզի ակամայ խոստովանի աստուածներին: Երկար տանջեցին սուրբին, սակայն նա, արհամարհելով տանջանքները, ամենեւին պատասխան չէր տալիս: Ապա հոգոց հանեց, բացեց իր բերանն ու սկսեց աղօթել՝ ասելով. «Աղաչո՛ւմ եմ Քեզ, Յիսո՛ւս Քրիստոս, Աստուծոյ Միածի՛ն Որդի, Արարի՛չ երկնքի եւ երկրի, Դու Քո սուրբ չարչարանքներով բժշկեցիր Ադամի խոր վէրքերը, անլոյծ կապանքներով կապեցիր կորուստ տանող զօրապետին եւ Քո սիրոյ պատուիրաններով հաստատեցիր Քո սուրբերի դասերին: Դու փրկեցիր ինձ բանսարկուի տանջանքներից, չար խորհուրդներից սուրբ պահեցիր մարմնիս անդամներն ու միտքս եւ թոյլ չտուեցիր նրան տիրել իմ իմանալի[2] զգայարանների վրայ: Աղաչո՛ւմ եմ քեզ, Փրկի՛չ աշխարհի, փրկի՛ր ինձ այս Մաքսիմոս բռնաւորից, անկողոպտելի պահիր իմ հոգու գեղեցիկ զարդը եւ հեռացրո՛ւ ինձնից նրա սպառնալիքների ահը, որպէսզի Քո ամենայաղթ զօրութեամբ յաղթեմ հակառակորդին եւ Քեզնից ընդունեմ Քո սիրելիներին խոստացած բարիքները»:
Սուրբի այս խօսքերից տանջողները դադարեցին հարուածել եւ ուժասպառ եղան, իսկ երանելին աւելի ու աւելի զօրացաւ Սուրբ Հոգով: Դատաւորը հրամայեց նրան կանգնել ու սկսեց դարձեալ ողոքել իր պատրիչ խօսքերով եւ ասել. «Տե՛ս, ո՛վ պատանի, թէ աստուածները որքան ներողամիտ են քո հանդէպ, թէպէտ դու չար խօսքերով հայհոյում ես նրանց»: Սուրբը պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ դատաւոր, ինչո՞ւ այդքան անմիտ լինելով՝ չես ճանաչում Աստուծոյ զօրութիւնը եւ այն վերագրում ես կորստեան տանողներին: Չգիտե՞ս արդեօք, որ Նա զօրացնում է ոչ միայն քրիստոնեաներիս, Որին հաւատքով ապաւինեցինք մանկուց, այլեւ այժմ հեթանոսներից Իրեն դարձողներին իսկոյն թիկունքից օգնութեան է հասնում: Եւ եթէ դու եւս ապաւինես Նրան, կը վայելես Նրա բարիքները, եւ Նա կ՚ընդունի քեզ»:
Բարկացած դատաւորը հրամայեց կախել նրան ու քերել մարմինը: Մինչ դահիճները քերում էին, երանելին սկսեց բարձրաձայն աղօթել՝ ասելով. «Յաւիտենակա՛ն Թագաւոր, Տէր Յիսո՛ւս Քրիստոս, որ ամէն բան հետեւում է Քո հրամաններին, եւ ոչինչ անհնար չէ Քո կարողութեանը, լսի՛ր ինձ եւ ցո՛յց տուր Քո զօրութիւնն այս անմիտ մարդուն, որպէսզի բոլորն իմանան, որ ճշմարիտ են այն պարգեւները, որ տալիս ես համբերողներին»: Այս ասելուց յետոյ թուլացան դահիճների ձեռքերը, որոնք քերում էին նրա կողերը, իսկ Քրիստոսի նահատակն ամենեւին չէր զգում տանջանքները:
Դատաւորը հրամայեց իջեցնել նրան կախաղանից եւ երկար պարաններով ամուր կապել ոտքերի եւ ձեռքերի ծայրերից, որից նրա մարմինն սկսուեց ճարճատուել: Երկար ժամեր երանելին ամուր կապուած էր եւ ոչ մի պատասխան չէր տալիս բռնաւորի հարցումներին, այլ միայն անձայն օրհնում էր Աստծուն: Ապա դատաւորն արձակել տուեց նրան եւ սկսեց խօսել նրա հետ՝ ասելով. «Մի՛ հակառակուիր ինքնակալի հրամանին, այլ հնազանդուի՛ր եւ զոհ մատուցիր աստուածներին, որպէսզի կորստեան չմատնուես»: Երանելին պատասխանեց. «Ես պիղծ դեւերին զոհ չեմ մատուցի: Ես միայն երկրպագում եմ Տէր Յիսուս Քրիստոսին, Ով խաչուեց ինձ համար»: Մաքսիմոս դատաւորն ասաց. «Ահա դու յայտնի դարձրիր քո անմտութիւնը, որովհետեւ երկրպագում ես Խաչուածին»: Եւղամպէոսն ասաց. «Ի՞նչն է քեզ արգելում իմանալ Նրա յարութեան նշանների պատմութիւնը, եթէ ոչ մտքիդ կուրութիւնը: Քանզի գրուած իսկ է, թէ Նա գայթակղութիւն է հրեաների եւ յիմարութիւն հեթանոսների համար, իսկ Քրիստոս մեզ համար Աստուծոյ զօրութիւն է եւ Աստուծոյ իմաստութիւն»: Մաքսիմոս դատաւորն ասաց. «Արդարեւ, ինչպէ՞ս կարող է Աստուած խաչուել»: Եւղամպէոսն ասաց. «Իսկ ինչպէ՞ս կարող են աստուածներն ու աստուածուհիները քարեղէն լինել»: Մաքսիմոսն ասաց. «Նայի՛ր երկնքին եւ տե՛ս լուսափայլ արեգակին ու աստղերի լուսաբեր բոյլերին, որոնց կամենում ես թողնել ու մեռնել»: Եւղամպէոսն ասաց. «Ո՛վ դատաւոր, ինչպէ՞ս է, որ տեսնում ես երկինքը, լուսնին, արեգակին եւ աստղաբոյլերին, բայց չես ճանաչում նրանց Արարչին կամ չե՞ս մտածում, որ երբէք արեգակը չի ստեղծել լուսնին, կամ էլ լուսինն՝ աստղերին: Բոլոր երեւացող եւ աներեւոյթ արարածները ստեղծուել եւ պահւում են Աստուծոյ խօսքով, իսկ Ինքն՝ Արարիչը, անեղ է եւ անսահման ու բնակւում է անմատոյց լոյսում»: Մաքսիմոսն ասաց. «Մի՞թէ այլ մէկի կողմից են ստեղծուել լուսաւորները եւ մի՞թէ ամէն բան, որ կայ նրանց ներքոյ, նրանց կողմից չեն արարուել»: Մաքսիմոսն ասաց. «Քա՛ւ լիցի, որ տարերքներին աստուածներ կոչեմ, քանզի այդ լուսատուները եւս տարրեղէն են»: Մաքսիմոսն ասաց. «Ցո՛յց տուր ինձ քո Աստծուն, եւ ես կը համոզեմ ինքնակալին»: Եւղամպէոսն ասաց. «Մի՞թէ արդէն չասացի, որ Աստուած անտեսանելի եւ անիմանալի է եւ նստում է երկինքներից վեր, ինչպէ՞ս կարող են մարդիկ տեսնել Նրան: Նա Ինքն է, որ տեսնում է ամէն բան եւ նախախնամում Իր բարերարութեամբ, իսկ արարչական բնութիւնից ոչ ոք չի կարող տեսնել: Բայց եթէ կամենում ես ճանաչել Նրան Իր սքանչելիքներով, լսի՛ր, եւ ես կը պատմեմ քեզ: Արեգակը ծագում է ոչ թէ երբ ինքն է կամենում, այլ երբ Արարիչն է հրամայում: Լուսինն ու աստղերը լուսաւորում են ոչ թէ երբ կամենում են, այլ երբ Հրաշագործողն ինքն է ակնարկում: Ամպերը հաւաքւում կամ ցօղ են իջեցնում երկրին ոչ թէ երբ կամենում են, այլ երբ կառավարւում են: Ծովն ալեկոծւում կամ հանդարտւում է ոչ թէ իր կամքով, այլ երբ հրաման է առնում Տիրոջից: Մարդն առողջանում է ոչ թէ երբ կամենում է, այլ երբ Արարիչն է հրամայում»: Մաքսիմոսն ասաց. «Թո՛ղ ճարտասանութիւնդ եւ խնայի՛ր պատանեկութիւնդ: Մօտեցի՛ր՝ երկրպագելու աստուածներին եւ բարեկամ եղի՛ր ինքնակալներին ու կ՚իշխես շատերին»: Եւղամպէոսն ասաց. «Եւ ո՞ր աստուածներին պիտի երկրպագեմ»: Մաքսիմոսն ասաց. «Արդէն ասացի՝ Դիային, Ապոլոնին եւ մեծ Դեմետրային»: Եւղամպէոսն ասաց. «Քո աստուածները կը ցանկանա՞ն, որ տեսնեմ իրենց»: Այս լսելով՝ դատաւորը, չիմանալով սուրբի մտքինը, շատ ուրախ եղաւ, որի համար իր առջեւ կանգնածներին ասաց. «Այդ պատանին, որը յոյժ արժանի է աստուածներին, պատուով առէք ու տարէք արքունի սենեակ, որպէսզի վաղը բոլորի հետ մտնի աստուածների տաճար եւ զոհ մատուցի նրանց»:
Ապա հրամայեց յայտարարել քաղաքում, որ յաջորդ օրն, ըստ տօնական օրուայ կարգի, բոլորը հաւաքուեն տաճարում, որովհետեւ դատաւորն ինքը եւս մտադիր է գալ: Երբ մարդկանց բազմութիւնը հաւաքուեց մեհեանում, ժամանեց նաեւ դատաւորն իր իւրայիններով: Եւ երբ բերեցին նաեւ երանելի Եւղամպէոսին, նա կանգնեց անշունչ կուռքերի արձանների դիմաց ու բոլորի առաջ բարձրաձայն ասաց. «Ասացէ՛ք ինձ, ո՛վ քարեղէն եւ փայտեղէն արձաններ, կամենո՞ւմ էք ուտել, ըմպել, հոտոտել կամ փառաւոր հանդեձներ հագնել»: Ապա դառնալով դատաւորին՝ ասաց. «Տե՛ս, թէ ինչպէս են լռում քո աստուածները, նրանք կանգնած են եւ երբէք չեն նստում կամ ելնում: Արդ, ի՞նչ բաներով կարող ենք ուրախացնել դրանց, քանզի եթէ քնար նուագենք, նրանք չեն լսի, եթէ զոհի մսից մօտեցնենք նրանց բերանին, չեն ճաշակի, եթէ երկրպագենք նրանց, չեն տեսնի, եթէ հարուածենք նրանցից մէկին, ոչինչ չեն կարող անել եւ ոչ էլ կարող են ինքնակալին օգնութեան կանչել: Իսկ եթէ դուք վրէժխնդիր էք լինում ձեր կուռքերին վնասելու համար, ապա աստուածներն ինչպէ՞ս կարող են վրէժխնդրութեան համար մարդկանց կարիքն ունենան, կամ ինչպէ՞ս կարող են մարդկանց պահպանել, եթէ իրենց կեանքն է մարդկանց պահպանութեան ներքոյ: Արդ, ո՛վ դատաւոր, տե՛ս, թէ որքան ունայն են ձեր պաշտամունքները»:
Դատաւորը զարմացաւ սուրբի իմաստութեան վրայ եւ ասաց. «Դու, որ լեռնաբնակ եւ գազաններին խօսակից մէկն ես, ինչպէ՞ս ես ճարտասանել սովորել, որով անարգելով աստուածներին՝ զարմացրիր բոլորին»: Եւղամպէոսն ասաց. «Շատ զարմանալի չէ, որ տեղեակ չես քրիստոնէութեան աստուածային իմաստութեանը, որովհետեւ յոյժ խաւարած ես Աստուծոյ պատուիրանների լոյսից, քանի որ Տէրն է տալիս իմաստութիւն եւ Նրա երեսից է գիտութիւնն ու հանճարը»: Այս ասելով՝ սուրբ պատանին աչքերը երկնքին յառած լուռ աղօթեց, ապա կնքեց իրեն սուրբ Խաչի նշանով եւ դարձաւ Դիայի արձանին՝ ասելով. «Խո՛ւլ եւ հա՛մր արձան, քեզ եմ ասում մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, ընկի՛ր եւ կտոր-կտոր եղիր»: Այս ասելուն պէս արձանն ընկաւ, կոտրուեց եւ մանրափոշի դարձաւ: Մարդկանց բազմութիւնը, նրանց հետ նաեւ դատաւորը, սարսափած տաճարից դուրս վազեցին: Ամբոխից շատերն աղաղակեցին եւ բարձր ձայնով ասացին. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը», եւ ողջ քաղաքը դղրդաց:
Բազմութեան մէջ կար մի կոյս, որի անունը Եւղամպէուհի էր, եւ որը սուրբ վկայ Եւղամպէոսի քոյրն էր: Երբ նա լսեց, որ եղբօրը բռնել եւ չարչարանքների են մատնել Քրիստոսի անուան համար, եկել էր հաւատքով չարչարանակից լինելու նրան, թէպէտ մատաղահասակ էր (եղբայրը մօտ քսանամեայ էր, իսկ քոյրը՝ ոչ աւելի, քան տասնհինգ տարեկան): Կատարուած հրաշքից եւ մարդկանց աղաղակից յետոյ աղջիկը դուրս վազեց ամբոխի միջից, փարուեց սուրբ պատանու պարանոցին եւ ասաց. «Եղբա՛յր իմ, Եւղամպէո՛ս, յիշի՛ր, որ մեզ նոյն մայրն է ծնել, նոյն ստինքներից ենք սնուել եւ նոյն քաղաքում մեծացել: Այժմ պէտք է, որ մենք միասին թաղուենք, եւ նոյն հողը ծածկի մեզ, որովհետեւ մեծ է մեր Տէր Աստուածը, Որին դու ընտրեցիր, ընտրեա՛լդ Նրա կողմից: Թող Նա քեզ հետ ընդունի ինձ եւս՝ զօրացնելով վկայութեան մրցապայքարում, որովհետեւ մեծ է Նրա զօրութիւնը: Եղբա՛յր իմ, մի՛ մերժիր ինձ այն պարգեւներից, որ պատրաստուած է քեզ համար: Աղօթի՛ր ինձ համար, որ ես եւս արժանանամ քո համբերութեանը, որպէսզի Աստուծոյ Արքայութեան մէջ հաղորդ լինեմ քեզ համար պատրաստուած փառքին»:
Դատաւորը, որն ապշել էր յանկարծահաս սքանչելիքից, որ եղաւ Եւղամպէոսի ձեռամբ, խիստ զարմացաւ նաեւ նրա քրոջ՝ Եւղամպէուհու անսպասելի խօսքերից եւ հրամայեց նրանց երկուսին հսկողութեան տակ պահել: Երեք օր անց, նստելով ատեանում, հրամայեց իր առջեւ բերել երանելի կոյսին: Ասաց նրան. «Ասա՛ ինձ, աղջի՛կ, ի՞նչ է քո անունը եւ ինչ պաշտամունք ունես»: Կոյսը պատասխանեց. «Այժմ իմ անունը քրիստոնեայ է, իսկ իմ ծնողներն ինձ Եւղամպէուհի են կոչել՝ համանման իմ եղբօր Եւղամպէոս անուան, որի միջոցով ճանաչել եմ ճշմարտութիւնը: Նաեւ ըստ դասի՝ ազատ եմ, բայց այժմ Քրիստոսի աղախինն եմ»: Մաքսիմոսն ասաց. «Տեսնում եմ քո գրաւիչ գեղեցկութիւնը եւ քո խօսքերի համեստութիւնը, որի համար ողորմում եմ քեզ եւ յորդորում, որ այժմ մօտենաս ու զոհ մատուցես աստուածներին: Մի՛ հնազանդուիր այն կախարդին, որը յիմարացրեց եւ հեռացրեց քեզ նրանց սիրուց»: Եւղամպէուհին ասաց. «Ինչ դու յիմարութիւն ես կոչում, նոյն բանի համար ես աղօթում եմ առ Աստուած՝ չհեռանալ այդ ճշմարտութիւնից, այլ միշտ մնալ իմ Փեսայի եւ երկնաւոր Թագաւորի սիրոյ մէջ, ինչպէս որ իմ սուրբ եղբայրն ու վարդապետը»: Բարկացած դատաւորը դահիճներին ասաց. «Ապտակէ՛ք դրան, որպէսզի խրատուի եւ այդպէս անամօթաբար չխօսի մեր առաջ»:
Ապա հրամայեց բերել նաեւ երանելի պատանի Եւղամպէոսին: Եւ երբ նա եկաւ, ասաց նրան. «Մի՛ մնայ նոյն յամառութեանդ մէջ, այլապէս մօտ է մահուանդ ժամը. քեզ համար աւազանում ջուր է եռում, եւ դու պիտի այրուես դրա մէջ»: Բռնաւորը հրամայել էր ջուր եռացնել մի մեծ կաթսայի մէջ եւ սպառնում էր նահատակին նետել այնտեղ: Իսկ սուրբ Եւղամպէոսը, կնքելով իրեն սուրբ Խաչի նշանով, ինքնակամ մտաւ կաթսայի աւազանի մէջ, եւ տարածելով իր ձեռքերը՝ երեք մանուկների պէս սկսեց փառաւորել Աստծուն եւ բարձրաձայն երգել նոյն օրհնութեան երգը: Տեսնելով այդ՝ սրբուհի Եւղամպէուհին ձայնեց նրան եւ ասաց. «Աղօթի՛ր նաեւ ինձ համար, Քրիստոսի՛ ծառայ, որովհետեւ ես եւս կամենում եմ քեզ մօտ՝ աւազանի մէջ մտնել»: Եւ կնքելով իր բոլոր զգայարանները՝ վազեց դահիճների մօտից եւ մտաւ աւազանը: Սուրբ Հոգով լցուած երկու երանելիները եռացող ջրի մէջ սկսեցին միաբերան աղօթել՝ ասելով. «Մեր Տէր Յիսո՛ւս Քրիստոս, Աստուծո՛յ Որդի, Դու անճառելի Քո սուրբ անունը Քո սուրբ առաքեալներին միջոցով վերագրեցիր քո հաւատացեալներին եւ մեզ քրիստոնեաներ անուանեցիր: Հրեշտակների եւ բոլոր անուանակոչուածների Աստուա՛ծ, որ վեր ես, քան բոլոր անունները, պահպանի՛ր Քո հօտը եւ հալածի՛ր նրանց յափշտակող գայլերից: Ընդունի՛ր եւ մեզ, մարդասէ՛ր Տէր եւ խառնի՛ր քո սիրելիների հետ: Երկնաւոր նեղ դռնով մտցրո՛ւ մեզ Քո անմահ Արքայութիւնը, որպէսզի մենք եւս իմաստուն կոյսերի հետ արժանի լինենք փառաւորել անմահ Փեսայիդ, որովհետեւ Քեզ, Քո Հօրը եւ կենդանարար Սուրբ Հոգուդ վայել է փառք այժմ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Այսպէս աղօթելուց յետոյ երանելիներն ամբողջովին անվնաս դուրս եկան աւազանից եւ կանգնեցին դատաւորի առջեւ: Այս տեսնելով՝ մարդկանց բազմութիւնն սկսեց աղաղակել եւ ասել. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը: Մենք հաւատում ենք Նրան եւ մեր անձերը քրիստոնեայ ենք խոստովանում»: Այս բանից դառնացած բռնաւորը հրամայեց գլխատել բոլորին՝ շուրջ երկու հարիւր հոգու, որոնք մկրտուելով իրենց արեամբ՝ նահատակուեցին եւ պսակուեցին Քրիստոսի կողմից:
Ապա դատաւորը երանելի Եւղամպէոսին ասաց. «Ամբարտաւա՛ն մոգ, դու չբաւականացար քո կորստեամբ եւ քեզ հետ կորստեան տարար շատերին, մանաւանդ դեռատի այդ աղջկան»: Եւղամպէոսն ասաց. «Անզգա՛մ եւ նենգամի՛տ դատաւոր, շողոքորթելով դու չես կարող կորստեան տանել Քրիստոսի սուրբ հարսին, որովհետեւ ով ամէն բանի համբերում է, Աստուած զօրավիգ է լինում նրան»: Այնժամ բարկացած դատաւորը հրամայեց փորել երանելու աչքերը, ապա դառնալով կոյսին՝ ասաց նրան. «Ահաւասիկ ես խաւարեցրի այդ կախարդի աչքերը, որը կուրացրեց քեզ աստուածների սիրուց: Այժմ մօտեցի՛ր եւ զոհ մատուցիր դրանց, որովհետեւ հիմա ոչ ոք քեզ չի խանգարում»: Սուրբ Եւղամպէուհին ասաց. «Ո՛վ անամօթ, այդքան սքանչելիքներ տեսնելուց յետոյ դեռեւս ջանում ես խաբել մեզ խորամանկութեա՞մբ»: Սրտմտած դատաւորը հրամայեց կախել նրան գլխի մազերից եւ երկաթէ ճանկերով քերել նրա կողերը: Մինչ տանջանքների մէջ էր, սուրբ կոյսն աղօթում էր իր Փրկչին՝ ասելով. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, օգնի՛ր ինձ եւ փրկի՛ր Քո աղախնուն այս անօրէնի ձեռքից»: Երկար տանջանքների մէջ նա ոչինչ էր համարում այն, ինչ կրում էր իր երկնաւոր Փեսայի սիրոյ համար, իսկ սուրբ Եւղամպէոսը քաջալերում էր նրան եւ ասում. «Զօրացի՛ր, քո՛յր իմ եւ Քրիստոսի՛ հարս, որովհետեւ ահաւասիկ երկնաւոր Փեսայի օգնականութիւնը հասել է քեզ»: Այս բանից դատաւորն աւելի բարկացաւ եւ հրամայեց գետնի վրայ բեւեռել չորս ցցեր ու դրանց վրայ ոտքերից ու ձեռքերից կապել երանելի Եւղամպէոսին, կողերի տակ խեցիներ լցնել եւ լանջի վրայ ծանր քար դնել: Ապա հրամայեց կախաղանից իջեցնել սուրբ կոյսին եւ քարերով հարուածել նրա ծնօտին: Սրբուհին ոչ մի պատասխան չէր տալիս բռնաւորին, այլ միայն աղօթում էր Աստծուն՝ նահատակութեան այդ մարտահանդէսում մինչեւ վերջին պահն իրեն օգնական լինելու համար:
Իսկ երանելի Եւղամպէոսը, մինչ այդպէս կապուած էր, դատաւորին ասաց. «Ո՛վ դատաւոր, չե՞ս տեսնում, որ այս տանջանքներին տոկալ եւ կրել է տալիս ոչ թէ մարմնի բնութեան զօրութիւնը, այլ վերին օգնականութիւնը, որովհետեւ ահաւասիկ քո տանջանքները բթացան, եւ քո դահիճները տկարացան, իսկ մենք դեռ ամրակազմ ենք աստուածային զօրութեամբ»:
Դատաւորը հրամայեց նրանց բանտ տանել, ապա երեք օր անդադար բորբոքել տուեց հնոցը: Երանելիներին բերեցին եւ երբ նրանց մտցրին հնոցի մէջ, մեծ սքանչելիք եղաւ, որը տեսան շատերը: Աստուծոյ հրեշտակն իջաւ հնոցի մէջ, կրակի բոցը հեռացրեց նրանցից եւ ասես բուրաստանի մէջ՝ սուրբերի հետ պար բռնած շրջում էր հնոցում, ու նրանք երեք մանուկների պէս գովաբանում եւ փառաւորում էին Աստծուն:
Երբ դատաւորը տեսաւ այս սքանչելիքը, մոլեգնեց եւ եղածը կախարդութիւն համարեց: Ապա հրամայեց դուրս բերել նրանց հնոցից ու նրանց գլխատելու վճիռ արձակեց: Դահիճները նրանց տարան այնտեղ, ուր սպանում էին մահապարտներին: Սուրբերը դահիճներին խնդրեցին մի փոքր թոյլ տալ՝ աղօթելու իրենց Տէր Աստծուն: Եւ երբ թոյլատրեցին, սուրբերը, դէպի արեւելք դարձած, տարածեցին իրենց ձեռքերը եւ սկսեցին աղօթել՝ ասելով. «Փա՛ռք Քեզ, սուրբ Հա՛յր, որ փրկեցիր մեզ խաւարի իշխանութիւնից, Քո Սուրբ Հոգով առաջնորդեցիր դէպի Քո Միածնի փառքի լոյսը եւ արժանացրիր մեզ հասնել այս օրուան, որում պատրաստւում ենք մկրտուել Քո սիրելի Որդու Արեան մկրտութեամբ եւ ըմպել Նրա չարչարանքների բաժակից: Աղաչո՛ւմ ենք Քեզ, պահապան եղի՛ր մեզ նաեւ այս ժամին, որպէսզի թէ՛ հոգով, թէ՛ մարմնով եւ թէ՛ մտքով անթերի կատարենք բարերար Տիրոջդ ողջակիզուած մեր վկայութեան պատարագը: Ողորմի՛ր բոլոր Քեզ հաւատացողներին, որոնք հաւատքով Քո առաջ բարեխօսեն կը դարձնեն Քեզ համար հեղուած մեր արիւնը եւ փրկի՛ր նրանց հոգու եւ մարմնի բոլոր վտանգներից, որովհետեւ միայն Դու ես ամենազօր ամէն բանում, եւ Քեզ, Քո Միածնին եւ արարածներին կենդանացնող ու Քեզնից բխող Սուրբ Հոգուն վայել է փառք այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Ապա երանելիները խոնարհեցրին իրենց պարանոցները, եւ դահիճներն իսկոյն գլխատեցին նրանց: Եւ սա կատարուեց Տիրոջ 291 թուականի հոկտեմբերի 10-ին՝ Մաքսիմիանոս կայսեր թագաւորութեան եօթերորդ տարում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Եւղամպէոսի ու Եւղամպէուհու յիշատակը տօնում է սուրբ Խաչի երրորդ կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը՝ սուրբ Դաւիթ Դւնեցու հետ:
[1] Ջահ, լոյս, կանթեղ:
[2] Մտքով ըմբռնելի, հոգեղէն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: